Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԵՆԴԼ»-ը միջազգային մակարդակի է. Վասիլի Ցականով

Նոյեմբեր 30,2012 13:14

«Սա հաջող ընթացքով մեգա ծրագիր է, այն թռիչքաձեւ զարգացում կունենա: Մասնագետների լուրջ խումբ ունենք, որոնք պատրաստ են աշխատել ծրագրի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ՔԵՆԴԼ» նախագծի ընթացքը. ներկան եւ զարգացման հեռանկարները ներկայացրեց  ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը:

Ինչպես նա տեղեկացրեց` 2008թ. դեկտեմբերի 4-ին ընդունվեց «Հայաստանում «ՔԵՆԴԼ» 3 գէվ էներգիայով 3-րդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով «ՔԵՆԴԼ»-ին տրվեց գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ:

Պրոֆեսորը նշեց, որ նախագծի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ են վարվել Ֆրանսիայի Էներգետիկայի դեպարտամենտի հետ, Չինաստանի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի հետ եւ այլոց հետ:

«ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովի խոսքով` ծրագիրը մշակվել է 10 տարի եւ աշխարհում մեծ կիրառություն ունի. «Ծրագիրը միջազգային մակարդակի է, որը օժանդակություն է ստացել աշխարհի տարբեր լաբորատորիաներից: Այն հնարավորություն կտա գիտնականներին անել հետազոտություններ կիրառական ոլորտում»:

«ՔԵՆԴԼ» ծրագիրն իրենից ներկայացնում է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուր: Համալիրն ուլտրամանուշակագույնից մինչեւ ռենտգենային ալիքի երկարության լայն տիրույթում հզոր, ունիկալ լուսային հոսքի մոտ 40 կայանի հնարավորություն կունենա, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրել ցանկացած տեսակի նյութի կառուցվածք՝ բջջից մինչեւ ատոմային մակարդակը:

«ՔԵՆԴԼ» սինքրոտոնային լույսի աղբյուր ստեղծելու ծրագիրը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Ունենալով արագացուցիչ՝ Հայաստանը տարածաշրջանում կդառնա գիտության ոլորտում առաջատար երկիր, կապահովի իր ծանրակշիռ տեղը եւ ամուր հիմքերի վրա կդնի գիտատեխնիկական համագործակցությունը զարգացած երկրների հետ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930