Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «3 երեխա ունեմ, ինձնից ու կնոջիցս մեծ էներգիա է պահանջվում, որ նրանց խնամենք» (Տեսանյութ)

Մայիս 31,2013 18:02

Sos-gyux-1 Sos-gyux Sos-gux-2

Ռոբերտը, Նաիրան, Ժենյան ու փոքրիկ Համլետը քույր ու եղբայր են, բայց ոչ միեւնույն կենսաբանական մորից: Նրանց համար հոգ է տանում Գայանե մայրիկը, որը ոչ միայն երեխաներին խնամում, երեխաների համար ուտելու բան է պատրաստում, այլեւ 24 ժամ նրանց համար մայրություն է անում: Չորս երեխաներն էլ տիկին Գայանեին սիրում են ու մամա ասում:

Այսօր այս փոքրիկներին հանդիպեցինք Կոտայքի մարզի Սոս մանկական գյուղում: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ, այցելել էր ծնողական խնամքից զրկված երեխաներին` տեսնելու, թե ինչպիսի պայմաններում են նրանք ապրում, ինչ խնդիրներ ունեն եւ այլն:

Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված այս գյուղը, որտեղ ներկայումս խնամվում է 64 երեխա, մայրաքաղաքի դասական մանկատներից տարբերվում է նրանով, որ երեխաները ապրում են առանձին ընտանիքներով, առանձին բնակարաններում, որտեղ ճիշտ է բացակայում է «հայրը», բայց «մայրը» լիարժեք հոգ է տանում իր խնամքի տակ գտնվող երեխաների համար: Սա այն խնամատար ընտանիքի մոդելն է, որը մեր սոցիալական ոլորտի պատասխանատուները պատրաստվում են ներդնել մեր երկրում` մանկատները փակելով եւ երեխաներին կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ վերադարձնելով:

Այս գյուղում 4 երեխա էլ տիկին Իրինան է խնամում. Նրա «զավակներից» մեկը` Վիտյան, Կարեն Անդրեասյանին անկաշկանդ ուղեկցում էր իր բնակարանում` պատմելով, թե ով որտեղ է քնում, ինչ են ուտում, ինչպես են ապրում: Առավել մանրամասն` տեսանյութում.

Հարցին, թե այսօր երեխաների իրավունքներն ավելի շատ ինչպե՞ս են խախտվում, պարոն Անդրեասյանն ասաց, որ խախտվելու պատճառների հիմնական մեղավորները համայնքների ենթակայությամբ գործող խնամակալության եւ հեգաբարձության խորհուրդներն են, որոնք ոչ մասնագիտական մոտեցում են ցուցաբերում իրենց աշխատանքում, ինչի հետեւանքով երեխաների բռնության, սեռական ոտնձգությունների, կրթության իրավունքից զրկված լինելու դեպքերը չեն բացահայտվում ու խնդիրները գնալով խորանում են: Ըստ ՄԻ պաշտպանի, ամենամեծ խնդիրն այսօր հաշմանդամ երեխաների իրավունքների հարցն է.

«Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառականի վիճակը շատ վատ է, նրանք հասարակությանն ինտեգրվելու մեծ խնդիր ունեն»:

Պաշտպանի խոսքերով, երեխաների իրավունքներին մասին պետք է ամեն օր հիշել, այլ ոչ թե մեկ օր` հունիսի 1-ին միայն. «Ես կուզեի որ հունիսի 1-ին մենք մտածեինք ոչ միայն մեր երեխաների համար տոնական տրամադրություն ապահովելու, այլ մտածեինք ուրիշի երեխաների մասին, նրանց` ում ծնողները չեն կարող մտածել իրենց երեխաների մասին, երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից, բոլորս պիտի մտածենք այդ երեխաների մասին: Որովհետեւ ամենավատ վիճակում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն են»:

Կարեն Անդրեասյանը մատնացույց անելով Սոս մանկական գյուղի երեխաների համար հոգ տանող մարդկանց, ասաց. «Ես ունեմ երեք երեխա: Ես, կինս, ընտանիքիս անդամները հսկայական էներգիա ենք ծախսում նրանց պահելու, խնամելու համար, դե պատկերացրեք ինչ մեծ գործ են անում այս մարդիկ, որոնք այսքան երեխաներ են պահում: Այս մարդիկ իրենց գործը, կյանքը նվիրել են այս երեխաներին:

Հաճախ երեխայի իրավունք են հասկանում, երբ հայրը կամ մայրը բարկանում են երեխայի վրա կամ դպրոցում մի քիչ իր երեխային նեղում են եւ դա համարում են երեխաների իրավունքների խախտում, բայց մարդիկ որոնք մասնագիտացած են այս գործում, շատ լավ գիտեն, որ երեխայի իրավունքների խախտում՝ դա նշանակում է երեխայի նկատմամբ բռնություն, երեխայի սով, կրթություն ստանալու իրավունքից զրկված լինել եւ այլն»:

Պաշտպանի միջնորդությամբ Սոս մանկական գյուղ են տեղափոխվել առանց ծնողական խնամքի մնացած 6 երեխա:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031