Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արդար ընտրություններ ապահովելը ընդդիմության պարտականությունը չէ

Մարտ 01,2013 15:06

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը անընդունելի է համարում այն իրողությունը, որ իրավապահ մարմինները փոխանակ կատարելու ընտրությունների օրինականությունն ապահովելու իրենց գործառույթը, նստած սպասում էին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը երբ է խախտումների մասին ահազանգեր հնչեցնելու, որ գնան ուսումնասիրեն: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ հիշեցնում է, որ այդ մարմիններն առանց դիմումի իրավասու չէին որեւէ վարույթ սկսել: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկու քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից:

Հովհաննես Սահակյան– Ընտրությունների հենց առաջին իսկ ժամերից ձեր կողմից ապատեղեկատվություն է տարածվել: Քարաձորի դեպքը դրա վառ օրինակն է, երբ ես ձեր հայտարարության հետքով զանգահարեցի եւ զրուցեցի թե հանձնաժողովի նախագահի, թե հանձնաժողովի ձեր անդամի, թե համայնքապետի հետ, եւ պարզվեց, որ ոչինչ չի եղել: Դրանից հետո եղավ հաջորդ ապատեղեկատվությունը. ժողովուրդ, ովքեր ընտրատեղամասերում բարեկամներ ունեն, հասեք՝ ծեծում, ջարդում, փշրում են, այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը դա հերքեց: Դրանից հետո ասվեց՝ վերահաշվարկ իրականացնող 10 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվում են հաշվարկներ՝ առանց մեր վստահված անձանց ներկայության, կեղծում են այս պահին, հասեք, փրկեք եւ այլն: Այնուհետեւ Ստյոպա Սաֆարյանը lragir.am-ում հայտարարեց, որ իրեն պատշաճ ծանուցել են, եւ չգտնելու պարագայում նույնիսկ երկու անգամ զանգահարել, տեղեկացրել են: Դրանից հետո ձեր գործընկեր Արմեն Մարտիրոսյանը ինձ հետ ուղիղ բանավեճում հայտարարեց, թե Վարդենիկում 99 տոկոս մասնակցության պարագայում Սերժ Սարգսյանը ստացել է այսքան ձայն եւ այլն: Ես զանգահարեցի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ խնդրեցի տեղեկատվություն տրամադրել, պարզվեց, որ Վարդենիկում մասնակցել է 71 տոկոս, որոնց 90 տոկոսը ձայն է տվել Սերժ Սարգսյանին: Հնչեց հայտարարություն, որ Եղվարդում մեր պատասխանատուներն ու համայնքապետը ահաբեկել են ձեր հանձնաժողովի անդամին: Դարձյալ ես զանգահարեցի եւ բացատրություն խնդրեցի, սակայն ի պատասխան՝ նշվեց, որ «գլխով պատասխանատու ենք ասվածի համար՝ նման դեպք չի եղել»: Եվ նմանատիպ մի շարք դեպքեր: Անկեղծ ասած՝ այլեւս չհետեւեցի, որովհետեւ հասկացա, որ դա որոշակի տեխնոլոգիա է: Բայց ես ուզում եմ բերել Սպիտակի օրինակը, որի բնակիչն եմ ես: Այդտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է՝ 1000 ձայնով, բայց միեւնույն ժամանակ կողքի Մեծ Պառնի, Արեւաշող համայնքներում, որտեղ մեծաթիվ ընտրողներ կան, այդ 1000 ձայնը կոմպենսացվել է, եւ մյուս համայնքներում մենք 70-80 ձայնով հաղթել ենք: Մենք ընդունում ենք, որ 37 քաղաքային համայնքներում 10-12-ում դուք հաղթանակ եք տարել: Որեւէ խնդիր չկա: Բայց ինչպես մենք ենք արժանապատիվ ձեւով ընդունում մեր պարտությունը, այդպես էլ դուք արեք: Ինչու չէ՝ որպես Սպիտակի բնակիչ՝ եւ պատասխանատվությունը, եւ ամոթը ես զգում եմ ինձ վրա: Ուրեմն մենք լավ չենք աշխատել այնտեղ: Ես որեւէ մեկին չեմ ուզում քննադատել, առաջինն իմ վրա եմ դա վերցնում՝ անկախ այն բանից, թե ովքեր են եղել այդտեղ պատասխանատուները: Ես անկեղծ ընդունում եմ իմ պարտությունը, բայց պետք է դուք էլ ընդունեք ձեր պարտությունը: Նախագահի ընտրությունները Սահմանադրությամբ միամանդատ համապետական ընտրություններ են, եւ ընտրվելու է այն թեկնածուն, որն առավել թվով ձայներ է հավաքել: Իսկ եթե ձեր տրամաբանությամբ գնանք, ապա եկեք առավել քիչ թվով ձայներ հավաքած թեկնածուին՝ Արման Մելիքյանին, նախագահ դարձնենք եւ պրծնենք: Նրա ձայներն ամենահավաստին են, եւ որեւէ մեկը չի կեղծել: Չի կարելի նման տրամաբանությամբ առաջնորդվել: Դուք այսօր ունեք Սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմք, որեւիցե մեկը ձեզ արգելո՞ւմ է: Օգտվեք ձեր իրավունքից:

