Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Արմավիա»-ի սնանկացումն ուղղակի չի տեղավորվում բիզնես տրամաբանության մեջ

Ապրիլ 04,2013 12:44 Share

Այն, ինչ տեղի է ունենում ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության հետ, լավագույնս ի ցույց է դնում Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ողջ սնանկությունը։ Ինչպես հայտնի է, ապրիլի մեկից «Արմավիա»-ն սկսել է սնանկացման գործընթացը, ինչի արդյունքում ընկերությունը դադարեցրել է բոլոր չվերթերը, եւ հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն զրկվել են իրենց անհրաժեշտ ժամանակահատվածում արտերկիր մեկնելու հնարավորությունից, այլեւ ավիատոմսերի համար վճարած ոչ փոքր գումարներից։

Ցանկացած նորմալ, թեկուզ փոքր-ինչ ապահով երկրում ազգային փոխադրողի սնանկացումը լրջագույն խնդիր կլիներ այդ երկրի կառավարության համար (թեպետ նորմալ երկրներում առհասարակ չկա ազգային փոխադրող հասկացություն), սակայն Հայաստանում դա կարծես թե չի հուզում իշխանություններին։ Ընդ որում, անկախությունից ի վեր՝ ընդամենը քսան տարվա ընթացքում, արդեն իսկ երրորդ անգամ սնանկացող ազգային ավիափոխադրողի նման ճակատագիրն ամենեւին անսպասելի չէր. «Արմավիա»-ի եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ պարբերաբար ծագող խնդիրները, որոնց արդյունքում օրերով հետաձգվում էին չվերթերը, ունեն ավելի քան երկու տարվա պատմություն, եւ ամեն անգամ, երբ «Արմավիա»–ն հրաժարվում էր վճարել կուտակած պարտքերը, մամուլում տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի մերձավորներն արհեստական խնդիրներ են հարուցում ընկերության դեմ՝ ցանկանալով գնել այն։

Սակայն այս ողջ ընթացքում դժվար է մտաբերել գոնե մեկ դեպք, երբ երկրի ազգային ավիափոխադրողի գործունեության հետ կապված ՀՀ կառավարությունը հանդես գար քիչ թե շատ հոդաբաշխ բացատրությամբ եւ իրականացներ իր վերահսկողական գործառույթը։

ՀՀ կառավարության հետ կնքած համաձայնագրով ուղիղ տասը տարի մենաշնորհային դիրք ունեցող եւ գերշահույթներ ստացած «Արմավիա»-ն ներկայումս տասնյակ միլիոնավոր դոլարների վարկային պարտավորություններ ունի ինչպես հայաստանյան բանկերի, այնպես էլ ռուսական որոշ ընկերությունների առջեւ, նաեւ 5.5 միլիոն դոլար պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, եւ հիմա մեծ հարց է, թե ով է մարելու այդ պարտքերը։

Ոլորտի մասնագետները միաբերան նշում են, որ պետության կողմից «Արմավիա»-ին տրված աննախադեպ արտոնությունների պարագայում ընկերության սնանկացումն ուղղակի չի տեղավորվում բիզնես տրամաբանության մեջ, եւ միանգամայն հավանական է, որ դրա տակ թաքնված են լուրջ, քրեական բնույթի գործընթացներ։ Սակայն ո՞ւմ է դա հուզում։ Ըստ ամենայնի՝ ոչ ոքի, որովհետեւ կարծես թե «Արմավիա»–ի սնանկացումից շահում են ե՛ւ մեծ պարտքերի մեջ խրված ընկերության սեփականատերը, ե՛ւ այն ձեռք բերելու ցանկություն ունեցող շրջանակները։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930