Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպարդյեի «արկածները» Ռուսաստանում

Հունվար 07,2013 14:18

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն շաբաթ օրը կարճատեւ այցով Սոչիում էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր նստավայրում անձամբ դերասանին է հանձնել Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը։

Սոչիից Դեպարդյեն մեկնել է Սարանսկ, որտեղ նրան դիմավորել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը։ Ֆրանսիացի դերասանին նույնիսկ բնակարան են նվիրել Մորդովիայի մայրաքաղաքում, ավելին` առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը, որից Դեպարդյեն հրաժարվել է։
Թեեւ դերասանը արդեն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, ֆրանսիական քաղաքացիությունից նա կարող է հրաժարվել միայն մեկ տարուց` ըստ Երրորդ հանրապետության օրենքների։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը համարում է, որ սա Պուտինի թիմի մասշտաբային PR-միջոցառում է, որի արդյունքում բոլորը` թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում, սկսել են խոսել միայն Դեպարդյեի մասին։

«Սա այնքան էլ պարզ պատմություն չէ։ Հայտնի չէ, թե ով է առաջինը դիմել` Դեպարդյե՞ն է առաջինը դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, թե՞ ռուսներն են իրեն առաջինը առաջարկել` սա հայտնի չէ։ Փաստ է, որ դիմել է Ռուսաստանի քաղաքացիության համար, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիությունից նա կարող էր հրաժարվել միայն մեկ այլ երկրի քաղաքացիություն ունենալուց հետո», – նշել է Վենեդիկտովը։

Նրա խոսքերով` շատ ավելի հետաքրքիր է, թե այս պատմությունից ինչ են ստացել Ռուսաստանի իշխանությունները. – «Սա շատ դիպուկ PR-քայլ էր, սա իսկապես լավ PR-ակցիա է, հաջողված` Կրեմլի համար»։

Դեպարդյեն նկարահանվում է ռուսական ֆիլմերում, նա կատարել է Ռասպուտինի դերը ռուս – ֆրանսիական ֆիլմում, պատրաստվում է նկարահանվել Պուգաչովի դերում ռուսական ֆիլմում, նկարահանվել է ռուսական գովազդներում։ Ֆրանսիացի դերասանը Ռուսաստանում հաճախ է մասնակցում փառատոնների, նույնիսկ` կորպորատիվ երեկույթների։

Վերջերս էլ Ժերար Դեպարդյեն Ուզբեկստանի նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի հետ երգ է ձայնագրել։

Ազա ԲԱԲԱՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031