Լրահոս
Օրվա լրահոսը

On-line կրթություն. առավելությունները եւ թերությունները

Մայիս 25,2013 16:21

Ժամանակակից աշխարհում, որտեղ կարելի է ստեղնաշարի մի քանի հարվածով տիրապետել ցանկացած տեղեկության, զարմանալի չէ նաև վիրտուալ կրթությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարևոր ձեռբերումներից կարելի է համարել «օնլայն կրթություն» կամ «վիրտուալ կրթություն» հասկացության ներմուծումը մեր առօրյա: Դեռևս տասը տարի առաջ այս երևույթը զարմանք կառաջացներ գրեթե բոլորի մոտ, սակայն այսօր շատերը, անկախ տարիքից, ողջունում են կրթություն ստանալու այս եղանակը, որից օգտվում են թե´ երիտասարդները, թե մեծահասակաները:

Հայաստանում օնլայն կրթություն իրականցնող ամենատարածված պորտալը Հայկական վիրտուալ համալսարանն է, որն իրականացնում է հայագիտական երեք առարկաների 7 լեզվով ուսուցում և ուսումնառության վերջում ուսանողներին տրամադրում է դիպլոմներ: ԵՊՀ-ի Հայագիտության կենտրոնը ևս գործարկել է 7 տարբեր կայքեր՝ հայագիտությունը հասանելի դարձնելով օնլայն հարթակում: Կրթության այս եղանակը հեշտացնում է աշխարհասփյուռ հայության(և ոչ միայն) հայկական կրթություն ստանալուն:

Ի՞նչ առավելություններ ունի օնլայն կրթությունը, ի՞նչով է նախընտրելի, փորձել ենք պարզել՝ զրուցելով armscoop.com հայկական գիտական պորտալի համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանի և մի քանի ուսանողների հետ:

Պետք է նշել, որ բացի թվարկվածներից, շատ են կրթություն իրականացնող արտասահմանյան ինտերնետ-կայքերը, որոնցից օգտվող երիտասարդները, հիմնականում, հետաքրքրված են օտար լեզուների օնլայն ուսուցման ծրագրերով: Որոնք կարող են լինել թե´ վճարովի, թե´ անվճար:

 

«Հայկական գիտական համագործակցություն»-ը՝ ARMSCOOP -ը պարբերաբար տեղեկատվություն է տարածում ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան նշանավոր բուհերի ամենատարբեր գիտակրթական իրադարձությունների և ծրագրերի մասին: Այս կայքում հայտարարություններից բացի տեղադրվում են նաև բազմաթիվ արժեքավոր գրքեր, բառարաններ և գիտական հոդվածներ: Կայքի համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչ կարծիք ունեն օնլայն կրթական ծրագրեի մասին. « Նման ծրագրեր մեր գիտակրթական ցանցում շատ են հրապարակվում, թեև հստակ վիճակագրություն չունենք, թե ինչ քանակությամբ մարդիկ են օգտվում այդ ծրագրերից, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ նրանց թիվը քիչ չէ, և դա ուրախալի է. կարծում եմ՝ նման ծրագրերը բավականին արդյունավետ են և հիանալի հնարավորություն են ընձեռում բոլորին. գտնվելով իրենց բնակարաններում, աշխատանքի վայրերում կամ այլ տեղ, ստանալ շատ արժեքավոր գիտելիքներ, զարգացնել տարբեր հմտություններ և կարողություններ: Մեր գիտակրթական ցանցն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հայ ուսանողներին և գիտնականներին տեղեկացնի նմանատիպ ծրագրերի գոյության մասին:

Ինչպես իրավացիորեն նկատեցիք ARMSCOOP գիտակրթական ցանցում հրապարակվում են նաև գիտական արժեք ունեցող հոդվածներ, արժեքավոր հայագիտական գրականություն և այլն, այս դեպքում նույնպես պետք է վստահությամբ նշեմ, որ դրանք բավականին մեծ հետաքրքրություն են առաջացնում ու լայն տարածում ստանում. նման նյութերի հրապարակումը, իհարկե, խթան է հանդիսանում համացանցում հայերեն որակյալ գիտական բովանդակության մեծացմանը և նպաստում առցանց ուսուցման զարգացմանը»,-նշում է Արմեն Մարտիրոսյանը:

Երիտասարդները, ովքեր երբևէ օգտվել են օնլայն կրթական ծրագրերից, որպես դրանց առավելություն՝ առաջին հերթին նշում են հարմարավետություն՝ ժամանակի, գումարի խնայողություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս տարբերակով կրթություն ստանալու համար ստիպված չեն լինում տնից դուրս գալ:

Մասնագիտությամբ վիդեո-մոնտաժող և նկարների դիզայներ Միհրան Բադալյանը օգտվել է  intuit.ru կայքի ծրագրերից: Ինչպես ինքն է նշում՝ ոչ թե սովորել է, այլ ստուգել գիտելիքները: Դասընթացը եղել է անվճար. «Վճարել եմ միայն ավարտական սերտիֆիկատի համար. օնլայն վճարում եմ կատարել 50 ռուբլի: Դասընթացի անվանումն էր՝  Լուսանկարչական արվեստի հմտությունները»:

20-ամյա Հովհաննես Եսայանը կարծում է, որ ցանկություն ունենալու դեպքում օն-լայն կրթությունը շատ արդյունավետ տարբերակ է: Ինքը, վաղուց լսած լինելով Կաբբալիզմի մասին և հետևելով բանակային ընկերոջ խորհրդին, որոշում է ուսումնասիրել այդ գիտությունը. 2010թ. երկամսյա դասընթաց է ստանում Կաբբալայի ակադեմիայում. «Համացանցում քիչ էին մանրամասն տեղեկությունները: Որոնումների արդյուքում հայտնվեցի www.kabacademy.com կայքում, որտեղ երկու ամսում ինձ կարողացան տրամադրել որակյալ ինֆորմացիա»: Կրթության համար Հովհաննեսը վճարել է. յուրաքանչյուր ամսվա համար 100 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

22-ամյա Թագուհի Ղազարյանը փորձել է օնլայն սովորել օտար լեզու, սակայն որոշ ժամանակ անց դադարել է, քանի որ գտնում է, որ դա ձանձրացնող է և անարդյունավետ. «Ես շատ լավ կայք էի գտել, որտեղ «խոստանում» էին մեկ տարում լիարժեք սովորեցնել իմ նախընտրած լեզուն: Սակայն մի պահ է գալիս, երբ դու ձանձրանում ես ամեն օր այդ կայք հաճախելուց կամ ինչ-ինչ հանգամանքներ խանգարում են: Բացի դրանից, այդ կայքը, որով ես էի սովորում, թեև նշվում էր որպես անվճար դասընթացներ մատուցող կայք, իրականացնում էր թե´ վճարովի, թե´ անվճար դասընթացներ, ընդ որում, այն անհրաժեշտ ու կարևոր ինֆորմացիան, որը կցանկանա ստանալ յուրաքանչյուրը, նրանք տրամադրում էին վճարովի: Այսինքն, ստացվում էր, որ ինչ-որ առումով թերի էր մնում կրթությունը, եթե դու չէիր կարողանում կատարել այդ վճարումը և, փաստորեն, կայքի խոստացած լիարժեք կրթությունը դառնում էր միֆ»:

 

 Հռիփսիմե Գալստյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031