Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը չի հենվում ԲՀԿ-ի վրա»

Մարտ 04,2013 22:14

Ինչո՞վ են արդարացվում Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները, պայմանավորվածությունը ԲՀԿ-ի հետ այն դեպքում, երբ մենք հիշում ենք, թե Դուք, Զարուհի Փոստանջյանը ինչպես էիք մեկնաբանում ՀԱԿ-ի խորհրդակցությունները ԲՀԿ-ի հետ: «Քոչարյանի կուսակցության» հետ միասնական շտաբ չէիք մտնում, ասում էիք նույն քրեաօլիգարխիկ համակարգից է, ինչ ՀՀԿ-ն: Aravot.am-ի այս հարցին այսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես կարծիք եմ հայտնել միասնական շտաբի մասին այն պատճառով, որ միասնական շտաբը չէր ուզում անդրադառնալ կամ հետեւել բոլոր քաղաքական ուժերի քաղաքական շարժառիթներով բարեգործություններին եւ ընտրակաշառքներին: Իմ քննադատությունը դա է եղել: Եթե ԲՀԿ-ն լիներ իմ երազանքների կուսակցությունը կամ ես համակրեի այդ քաղաքական ուժին, բնականաբար կլինեի այդ կուսակցության շարքերում: Ուրեմն նշանակում է ինձ հոգեհարազատ է «Ժառանգությունը»:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի գնահատականներին՝ Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ «Զարուհին, հա, այդ գնահատականը տվել է, մեղադրել է ինչ-որ բաների մեջ: Հիմա եթե ես ասեմ, որ ես նահանջել եմ իմ այն խոսքերից, որ ԲՀԿ-ն նույնպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ էր բերում բարեգործության եւ այլ եղանակներով, միանշանակ, հետ չեմ կանգնի իմ այդ խոսքերից: Դա փաստ է: Եթե անգամ Ստեփան Սաֆարյանն էլ հետ կանգնի, դա փաստ է ուղղակի»:

Խոսելով ԲՀԿ-Րաֆֆի Հովհաննիսյան բանակցությունների մասին, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իր անձնական կարծիքով դա բացառապես պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն ճանաչեց ներքաղաքական ճգնաժամը. «Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ճանաչել են ներքաղաքական ճգնաժամը: Դա ՀՅԴ-ն է, ԲՀԿ-ն է եւ մնացած բոլոր սուբյեկտները, ում հետ նա այս ընթացքում հանդիպել է»:

Մեր դիտարկմանը, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ «ուղերձներ» ուղարկեց ԲՀԿ-ին եւ ասաց, թե ԲՀԿ-ն այն ուժն է, որը կքանդի ներսից այդ բուրգը, որը ճաքեր է տվել, դուք եւ ընդհանրապես «Ժառանգությունում» բոլորը քննադատում էիք դա՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվարկներում ԲՀԿ-ն եղել է ՀԱԿ-ի համար ռազմավարական գործընկեր՝ առաջնային նշանակության, շատ ավելի առաջնային, քան ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը նման բան չի հայտարարել, որ ինքը պատրաստվում է ԲՀԿ-ի միջոցով քանդել իշխանությունը: Չափազանց էական է տարբերությունն այս պարագայում: Իմ գնահատմամբ, այդ կոնսուլտացիաները բացառապես արդյունք են նրա, որ ԲՀԿ-ն արձագանքեց քաղաքական ճգնաժամին եւ ի տարբերություն ՀՀԿ-ի, ճանաչեց ճգնաժամը»:

Մեր տարակուսանքին ի պատասխան, որ դա ի՞նչ կապ ունի, Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական ծրագրով խոստացել է ջարդել քրեաօլիգարխիկ համակարգը, վերացնել մենաշնորհները, առողջացնել տնտեսությունը եւ մյուս կողմից՝ ոտք է մեկնում այդ համակարգի մաս կազմողներից, համակարգը ստեղծողներից մեկի հետ՝ Ստյոպա Սաֆարյանն այսպես բացատրեց. «Կոնսուլտացիաները եւ հարցի քննարկումը կապ չունի գործընկերություն անելու եւ գործընկեր ընտրելու հետ: Համենայնդեպս, մամլո հաղորդագրությունից եւ նաեւ հանդիպման վերաբերյալ զեկույցներից, որ ներկայացվել են, ես ամենեւին տպավորություն չունեմ, որ խոսքը վերաբերում է ռազմավարական գործընկերությանը՝ երկու կուսակցությունների միջեւ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն այնպես չի՞ լինի, որ ինչպես կոնգրեսականները սկսեցին 180 աստիճանով փոխել իրենց վերաբերմունքը եւ գովել ԲՀԿ-ին, հիմա ժառանգականներն էլ սկսեն վստահեցնել, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ գործ չունի, քրեաօլիգարխիկ համակարգի հետ կապ չունի եւ այլն: Ստյոպա Սաֆարյանը միայն հույս հայտնեց, որ «Ժառանգությունը» հավատարիմ կմնա իր որդեգրած ռազմավարությանը:

Հարցին՝ եթե այնուամանայնիվ հավատարիմ չմնա, Դուք, որպես կուսակցական, ի՞նչ կանեք՝ նա պատասխանեց. «Ես առնվազն կասեմ իմ կարծիքը»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ձեր սրտո՞վ է այդ ամենն ինչը՝ ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունները՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Գիտեք, խնդիրն այն է, որ այն ռազմավարությունը, որը որդեգրել է Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններից առաջ՝ իրեն միանգամայն արդարացնում է արդյունքների առումով եւ այն փոխելու կարիք չկա: Վերջին հաշվով, ինչպիսին էլ լինի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի կամ մյուս քաղաքական ուժերի ՀԱԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, այնուամենայնիվ, նրանք խորհրդարանական կուսակցություններ են եւ այս ճգնաժամը պիտի քննարկման առարկա դառնա խորհրդարանում եւ պետական մարմիններում: Այսինքն, լուծումները պիտի տրվեն քաղաքական համակարգի կողմից: Հետեւաբար, հաղորդակցության ուղիները բաց պահելը այդ քաղաքական ուժերի հետ ես կարծում եմ ճիշտ է:

Մեր հարցին՝ այստեղ չի՞ կրկնվում Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալը՝ նա պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ դա միայն հաղորդակցության խնդիր չէր: Այլ ԲՀԿ-ի միջոցով իշխանական մոնոլիտը թուլացնելն ու ջարդելը: Սա այլ բան է, ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հենվում ԲՀԿ-ի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031