Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են անցկացնում իրենց ժամանցը տատիկներն ու պապիկները

Հունվար 11,2013 18:08

«Ժամանակը փոխում է մարդուն, բայց միևնույն է՝ մենք ենք որոշում՝ զվարճանալ թե ոչ»,-ասում է 68-ամյա տիկին Աիդան, ով վերջերս է ժամանել Մոսկվայից: 5տարի է, ինչ Հայաստանում չի եղել, գալուն պես զանգահարել է ընկերուհիներին և հանդիպման հրավիրել Երևանում գործող պիցերիաներից մեկում: «Ուզում էի, որ ավելի անմիջական և մի քիչ էլ առօրյայից կտրած շփում լինի: Շատ լավ ժամանակ անցավ, բայց պիտի խոստովանեմ, որ մենք մի քիչ աղմկում էինք, որի համար վերջում մատուցողից ներողություն խնդրեցի»,-ասում է նա: Տիկին Աիդան նաև հավելում է. «Տարեցները ևս իրավունք ունեն զվարճանալու, մենք էլ ենք ջահեներ եղել, պետք ա հոգով միշտ ջահել լինել»:

«Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե ինչպես են տատիկներն ու պապիկներն անցկացնում իրենց ժամանցը: Մեր հարցման ընթացքում հնչած ամենից շատ պատասխաների թվում են զբոսայգիները, թատրոնը, համերգային սրահներն ու պատկերասրահները: Շատերը ժամանցային վայրեր այցելում են իրենց թոռնիկների հետ: «Թոռնկիկս 6 տարեկան է, նրա հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է: Հարսս աշխատում է, այդ պատճառով էլ հիմնականում ես եմ նրա տանում այնտեղ, որտեղ ուզում է՝ հիմնականում զբոսայգի և մանկապատանեկան համերգների,-ասում է 55-ամյա տիկին Սիրանուշը և հավելում,-Միլենաս պարի է գնում, հաճախ է պատահում, որ նրանց խմբով մեկնում ենք համերգների, ճիշտ ա՝ մի քիչ հոգնում եմ, բայց հիանալի ժամանակ եմ անցկացնում»: Կան նաև տատիկներ և պապիկներ, ովքեր նախընտրում են ժամանցային վայրեր այցելել իրենց նախկին դասարանցիների կամ ամենամոտ բարեկամների հետ. «Մինչև հիմա տարին մի քանի անգամ մենք դասարանցիներով թե ծննդյան տոներին և թե սովորական օրերին հավաքվում ենք ու գնում կամ քաղաքից դուրս կամ համերգների: Հրաշալի ժամանակ, հրաշալի մարդկանց հետ»,-ասում է 53-ամյա տիկին Արփինեն:
Կան նաև այնպիսիները, ովքեր ժամանակային սղության և աշխատանքային խնդիրների պատճառով աչքաթող են անում իրենց անձնական կյանքը: Օրինակ 57-ամյա տիկին Ռոզան չի հիշում, թե վերջին անգամ երբ է այցելել ժամանցային վայրեր: «Այ բալամ, սաղ օրը տնային գործերով եմ զբաղված, հետո օգնում եմ թոռներիս՝ դասերը սովորեն, համ էլ մեր ժամանակներն արդեն անցել են, հերթը ջահելներինն ա»,-ասում է նա: 68-ամյա պարոն Սուրենը, ով միայնակ է ապրում, չի էլ մտածում իր ժամանակը հետաքրքիր ձևով անցկացնելու մասին: «Ո՞վ ա իմ դուռը ծեծում որ… միշտ մենակ եմ, մեկ-մեկ տղերքս են գալիս, ես եմ գնում նրանց տուն: Էնքան խնդիրներ կան, մենք հազիվ ենք կարողանում նորմալ ապրեն»,-ասում է նա: 70-ամյա պարոն Անդրանիկն էլ պատմում է՝ վերջին անգամ թատրոն է գնացել մեկ ամիս առաջ: «Դրամատիկական թատրոնում ուկնդրում էի Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուի բանաստեղծությունները. շատ հուզիչ էր: Գիրքը կարդացել էի, բայց անպայման ուզում էի լսել, տղես էլ, իմանալով ցանկությունս, գնել էր տոմսերը և ինձ ուրախացրել»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031