ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր ներկայության պահին եկավ 3/19 ընտրատեղամաս: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ի տեսախցիկներն են փչացել եւ եկել են փոխելու:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ահազանգ են ստացել, համաձայն որի՝ անհայտ անձինք փորձել են քվեարկել՝ գրանցված լինելով այլ հասցեում, նաեւ դրա համար է ինքը եկել. «Հնարավոր է եղել այդ ապօրինի քվեարկությունը կանխել»:
Գնահատելով ընտրությունները՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ամենուր նույն վիճակն է. «ԵրիտՀՀԿ-ականների գվարդիան որեւէ նյու հաու չի կարողացել հորինել, իրենց նախորդների լավագույն ավանդույթները շարունակում են: Ինչ կիրառել են, ընտրատեխնոլոգիաների ողջ փաթեթը կիրառվում է նաեւ այս ընտրությունների ժամանակ: Իրենց արած նորարարությունն այն է, որ հիմա փորձում են իրենց արած սեփական ընտրախախտումները բարդել այլ կուսակցության վրա: Իրենց ենթակայության տակ գործող ողջ մամուլը ողողված է ԲՀԿ-ի ընտրակաշառքների, ընտրախախտումների մասին: Սա եւս ձեւերից մեկն է, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Ես իրենց խորհուրդ կտամ այդքան չվարկաբեկել իշխանության սեփական ինստիտուտները, թե՝ ողջ համակարգը անզոր է կանխելու ԲՀԿ-ի կողմից կատարվող խախտումները: Ապուշությունը եւս պիտի ինչ-որ մի տրամաբանության մեջ լինի»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ որոշ տեղամասեր կիրառել են ընդհանուր առմամբ նավթալինից հանված ընտրախախտումներ, որոնց, որպես նախկին լրագրող, ականատես է եղել 90-ականներին, երբ լույս են անջատել տեղամասերում. «Նկուղային հարկերում տեղակայված ընտրատեղամասերը, որտեղ եղել է լույսի կարիք, առավոտից մոմի լույսի տակ շարունակել են քվեարկությունը: Մասնավորապես՝ 10/1-ում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































