Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին. «Դա այնպիսի հարց չէր, որ կոնսենսուսով էր պետք ընդունել»

Դեկտեմբեր 29,2012 10:17

ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը հաստատում է այն տեղեկությունը, որ երեկ ՀԱԿ-ը նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ ընդունած որոշումը կայացրել է ոչ ամբողջական կազմով՝ խախտելով ՀԱԿ-ում որոշումների ընդունման սահմանված կարգը: Galatv.am-ի հետ զրույցում Թադևոսյանը նշեց, որ ինքը մասնակցել է քաղխորհրդի նիստին: Հարցին՝ ճի՞շտ է արդյոք այն, որ, ինչպես նշում է ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը, նիստին մասնակցել են ՀԱԿ-ի կազմի 15 կուսակցություններից 5 կամ 6-ը, Թադևոսյանն ասաց.

«Բայց ինքն էլ չի մասնակցել, ինքը որտեղի՞ց այդ թիվը գիտի: Անկեղծ ասած, հիմա չեմ կարող հաշվել, 5-6 չէ, բայց 7-8 հաստատ է: Գասպարյան Մանուելն էր բացակայում, նրա մորն էին վիրահատում, բայց ինքը, կարծեմ, իր համաձայնությունը տվել էր»,- նշեց նա:

Հարցին՝ բայց չէ՞ որ ՀԱԿ-ը սովորաբար կոնսենսուսով է կայացնում իր որոշումները և փաստորեն այս անգամ խախտել է կարգը, Թադևոսյանը պատասխանեց.

«Դա այնպիսի հարց չէր, որ կոնսենսուսով էր պետք ընդունել, ներկաներով որոշեցինք նման հայտարարություն անել: Ինքը (Գիմիշյանը) չի ուզում միանալ այս հայտարարությանը, թող չմիանա, ի՞նչ աղմուկ բարձրացնելու կարիք կա»,- նշեց նա:

Բայց չէ՞ որ եթե մասնակցեր և դեմ լիներ, որոշումը չէր ընդունվի. մեր դիտարկմանը Թադևոսյանն ասաց, որ իրենք զանգահարել են Գիմիշյանին, և պարզվել է, որ նա Վրաստանում է: Սակայն չէ՞ որ կարող էիք նրանից իմանալ իր կարծիքը այդ որոշման վերաբերյալ, ինչպես ընդունված է ՀԱԿ-ում, Թադևոսյանն արդեն չցանկացավ այլևս պատասխանել.

«Հարցաքննությո՞ւն է սա, ես ԿԳԲ-ո՞ւմ եմ: Ես իմ փոխարեն կարող եմ ասել, ես եղել եմ, ես համաձայն եմ եղել, վերջացավ, թող Գիմիշյանը իրեն վերաբերող հարցերը պարզի, ես իմ ընկերների մասին հարցերին արդեն հոգնել եմ պատասխանելուց»:

Այն դիտարկմանը, թե խոսքը ՀԱԿ-ի որոշում ընդունելու կարգի մասին է և ոչ միայն Գիմիշյանի, այլև մյուս կուսակցությունների, որոնք չեն հրավիրվել քաղխորհրդի նիստին, ՀԱԿ անդամն ասաց.

«Դա ՀԱԿ-ի ներսի խոհանոցի գործն է, նախ կարիք չկա դա դուրս բերել և մեծ բան սարքել, և երկրորդն էլ՝ ես իրավասու չեմ ուրիշի փոխարեն պատասխաններ տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31