Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրանյութ պահելու համար արդարացվեց, սպանության համար դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Ապրիլ 24,2013 23:25

Հ. Թամամյանն  իրեն մասնակիորեն մեղավոր ճանաչեց:

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց  Իջեւանի բնակիչ,1981 թ. ծնված  Հունան Թամամյանի   դատավարությունը: Նա մեղադրվում էր  այն բանի համար, որ  2012թ . հունիսի 28-ին Իջեւան քաղաքի «Մարմար» ռեստորանում, լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիճաբանել է Իջեւանի բնակիչ, 30-ամյա  Խորեն Հովհաննիսյանի հետ, դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ մասին, որի հետեւանքով Խ. Հովհաննիսյանը Իջեւանի բժշկական կենտրոն տանելու ճանապարհին մահացել է:

Հ. Թամամյանին մեղադրանք  էր  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»): Ամբաստանյալի նկատմամբ  խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ապրիլի  18-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռեց  ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Հունան Թամամյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչել եւ դատապարտել 9 տարի ազատազրկման:

Դատարանը որպես  Հ. Թամամյանի  պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է  առել, որ նա երիտասարդ է , իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել, նախկինում դատված  չէ, խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան երկու երեխա, հանցագործությամբ կատարված վնասը 1.2 միլիոն դրամի չափով կամովին վերականգնել է: Դատարանը որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի  է առել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Սույն դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930