Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետը դեռ ԱԱԾ-ում է, հավանաբար նրան մեղադրանք է առաջադրվում

Մարտ 05,2013 20:27
«Փաստինֆո». Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներկայումս գտնվում է ԱԱԾ քննչական վարչությունում, եւ ըստ ամենայնի նրան առաջադրվում է մեղադրանք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար։ Նշված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածին՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Մեղադրանքի առաջադրումը ենթադրում է, որ էպոսագետը միանգամից կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում եւ կներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա  ու դիմել փախուստի:
Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազի` 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Դեպքի վայրից առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, որոնք ուղարկվել են փորձաքննության։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, կույր, փափուկ հյուսվածքների և մկանների վնասումով, վիրավորման, կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, շոշափող վնասվածքի ձևերով պատճառված են գնդակներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով և վնասվածքները միասին վերցված պատճառվել են առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:  Պարույր Հայրիկյանը 01.02.2013թ. որոշմամբ ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:
Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
Քրեական գործով կատարված դատաձգաբանական, դատաքիմիական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված 1941թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի փողից են կրակված դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված երկու հատ 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ռևոլվերային փամփուշտների կրակված գնդակները:
«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031