Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Առաջիկայում մենք ականատեսը կլինենք կոշտ մրցապայքարի»

Փետրվար 02,2013 14:20 Share

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարությունը.

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ինձ անդադար հարցնում են, թե արդյոք հետևելու եմ ՀՀ Ոստիկանության հորդորին ու թիկնապահ տրամադրելու խնդրանքով կդիմեմ մեր ուժայիններին:
Այսօրինակ հարցադրումն ինքնին վկայում է այն մասին, որ պետության և ազգային անվտանգության վերաբերյալ պաշտոնեական ու հանրային պատկերացումները լավագույն դեպքում սաղմնային վիճակում են:
Կարծում եմ, որ մահափորձից անմիջապես հետո ու մինչ դեպքի հանգամանքների պարզվելը մեր անվտանգության մարմինները գոնե առաջինը պետք է իրազեկեին նախագահի թեկնածուներին կատարվածի մասին` թույլ չտային, որ մենք այդ մասին միայն ԶԼՄ-ներից տեղեկանայինք, և ներկայացնեին իրենց մասնագիտական դիտարկումներն ու հիմնավորումներն այն մասին, թե արդյոք անհրաժեշտ են թեկնածուների անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ, թե ոչ:

Մինչդեռ այս հարցը թողնված է անձամբ թեկնածուների հայեցողությանը, իսկ նրանք չունեն մեր ազգային անվտանգության վախերը չափելու համար անհրաժեշտ համապատասխան տեղեկատվությունը ու ստացվում է, որ ինչ էլ լինի` թեկնածուների անձնական մեղքն է, թեև նրանց նկատմամբ ոտնձգությունները ներկայացվում են որպես մեր պետականության և, ամենակարևորը` հայրենի իշխանությունների նկատմամբ թշնամության դրսևորում:
Միայն մի հիմնավորմամբ կարելի է արդարացնել ուժային կառույցների նման պահվածքը` նրանք ի սկզբանե հաստատ գիտեին, որ հանցագործությունը կապ չունի ՀՀ ազգային անվտանգության դեմ իրականացվող որևէ ծրագրի հետ և անիմաստ են համարում պետական մակարդակում անվտանգության մեզ համար տեսանելի լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելը:

Առհասարակ ինձ թվում է, որ այս մահափորձով նախընտրական քարոզարշավի հանգիստ և բարեկիրթ ընթացքն ավարտվեց և առաջիկայում մենք ականատեսը կլինենք կոշտ մրցապայքարի` սև փիառի տարատեսակ դրսևորումների լայն կիրառմամբ: Այսպիսի ընթացքը դեռ հնարավոր է կանխել, սակայն դա շատ դժվար գործ է, որը կպահանջի շատերի ջանքերի համադրում ու քաղաքական նոր մտածողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728