Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրած աղջիկը` իր ընտրյալի` խանդի հողի վրա կատարած սպանության մասին

Հունիս 05,2013 17:38

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանը որպես վկաներ սպասում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու նրա դստերը` Մանյային, ով պատրաստվում էր նշանվել իր համադասարանցու` Կարենի հետ: Սակայն Ղուկասյանները այդպես էլ դատարան չներկայացան:

Միակ վկան, որ այսօր ցուցմունք տվեց, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի` Անիի նախկին ոստիկանապետի որդու ընկերուհին էր` Հեղինե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, Հարություն Սարգսյանը մեղադրվում է խանդի հողի վրա Կարեն Եսայանին սպանելու մեջ: Այսօր վկա Հեղինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը ընկերություն էր անում նախկին ոստիկանապետի որդու հետ` ամուսնության նպատակով: Նա Հարությունին բնութագրեց որպես համեստ, հավասարակշռված անձնավորության, որին ճանաչում է մանուկ հասակից` որպես թաղի տղայի: Նա ասաց, որ իրենց հանդիպումների մասին գաղտնի են պահել Հարությունի ծնողներից, քանի որ վերջիններս շտապեցնում էին, որ Հարությունը շուտ ամուսնանա: Իսկ աղջկա ծնողները տեղյակ են եղել այդ մասին: «Ես չեմ լսել, որ Հարությունն այլ ընտրած աղջիկ ունենա»,-ասաց օրիորդը:

Նա նաև փաստեց, որ Հարությունը տարբեր մեքենաներ է ունեցել, ինքը միշտ էլ նստել է սիրած տղայի մեքենան, սակայն չի կարող ասել պետհամարանիշներն ու մակնիշները, քանի որ սիրած տղան մի քանի մեքենա է վարել: Նա նաև ասաց, որ Հարությունի հետ թեև ամեն օր չի հանդիպել, սակայն հեռախոսով խոսել է կես ժամը մեկ:

Վկան նաև ասաց, որ դեպքից մեկ օր առաջ գիշերվա ժամին խոսել է Հարությունի հետ, որը տեղեկացրել է, թե հաջորդ օրը պետք է մեկնի Բավրա` գործերով: Հաջորդ օրը ևս խոսել է Հարությունի հետ, որը Բավրայից վերադառնալիս է եղել, սակայն երբ ինքը քիչ անց զանգահարել է Հարությունին, վերջինս ասել է, որ ինքը վերադարձել է արդեն, սակայն իրեն քաղմաս են տանում:

Դատախազը հետաքրքրվեց աղջկանից, թե երբ որ իմացար Հարությունի հայրը գնացել էր Վարդան Ղուկասյանի դստերը ուզելու, չասեցի՞ր Հարությունին՝ ինչո՞ւ իմ հետ չես ամուսնանում ու ուրիշով եք հետաքրքրվում: Հեղինե Գրիգորյանը պատասխանեց, որ իրեն այդ հարցը չի հուզել, քանի որ ինքը վստահաբար գիտեր, որ Հարությունի ծնողները տեղյակ չեն իրենց ընկերության մասին:

Վկայի ցուցմունքի ժամանակ լեզվակռիվ սկսվեց տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանողի և ամբաստանյալի փաստաբանների միջև: Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Մելքոնյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ շրջապատին չէին ասում իրենց ընկերության մասին, որի ի պատասխան՝ վկան ասաց, որ այդպես էին նպատակահարմար գտնում, ուզում էին, որ գաղտնի մնա: Մելքոնյանը հեգնեց. «Էն հայտնի երգի պե՞ ս՝ Սերս գաղտնի թող մնա…»: Այստեղ միջամտեցին Հարություն Սարգսյանի փաստաբանները`պահանջելով հարցադրումը նորմալ ձևակերպել ու նաև կարգի հրավիրել դահլիճում նստած Կարեն Եսայանի ընկերներին, ովքեր տեղից ինչ-որ բաներ էին ասում:

Դատը հետաձգվեց մեկ շաբաթով` նշանակվեց հունիսի 11-ին՝ ժամը 12-ին: Դատարանը որոշեց բերման ենթարկել չներկայացող բոլոր վկաներին: Նշենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ ևս տեսալուսանկարահանումը արգելվեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930