Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթել են միայն երեխաները

Դեկտեմբեր 12,2012 10:21 Share

Հանրապետականը պատրաստվում է կեղծել նախագահի ընտրությունները արդեն ավանդական եղանակով: Տարբերությունը թվերի մեջ է:
Եթե 2008թ. 500-700 հազ. քվե «էն գլխից» ուներ իր գրպանում արտագաղթողների հաշվին, ապա 2013թ. փետրվարի 18-ին մտադիր է այդ թիվը հասցնել 0,8-1 միլիոնի: Չմոռանանք, որ ԵՄ ղեկավարի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հավատացրել էր, որ 2013թ. ընտրությունները լինելու են աննախասդեպ ժողովրդավարական: Պարզ է, չէ՞, որ այդ հայտարարությունից առաջ նա տիրապետում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի տվյալներին՝ Հայաստանում կա 2,485 միլիոնից ավելի ընտրող: Ես այսպես եմ կարծում՝ մարդը, հավանաբար, չի խաբում, այդքան ընտրող կարո՛ղ է լինել երկրում՝ նախ զբոսաշրջիկները, որոնք անկասկած, մեր երկրից անպակաս են, երկրորդ՝ արտագաղթողները, որոնք քաղաքացիությունից չեն հրաժարվել, երրորդ՝ բառերը, այսինքն՝ անպատասխանատվությունը բառերի հանդեպ՝ մարդն ասում է մտքով անցածը:

Ո՞վ կարող է դա վիճարկել, եթե արդեն անիմաստ է վկայակոչել Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալը՝ Հայաստանի բնակչության թիվը 2,870 միլիոն է: Այսինքն՝ 0-ից մինչև 18 տարեկանները մեր երկրում 400 հազար են: Այսինքն՝ արտագաղթում են հիմնականում քվեարկելու իրավունք չունեցողները: Այսինքն՝ երեխաները: Այսինքն՝ պարոն Հովհաննես Քոչարյանը ակնարկում է, որ հայ ծնողների մոտ անպատասխանատվության նոր որակ է ի հայտ եկել: Նրանք իրենց ծծկեր կամ չափահաս, բայց դեռ քվեարկելու իրավունք չունեցող երեխաներին երկրից դուրս են ուղարկում, բայց իրենք մնում են, որպեսզի իրենց քվեն անտեղի չկորի: Ես հակված եմ կարծելու, որ պարոն Քոչարյանի երեխաները նույնպես Հայաստանում չեն, քանզի իսկապես հարց է, եթե քվեարկելու իրավունք չունես, քեզ ի՞նչն է պահում այս երկրում: Արժե ապրել այս կյանքը Հայրենիքում, եթե դու 0 տարեկանում քվեարկելու իրավունք չունես: Անձամբ ես համոզված եմ՝ այդպիսի երկրում ապրել չարժե, կյանքն այնտեղ զրոյացված է, կաթը՝ հարամված: Եթե ես լինեի, ասենք, 0,5 տարեկան, երկու ձեռքս առաջ կպարզեի և իմ հարազատ մայրիկից կպահանջեի ինձ դուրս հանել այս երկրից, տանել այնպիսի երկիր, որտեղ իմ ոչ հոդաբաշխ բառերը, իմ ձեռքի շարժումները մի քիչ քվե կենթադրեն: Ես, կարծում եմ, մայրս, որ դեռ կարգին չի հասկանում՝ երբ եմ սոված, երբ է քունս տանում, և երբ եմ ուզում խաղալ, անկասկած կհասկանա, թե երբ եմ ուզում հեռանալ այս երկրից՝ երբ պարզվում է, որ քվեարկելու իրավունք չունեմ: Ես պատկերացնում եմ, թե իրեն ինչպես է պահում թոթովախոս մանկիկը, երբ ծնողների զրույցից հասկանում է, որ ինքն այս երկրում քվեարկելու իրավունք չունի:

Բայց ահա թե որտեղ է խնդիրը: Երկրում կա 0-ից մինչև 18 տարեկան 400 հազար քվեարկելու իրավունք չունեցող երեխա: Ի՞նչ են անում նրանք այս երկրում, ինչի՞ մասին են մտածում նրանց ծնողները, և ի՞նչ են մտածում այդ երեխաները՝ հատկապես 0-ից 10 ամսականները: Մնացել են, որ ի՞նչ անեն: Այս երկրի ինչի՞ն են պետք այս երեխաները, եթե չեն քվեարկելու: 400 հազարն անկասկած քիչ է քվեարկելու իրավունք ունեցողների թվի հանդեպ, բայց շատ է, որպեսզի ՀՀԿ թեկնածուն ջախջախիչ հաղթանակ տանի մոտակա 0,1 տոկոս քվեի հավակնող երկրորդ տեղի թեկնածուի համեմատ: Ես առաջարկում եմ, որ 400 հազար երեխաների ծնողները շտապ մի բան մտածեն և իրենց երեխաների ներկայությամբ չփչացնեն նախագահի առաջիկա ընտրությունների աննախադեպ ժողովրդավարական ընթացքը: Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ կմտածի միջազգային հանրությունը մի երկրի մասին, որտեղ բոլորը քվեարկելու իրավունք ունեն: Ինձ համար էականն այն է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի համար երկրում չգտնվի գոնե նրա օգտին քվեարկելու պատրաստակամություն չհայտնած գոնե կես երեխա, հատկապես 0-ից 10 ամսականները:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31