Այսօր «Ֆորում» ակումբում ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը հարցին՝ արդյոք չունե՞նք լուրջ քաղաքական գործիչներ, որ քաղաքական պայքարում կարող են հայտնվել էպոսագետներ ու նման մարդիկ՝ պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում նախագահի թեկնածուն չի բավարարում այն չափանիշներին, որոնք կան քիչ թե շատ կա իրենց պատմությունը հարգող ժողովուրդների մեջ: Նախագահը պետք է լինի բանիմաց, պետք է լինի գրագետ, հեղինակություն, հեղինակավոր քաղաքական գործիչ, ում խոսքը միարժեք է: Նա չի գործում միայն երկրի ներսում, նա արտաքին քաղաքականության պատասխանատուն է: Նա պետք է տիրապետի իր երկրի պատմությանը, իր լեզվին եւ մշակույթին: Հաճախ նախագահի անձը դառնում է օրինակ՝ դաստիարակելու ե՛ւ երեխաներին, ե՛ւ մատաղ սերնդին: Ես չեմ ուզում իմ երկրի նախագահի բերանից հնչի որտեւ, պտի, խնդռներ…դրանք հայերեն չեն եւ սազական չեն: Այդպիսի թեկնածու կա Հայաստանում, իսկ մնացած թեկնածուները, ես կարծում եմ, որ որոշները փորձում ենք ինքնահաստատվել, հայտնի դառնալ»:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մշտական արտահայտությանը, որը դարձել է քննարկման առարկա՝ «այս մասին՝ հաջորդ դասին», տիկին Թադեւոսյանն ասաց, որ նման բան ասում են դպրոցականները. «Ես այդ մակարդակով խոսակցությունները մերժում եմ»:
Ըստ Զոյա Թադեւոսյանի, պահանջները ՀՀ նախագահի համար այնքան են իջել, որ ցանկացած ոք կարող է իրեն նախագահ զգալ մեր երկրում. «Երբ ժողովրդվարական հռչակած քաղաքական ուժը խոսում է ֆավորիտի մասին, դա գալիս է ասելու, որ ավտորիտար օլիգարխիկ քաղաքական ուժ է այդ ուժը: Ինչքան էլ ունի լծակներ՝ երկրում իշխանավարելու, միեւնույն է, ժողովրդավարությունը չպետք է անձնավորեն, չպետք է տեսնեն մեկ անձի մեջ: Եթե ֆավորիտ է՝ տարեք ձեր տուն, բայց հանրության մեծամասնության համար դա ֆավորիտ չէ: Իրենք են արձանագրել, որ Հայաստանում աղքատությունը հասել է 35 տոկոսի: Այսինքն, գոնե հասարակության 35 տոկոսի համար նա ֆավորիտ չի կարող լինել: Բացի այդ, կա նաեւ քաղաքացիական հասարակություն, որը դժգոհություններ ունի ու չի կարող նրանց համար ֆավորիտ լինել: Այս ամենը հաշվի առնելով՝ հանգում ենք նրան, որ ֆավորիտ է ընդամենը կուսակցության անդամների համար, ընդ որում, այն նեղ անդամների, ովքեր մշտապես օգտվում են կերակրամանից»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: