Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը մտավ գործարքների դաշտ իշխանության տարբեր թեւերի հետ եւ տանուլ տվեց

Հունվար 10,2013 13:21

Ըստ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ անազնվությունը հրապարակային խոսքով եւ գործողություններով սահմանվեց որպես գրեթե բացարձակ քաղաքական կատեգորիա։

– 2012 թվականը արտաքին քաղաքականության տեսանկյունից կարելի՞ է հաջող տարի համարել Հայաստանի համար: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ եվրոպական կառույցների, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունները անցնող տարում:

–  Արդեն բավական երկար ժամանակ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը  պայմանավորված է հիմնականում երկու գործոնով՝ նախ գործող իշխանության վերարտադրման եւ ներկայիս քաղաքական համակարգի պահպանման համար, եթե ոչ՝ արտաքին աջակցության ապահովման, ապա գոնե հնարավոր խոչընդոտների, «սպառնալիքների»  չեզոքացման խնդիրը եւ արտաքին ուժերի, կառույցների հաճախ իրարամերժ թելադրանքների միջեւ մանեւրելը:

Չէի ասի, որ 2012-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ այս տեսանկյունից տարբերվել է նախորդ տարիներից: Համագործակցությունը տարբեր եվրոպական կառույցների, ՆԱՏՕ-ի հետ ընթացել է համագործակցության ծրագրերի շրջանակներում, ԵՄ-ի հետ մի քիչ ավելի ակտիվ եւ արդյունավետ, ՆԱՏՕ-ի հետ՝ ավելի պասիվ, իրականացվել են միջոցառումներ, ստորագրվել են համագործակցությունը խորացնող փաստաթղթեր: Նույնը տեղի է ունեցել ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում: Համարել այդ գործընթացները նվաճում կան հաջողություն, որն ամրապնդել է ՀՀ դիրքերը եւ վարկանիշը միջազգային ասպարեզում, ես չեմ կարող, առավել եւս, որ մասնավորապես՝ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում տեղի ունեցած զարգացումներն ըստ էության սահմանափակել են Հայաստանի ինքնիշխանությունը եւ դարձել խոչընդոտ այլ կառույցների, պետությունների հետ մեր համագործակցության զարգացման:  Այս առումով 2012-ը ավելի է խորացրել հակասություններն այդ երկու ուղղությունների միջեւ, փոքրացրել դրանց միջեւ մանեւրելու հնարավորությունը եւ ներկայիս պայմաններում ավելի խոցելի դարձրել Հայաստանը:

– Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանություններին կհաջողվի՞ խուսափել կամ ԵՄ, կամ Եվրասիական միություն ընտրությունից, կհաջողվի՞ մանեւրել: Հայաստանը ներկայումս ԵՄ-ի հետ ազատ առեւտրի ասոցիացիայի պայմանագրի կնքման հետ կապված գործընթացի մեջ է մտել, մյուս կողմից՝ Եվրասիական միության եւ Մաքսային միության շուրջ գործընթացներ են ծավալվում, եվրոպացի դիվանագետները մի քանի կոշտ հայտարարություններ արեցին Հայաստանի՝ այս հարցում ընտրության վերաբերյալ: Կդրվի՞ նման ընտրության պահանջ իշխանությունների առջեւ կամ՝ դրվա՞ծ է արդյոք:

– Վաղ թե ուշ Հայաստանը ստիպված է լինելու  հստակեցնել իր դիրքորոշումը եւ ընտրություն կատարել: Արդյոք արդեն դրվա՞ծ է նման ընտրության ֆորմալ պահանջ, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, բայց այդ պահանջը ենթադրվել է ի սկզբանե, եւ այսօրվա իրականությունն այնպիսին է, որ այդ ընտրությունը նախ եւ առաջ վերաբերելու է ոչ թե՝ Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան կողմնորոշման, այլ անկախությո՞ւն, ինքնիշխան համագործակցությո՞ւն, թե՞ բացարձակ հպատակություն խնդրին: Ներկայիս Ռուսաստանը երբեք չի հանդուրժի հորիզոնական հարաբերություններ արդի Հայաստանի հետ, իսկ Արեւմուտքի համար ՌԴ-ից վերջնականապես, արդեն իսկ ինստիտուցիոնալ ձեւով վասալային կախվածության մեջ հայտնված Հայաստանը ոչ միայն ոչ մի հետաքրքրություն այլեւս չի ներկայացնի որպես գործընկեր, այլ նաեւ կդիտարկվի որպես տարածաշրջանում  լարվածության մշտական աղբյուր, իսկ որոշակի զարգացումների դեպքում՝ նույնիսկ անվտանգության սպառնալիք:  Այն, թե երբ այդ ընտրությունը կատարելու պահը կգա, ցավոք սրտի՝ այսօր կախված է ոչ թե Հայաստանի իշխանություններից կամ ՀՀ քաղաքացիների կամքից եւ ընտրությունից, այլ նրանից, թե ինչպիսին կլինեն Մոսկվայի եւ Արեւմուտքի քաղաքական օրակարգերը, ինչ արագությամբ եւ խորությամբ ՌԴ-ն կուզենա ներգրավել Հայաստանը Եվրասիական եւ Մաքսային միությունների շրջանակների մեջ, ինչպիսի արձագանք կստանա դա մեր արեւմտյան գործընկերների, կառույցների կողմից, եւ ինչպիսին կլինի այդ պահին Հայաստանի ներուժը՝ այդ ճնշումներին դիմակայելու տեսանկյունից, կամ որ տիրույթում կլինեն իշխող վարչակազմի անձնական շահերը: Եթե նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական զարգացումները հանգեցնեն նոր, ամուր ընդդիմության ձեւավորմանը, որը կհավասարակշռի իշխանությունը, ապա դա հնարավորություն կտա Հայաստանին հետաձգել այդ ընտրության պահը, եւ միայն համակարգային փոփոխությունների, պետական եւ ազգային շահի հստակ գիտակցումով առաջնորդվող, հասարակության աջակցություն ունեցող իշխանության ձեւավորման դեպքում հնարավոր կդառնա այդ ընտրությունը կատարել՝ ելնելով ոչ թե արտաքին ուժերի թելադրանքից, այլ սեփական շահից:

– Գրեթե մեկ ամսից Հայաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Սերժ Սարգսյանը ընտրապայքարում կարծես չունի հզոր մրցակից, ընտրությունների ելքը կանխատեսելի է համարվում: Նախ՝ ինչի՞ հետեւանք է սա, եւ կարո՞ղ է նման պայմաններում վերընտրված նախագահը միջազգային հանրության համար արժանի գործընկեր լինել, թե՞ խոցելիության աստիճանը կարող է ավելի մեծ լինել:

– Այն, որ գործող իշխանությունն այսօր գրեթե միայնակ է մնացել նախագահական ընտրապայքարում, չկա այլեւս անհրաժեշտ ներուժ ունեցող ընդդիմություն այդ իշխանությանը՝ դա ցավալի, բայց փաստ է: Դա արդյունք է նաեւ նրա, որ նախորդ նախագահական ընտրությունների ընթացքում ձեւավորված հզոր, համաժողովրդական աջակցություն ունեցող ընդդիմությունը, որը գրեթե չորս տարի Հայաստանի քաղաքական օրակարգի ձեւավորման հիմնական գործոններից էր, ինչ-ինչ պատճառներով շեղվեց իր սկզբնական նպատակներից, մտավ գործարքների դաշտ իշխանության տարբեր թեւերի հետ եւ տանուլ տվեց այդ հարթությունում, կորցրեց հասարակական աջակցությունը եւ այսօր, ըստ էության, գոյություն ունի ընդամենը յոթ հոգանոց, ներքուստ պառակտված, որեւէ գործնական ազդեցություն չունեցող եւ ՀԱԿ-ի միայն տիտղոսը կրող պառլամենտական խմբակցության ձեւաչափով: Այս գործընթացի ընթացքում հենց ընդդիմության կողմից արժեզրկվեցին շարժման բոլոր այն կարգախոսները, որոնց շուրջ համախմբվել էր մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, անազնվությունը հրապարակային խոսքով եւ գործողություններով սահմանվեց որպես գրեթե բացարձակ քաղաքական կատեգորիա եւ կիրառվեց ու շարունակում է կիրառվել հիմնականում սեփական նախկին եւ ներկա ընդդիմադիր թիմակիցների դեմ, սպառվեց ներքին, ժողովրդական ուժի համախմբման միջոցով իշխանափոխության եւ համակարգային փոփոխությունների հասնելու ներուժը, ժողովրդի հավատը՝ այդ ճանապարհով իր նպատակները իրականացնելու, եւ դրանով անհամաչափ մեծացան արտաքին ուժերի դերը եւ նշանակությունը մեր ներքին կյանքում: Իհարկե, նման պայմաններում «ընտրված» կամ «վերընտրված» իշխանությունը չի կարող լինել լիարժեք եւ հենց սեփական շահերից, կենսունակության, անվտանգության ապահովման խնդրից ելնելով՝ պետք է գնա որոշ համակարգային փոփոխությունների, շահագրգռված լինի ուժեղ եւ սկզբունքային ընդդիմության ձեւավորման մեջ:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա այն իր հարաբերություններում հիմնականում առաջնորդվում է տնտեսաքաղաքական շահերի եւ պրագմատիզմի սկզբունքներով, որոշ դեպքերում՝ օրինականության կամ ժողովրդավարության նորմերով եւ չափանիշներով,  մինչդեռ «արժանի» կամ «անարժան» ձեւակերպումները գտնվում են այլ հարթությունում եւ կիրարկելի չեն այս ենթատեքստում: Իսկ խոցելիության աստիճանը հազիվ թե ավելի մեծ լինի, քան նախորդ հինգ տարիների ընթացքում՝ թեկուզ եւ այն պատճառով, որ կայանալիք ընտրությունները անհամեմատ ավելի հանգիստ եւ անցնցում կանցնեն, քան նախորդ նախագահական ընտրությունները, եւ կապահովեն իշխանության լեգիտիմության պատրանքը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031