Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանին խնդրում է նամակը Ազգային ժողովում բարձրաձայն կարդալ

Հունվար 09,2013 13:19

Պռոշյան փողոցի բնակիչ 64-ամյա Նորիկ Եփրեմյանն ու նրա 11 հոգանոց ընտանիքը «բլոկադայի» մեջ են հայտնվել այն օրվանից ի վեր, ինչ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը ոտք է դրել այդ թաղամաս:

Քաղաքացին «Առավոտին» ուղղված նամակում գրում է. «Մենք մեր ընտանիքով մինչ այժմ քվեարկել ենք հանրապետականների օգտին՝ միաժամանակ 7 տարի տառապում ենք բռնության, անօրինության դեմ եւ անօգուտ։ Մարդը, որը նոր հայտնվել է մեր թաղում, որոշել է, որ թաղին պետք չէ ճանապարհ, երկու կողմից եկող երկու փողոցի ճանապարհը վերցրել է եւ փակել ու իրեն տուն դարձրել։ Իսկ մենք մնացել ենք առանց ելք ու մուտքի։ Հրդեհի, շտապ օգնության, աղբատար, շինարարական մեքենաներ, սեփական մեքենա չի կարող ելումուտ անել, խանութի, դպրոցի ճանապարհ նույնպես չի մնացել: Եվ այդ մարդն այժմ հանրապետականների շարքում է, որպես պատգամավոր՝ օրենքներ է ընդունում։ Այն մարդը, որը իրեն հռչակել է բարեգործ, ունի անհամար հարստություն, այժմ ամեն առավոտ-երեկո անեծքներ է ընդունում իր հասցեին: Օգտվելով ամենաբարձր արտոնություններից՝ նա թքած ունի հասարակ ժողովրդի իրավունքների վրա: Ասացե՛ք խնդրեմ, հարգելի պատգամավորներ, մենք մի՞թե պայքարեցինք եւ մաքառեցինք մեր հայրենիքի համար, որ այսօր այսպիսիները մեզ հասցնեն այս օրին։ 75 տարվա փողոցը փակեն եւ թքած ունենան մյուս ապրողների վրա։

Այդ գեղեցիկ վարքի տերը նույն ինքը Արտակ Սարգսյանն է՝ պատգամավոր բարեգործ, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատերը։

Սկզբում պայմանավորվեց, որ մեր տների հարցը կլուծի, կգնի, եւ մենք կտեղափոխվենք, հետո գտավ, որ «քցելն» ավելի դյուրին է իր համար։

7 տարի ինքը իր համար թագավորական պալատներ շինեց եւ 2 ճանապարհների խաչմերուկում փակելով թթվածինը՝ կյանքը մեզ համար դարձրեց դժոխք, ինքը իր համար անհոգ ապրում է։ Իսկ մենք րնկել ենք բողոքների ետեւից, մարդիկ տուն են շինում, բարգավաճում, կյանքն են վայելում, մենք մեր միսն ու կյանքն ենք ուտում։

Կիսակառույց 2 հարկանին մնացել է անավարտ, հին տները 60% վերանորոգելու կարիք ունեն, առանց ճանապարհ անհնար է։

Վերջերս ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 1-ժամյա ելույթը լսելուց հետո ինձ թվաց, որ հատուկ գրված է մեր աղա Արտակի համար։ Ամեն ինչ մանրամասն ասվեց քաղաքացու իրավունքների եւ ոտնահարողների մասին (ավաղ, միայն ասվում է)։ Չորս անգամ դիմել եմ ՀՀ նախագահին, 2 անգամ նամակը հանձնել եմ անձամբ Սերժ Ազատիչին։

Արդարադատության նախարարությունը, դատախազությունը կամ չեն պատասխանում, կամ խորհուրդ են տալիս դիմել դատարան։ Ինչո՞ւ են տուժողին ուղարկում դատարանները կամ այլ կառույցներ, ինչո՞ւ ինքը՝ աղա Արտակը, հանգիստ ապրում է, իսկ մենք ընկել ենք բողոքների հետեւից, որը ոչ մի օգուտ չի բերում այս անօրեն երկրում։ Նա կյանքն է վայելում, իսկ մենք կյանքն ենք մաշում բողոքներով։ Ում էինք վատություն արել, որ Աստված մեզ հանդիպեցրեց այս դաժան պատգամավորին։

Ես, որպես Հայաստանի քաղաքացի, ուզում եմ ապրել իմ հայրենիքում, իմ տան մեջ, 75 տարվա հայկական օջախում՝ սեփական ուժերով, սեփական հալալ քրտինքով, 4 երեխաներով եւ 6 թոռներով: Պարոն Հովիկ Աբրահամյան, խնդրում եմ կարդալ այս նամակը Ազգային ժողովում բարձրաձայն»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031