Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մենք պետք է 7 չափենք, մեկ կտրենք ու կտրելը պետք է անենք միասին»

Ապրիլ 19,2013 20:01

Մարդիկ Ռուստամյանին կոչ էին անում միանալ:

 

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում այսօր հրավիրած հավաքի ժամանակ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ խոսքը տվեց նրան՝ հավաքվածները միաբերան սկսեցին բղավել՝ «Մի-ա-ցում»:

Արմեն Ռուստամյանը ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա առաջարկները եւ նշեց, որ իսկապես պետք է վերաիմաստավորել, վերակազմավորել այս շարժումը, որպեսզի այն շարունակական լինի: Նա նաեւ ասաց, որ իր նպատակն է հզորացնել այս շարժումը. «Առաջին իսկ պահից մենք տեսնում ենք, որ կան գուցե դժվարություններ: Պետք  է այս սկզբունքի հիման վրա առաջ գնալ, ինչպես Րաֆֆին ասեց՝ մենք պետք է 7 չափենք, մեկ կտրենք, 7-ը չափելը պետք է անենք միասին, բայց կտրելն էլ  պետք է անենք միասին»:

Պարոն Ռուստամյանը նաեւ համաձայնեց այն մտքին, որ 5 տարի այսպես սպասել չի կարելի. «Մենք ունենք լիարժեք հնարավորություն, որը չօգտագործել չի կարելի: Պատճառների պատճառը պետք է վերացնել, որը պահպանում է իշխող վարչախմբին: Այս համակարգը պետք է փոխվի: Պետք է նախ հրաժարվել էս նախագահական համակարգից: Հրաժարվել, քայլ առ քայլ իշխանությունը մոտեցնել ժողովրդին: Իսկապես ես հավատում եմ, որ պետք է արագորեն անցնել խորհրդարանական համակարգին, լինի նոր խորհրդարան: Նոր խորհրդարանը իշխանությունը ձեւավորող միակ ատյանը լինի»:

Ըստ պարոն Ռուստամյանի՝ պետք է թույլ չտալ, որ ամեն անգամ իշխանությունները ասեն, թե այո, եղել են կեղծիքներ, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Լավ էլ ազդել են»:

Խոսելով ավագանու ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու մասին՝ պարոն Ռուստամյանն ասաց, որ դեռ ուշ չէ եւ ամեն ինչ կորած չէ. «Տարոն Մարգարյանին չեն ընտրում, նրան նշանակողին են ընտրում: Դոմինգոյի համերգում տեղի ունեցած ինչ-որ մի դրվագի համար չեն կարող քաղաքապետ փոխել, այդպիսի բան չի կարող լինել»: Նա առաջարկեց փոխել այս վիճակը. «Մենք հնարամիտ ազգ ենք, ես հավատում եմ, որ եթե մենք խնդիր ենք դրել, վերեւից ներքեւ այդ շարժումը կկազմակերպվի, երբ անհրաժեշտ է՝ կազմակերպված երթեր, ցույցեր անել, պետք է թույլ չտալ, որ տարբեր սադրիչներ մտնեն եւ խանգարեն, նպատակից շեղեն: Այդ կառույցը պետք է օր առաջ կազմավորել՝ ղեկավար մարմնից մինչեւ մարզեր: Հայ մարդը, որ գալիս է հանրահավաքի, լսի ինչ պետք է անի իր թաղում: Այդպես է ստեղծվել Ղարաբաղյան շարժումը եւ այդպես էր ղեկավարվում: Հիմա ստեղենք Նոր Հայաստանի կոմիտեներ, անունը կարեւոր չէ: Պետք է վերականգնենք ժողովրդի իշխանությունը Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Պանարմենիան ֆոտոյի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930