Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ևս դիտորդական առաքելություն է իրականացնում:
Կոմիտեն, որակավորում ստացած 90 դիտորդներով, դիտորդական առաքելություն է իրականացնում թիվ 5 ընտրատարածքի /Դավիթաշեն/ բոլոր 38 ընտրատեղամասերում:
Իշխանյանի մոտ առաջին տպավորությունն այն է, որ բոլոր տեղամասերում լարվածությունը զգացվել է առավոտյան 8-9 ժամանակահատվածում:
«Ամենահետաքրքրական փաստը, որը նախապես էլ արդեն զգում էինք, այն է, որ դիտորդներն անաչառ չեն: Տարբեր տեղամասերում կան անձինք, որոնք միաժամանակ ունեն և ՀՀԿ վստահված անձի վկայական, և «Կյանք մարդասիրական իրավական միջազգային ասոցիացիա» հ/կ-ի դիտորդի վկայական, և երբ մեր դիտորդը նկատողություն է արել, որ հանրապետականի 2 վստահված անձ կա, նույն մարդը դուրս է եկել և վերադարձել է «Կյանքի» դիտորդական վկայականով»,-ընդգծեց Ավետիք Իշխանյանը և խորհուրդ տվեց դիտորդներին ավելի պրոֆեսիոնալ և անաչառ աշխատել:
Կարդացեք նաև
Այնուհետև կոմիտեի նախագահը առանձին-առանձին անդրադարձավ թիվ 5 ընտրատարածքում իրենց դիտորդների արձանագրած խախտումներին:
5/3 տեղամասում բաց քվեարկություն է եղել, և մեր դիտորդը դա ֆիքսել է:
Գաբրիելյան Գոհարը՝ հանձնաժողովի անդամը, մի ընտրողի 2 քվեաթերթիկ է տվել, երբ որ նկատել են, արձանագրել են, թեթև քաշքշոց է սկսվել:
5/8- ում կրկնակի քվեարկություն է եղել, և ոստիկանը կրկնակի քվեարկողներին տարել է դուրս:
5/20-ում 18 հոգի քվեարկել է, սակայն նրանց անձնագրային տվյալները չեն գրանցվել:
5/33-ում հանձնաժողովի նախագահը դիտորդին չի ներկայացրել ժամը 11-ին տրվող պաշտոնական տվյալները:
5/1/3-ում դրսում տարբեր տեսակի մեքենաների կուտակումներ են եղել:
5/14 տեղամասում չափից շատ են գալիս մարդիկ, ովքեր ներկայացվում են որպես անգրագետներ, և օգնողի կարիք ունեն, ասում են, որ մարդը կարդալ չգիտի և օգնողի կարիք ունի: Այս ընտրությունների նորամուծությունը, ըստ Իշխանյանի, մարդկանց անգրագետ ներկայացնելն է:
5/29-ում մի քաղաքացի պարզել է, որ իր փոխարեն արդեն ստորագրել են:
5/1-ում մոտ մեկ ժամ կուտակումներ են գրանցվել:
5/1-ում հանձնաժողովի նախագահ Արմեն Մանուկյանի եղբայրը` Աշոտ Մանուկյանը, ներկայացել է որպես դիտորդ, սակայն վկայական չի ունեցել, Հելսինկյան կոմիտեի դիտորդների բազմաթիվ խնդրանքներին այդ մարդուն դուրս հրավիրել, հանձնաժողովի նախագահը երկար ժամանակ ուշադրություն չի դարձրել:
5/14-ում նորամուծություն է եղել` հանգստի սենյակ են պատրաստել անմիջապես քվեախցիկների ետևում, որտեղից հանգիստ կարող են տեսնել, թե ով ինչպես է քվեարկում:
Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ հանդիպման իր խոսքում հատուկ շեշտեց, որ Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելի լարված մթնոլորտում են անցնում, քան վերջին նախագահական ընտրությունները:
«Այս տարի նախագահական ընտրությունները այնքան լարված չանցան, և այդ լարվածությունը կարծես տեղափոխվել է ավագանու ընտրություններ»,-եզրափակեց կոմիտեի նախագահը:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ


















































