Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը վերանայել է իր որոշումը

Մարտ 12,2013 14:32

Նույն միջնորդության վերաբերյալ կայացրել է երկու իրարամերժ որոշում

«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ քննված թիվ ԳԴ1/0022/01/12 քրեական գործով դատախազության աշխատակիցների եւ դատավորի կողմից թույլ են տրվել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ, նրանց կողմից կայացվել են նախադեպը չունեցող ապօրինի որոշումներ»,- մեզ հետ զրույցն այսպես սկսեց Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա՝ նախաքննական մարմնի կողմից 5 անչափահաս երեխաների հայր Արմեն Գասպարյանը, առանց ապացույցների բավարար համակցության, մեղադրվել է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու եւ պահելու մեջ:

Քրեական գործի դատաքննության ընթացքում, պաշտպանի կարծիքով, հիմնավորվեց, որ Արմեն Գասպարյանը խուլիգանություն չի կատարել, ուստի մեղադրող դատախազ Ֆ. Բաղդասարյանի կողմից 2012թ. հունիսի 19-ին իրավացիորեն դատարան ներկայացվեց որոշում՝ Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու վերաբերյալ:

«Դատարանը նույն օրը մեղադրողի միջնորդության հիման վրա որոշում կայացրեց քրեական գործի վարույթի մասը, Արմեն Գասպարյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ՝ տուժողների բողոքների բացակայության եւ ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով: Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ. Բաղդասարյանը մարզի դատախազ Վ. Մարգարյանի կողմից հանկարծ փոխարինվեց դատախազ Վ. Լազարյանով, որն էլ 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն ներկայացրեց դատավոր Յուրիկ Իսկոյանին՝ խնդրելով վերացնել քրեական գործի վարույթի մասը Արմեն Գասպարյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացված որոշումը եւ քրեական գործը կրկին քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ. Բաղդասարյանի՝ մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը»,- տեղեկացնում է Երեմ Սարգսյանը:

Դատավոր Յու. Իսկոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ աննախադեպ որոշում կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու եւ դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին:

2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ Արմեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատավոր Յու. Իսկոյանի կողմից կայացված նշյալ որոշումը եւ դատավճիռը պաշտպան Ե. Սարգսյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, եւ ներկայումս գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի՝ նախագահող դատավոր Կարինե Ղազարյանի վարույթում:

Խախտումների եւ ապօրինությունների իրավական հիմնավորումները. Ե. Սարգսյանի դիտարկմամբ, դատավճիռների վերանայման իրավունքը սահմանված է նաեւ մի շարք միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 5-րդ կետով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածով:

Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն էլ քննարկվող սահմանադրական իրավունքի վերաբերյալ 2007 թվականի նոյեմբերի 28-ին կայացրած ՍԴՈ-719 որոշմամբ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. «Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը՝ ընդհանրապես, եւ արդարադատության համակարգի ներսում՝ մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասեցագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատության համակարգում բողոքարկման ողջ մեխանիզմը»:

«Չնայած այս ամենին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայել եւ վերացրել է իր իսկ կողմից կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, ինչով եւ յուրացրել է մեկ այլ դատարանի՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է եւ ըստ էության նախագահող դատավոր Յու. Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաեւ «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող՝ դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման եւ վերադասության կարգով վերանայման ինստիտուտները»,- ասում է Ե.Սարգսյանը:

Վերոհիշյալ որոշմամբ, պաշտպանի կարծիքով, խախտվել է նաեւ Արմեն Գասպարյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

Ի դեպ, պաշտպանը դիմել է նաեւ ՀՀ արդարադատության խորհուրդ՝ նշելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետեւյալ հիմքերը՝ դատավոր Յու. Իսկոյանը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել քրեական եւ քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր), ինչպես նաեւ թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այն է՝ չի հարգել օրենքները, այլ կոպտորեն խախտել է դրանք, գործը քննելիս եւ լուծելիս չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, իր գործունեությամբ եւ վարքագծով չի ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, չի նպաստել դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, այլ՝ ընդհակառակը, խախտել է հավասարության սկզբունքը, մեղադրանքի կողմին պաշտպանության կողմի համեմատ տվել է ակնհայտ առավելություններ, բավարարել է մեղադրանքի կողմի ակնհայտ անհիմն եւ ապօրինի միջնորդությունները:

ՀՀ արդարադատության խորհրդին անմիջականորեն դիմելուց բացի, Երեմ Սարգսյանը դիմումներ է ներկայացրել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ 2 ամիս առաջ՝ ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031