Հովսեփ Խուրշուդյան– Մնում էր այդ էլ արգելեիք: Շատ գեղեցիկ խոսում եք, պարոն Սահակյան, սակայն այդպես էլ չեք կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող էր պատահել, որ ամբողջ գյուղեր, որտեղ առկա բնակչությունը կազմում է 50-60 տոկոս, քվեարկել են 90-95 տոկոսով, այն էլ՝ բացառապես Սերժ Սարգսյանի օգտին: Եթե ազատ, արդար ընտրություններ են անցել, ի՞նչ ունի թաքցնելու իշխանությունը, որ բողոքարկման արդյունքում ընտրատարածքային հանձնաժողովները չեն համաձայնվել բացել ցուցակները, որպեսզի ճշտենք, թե այդ ցուցակներում բացակայող մարդկանց փոխարեն ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ: Ինչո՞ւ եք այդպես ատամներով պահում այդ ցուցակները:

Հ. Ս.- 1884 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից, ձեր վստահված անձանցից որեւէ մեկը հատուկ կարծիք, բողոք չի հայտնել: Սահմանել էինք կարգ, որ ձեր վստահված անձինք նստեին հանձնաժողովի իշխանական երկու անդամների միջեւ եւ նշումներ կատարեին, թե ով ով է: Օգտվել եք այդ կարգից եւ որեւէ նշում չեք արել, եւ այսօր փորձում եք 37 տոկոսը դարձնել 58-59:

Հ. Խ.- Այսինքն՝ հիմա որ ընտրակեղծարարները կարողացել են ամեն ինչ տեղում «շիտո կռիտո» անել, հիմա բողոքարկման փուլում դուք ասում եք՝ վերջ, արդեն չեք կարող բացահայտել, հա՞: Ես էլ ձեզ ասում եմ՝ եղել են բազմաթիվ բողոքներ, որոնք արձանագրվել են նաեւ գրանցամատյաններում: ԿԸՀ-ն էլ ասում է՝ այո, կան այդպիսի բողոքներ, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դա լուրջ մոտեցում չէ: Էլ չեմ ասում՝ թանաքների հետ կապված: Ամեն անգամ ասում եք՝ մյուս անգամ լավ թանաք կբերենք:

Հ. Ս.- Պարոն Խուրշուդյան, հենց միայն ձե՞րն է այդպես շուտ ցնդում: Ես էլ կարող եմ ցույց տալ իմ անձնագրի կնիքը, որը դեռ ԱԺ ընտրություններից հետո մնացել է, ինչը եւս խախտում է: Կարող եմ անձնագիրս ցույց տալ:

Հ. Խ.- Դրա կարիքը չկա, ես շատ հստակ ցույց եմ տվել, թե ոնց է հեշտորեն այդ կնիքը ջնջվում սովորական անձեռոցիկով: Բայց այստեղ ամենակարեւորն այն է, որ այս երկրում իշխանությունները այնպիսի խաղի կանոններ են ձեւավորել, որ ընդդիմության պարտականությունն է ապահովել ազատ, օրինական ընտրությունները, իսկ իշխանության իրավունքն է այդ ընտրությունները կեղծելը: Ի՞նչ է նշանակում ամբողջ ոստիկանական համակարգը, անվտանգության մարմինները, դատախազությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրենց պարտականությունները չեն կատարում եւ սպասում են՝ տեսնեն, թե երբ է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը խախտումների ահազանգեր ներկայացնելու, որ իրենք էլ այդ ահազանգերի հետքերով գնան-ուսումնասիրեն՝ դա արվո՞ւմ է, թե՞ ոչ: Մի հատ ինքնուրույն վարույթ չի սկսել ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԿԸՀ-ն, թեեւ խախտումները բազմաթիվ են:

Հ. Ս.- Առանց համապատասխան դիմումի որեւէ մեկը իրավասու չէ վարույթ սկսել:

Հ. Խ.– Ես էլ Ձեզ ասում եմ՝ ոստիկանությունը, անվտանգության ծառայությունները ունեն մեծ գործակալական ցանց, եւ այս համատարած ընտրակաշառքը, որ բաժանվեց, այս համատարած խախտումները որ եղան՝ իրենք մի դեպք կարող էին ինքնուրույն արձանագրել եւ ոչ թե սպասել, որ «Ժառանգությունն» իր սահմանափակ, փոքր ռեսուրսներով խախտումները ներկայացներ:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ երկու քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ

OSI NEW ARM copy

Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետներին։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N17870։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031