Լրահոս
Օրվա լրահոսը

Նիյազի Մեհթի. «Ադրբեջանում հայրենասիրությունը դարձել է բիզնեսի միջոց»

Հունիս 06,2013 12:35 Share

Մայիսի 25-ին Վրաստանի Թեքալի գյուղում «Հումանիզմի միմիկրիան խաղաղարար պրակտիկայում» թեմայով հասարակական լսման ժամանակ ադրբեջանցի պրոֆեսոր Նիյազի Մեհթին հայտարարեց. «Հայ-ադրբեջանական հակամարտության սկզբում Ադրբեջանում շատերը կային, ովքեր սիրելով երկիրը՝ վրդովվում էին, որ Ադրբեջանը կարող է կորցնել Ղարաբաղը: ժամանակի ընթացքում դա (հայրենասիրությունը՝ ծանոթ. Ո.Ս.) դարձավ բիզնեսի միջոց: Մարդիկ կան , ովքեր Հեյդար Ալիեւի հանդեպ սիրո միջոցով փող են աշխատում: Հասարակության մեջ խնդիրներ կան, որոնք քննադատելու համար համարձակություն է պետք, սակայն նրանք վախենում են դրանք քննադատել: Եվ որպեսզի համարձակ երեւան, նրանք սկսում են Հայաստանի, ողջ հայության դեմ հանդես գալ: Ուռա հայրենասիրությունը , հայերի դեմ ատելությունը միջոցներ են ցուցադրելու, թե իրենք որքան համարձակ են: Չնայած դրա մեջ համարձակություն չկա, կարող ես համարձակ լինել, եթե դու Խանքենդիում (Ստեփանակերտ) ես դա անում, Բաքվում նստած՝ դա ծիծաղելի է»:

Հասարակական լսման մասնակից, գրող Լեւոն Ջավախյանը դրանից հետո հայտարարեց. «Ես տեղում մի ծրագիր մտածեցի: Նախ եւ առաջ` մենք պետք է մտածենք, որ ոչ թե մենք կռվում ենք, այլ մեզ կռվեցնում են: Ծրագրի առաջին կետն այն է, որ անտեսենք այդ կռվեցնողին, մենք մնանք երկուսով իրար հետ, որ մեզ կեղծ բարիշեցնում են, կռվեցնում են, դրանից ձեռք քաշենք: Ես նկատի ունեմ հատկապես Հյուսիսը: Նրանք ոչ մեզ են սիրում, ոչ էլ՝ Ադրբեջանին, նրանք իրենց շահերն են սիրում: Երկրորդ՝ եթե 2 կողմը կռվում է , այն կողմից հայհոյում են, այս կողմից հայհոյում են, տաք գլխով հնարավոր չէ որեւէ խելամիտ ծրագիր մշակել: Նախ` պետք է այդ հայհոյանքներին վերջ դրվի՝ այս եւ այն կողմից: Եվ երրորդ՝ սկսել ամենաանմեղ բանից՝ մշակութային կապերից: Ինչո՞ւ, օրինակ, մեր գրողները չգնան Ադրբեջան, Ադրբեջանից չգան մշակութային գործիչները, գործարարները չգան համագործակցելու, պետական մակարդակով եթե այդ բաները չարվեն, հող չի ստեղծվի բուն բանակցությունները սկսելու: Թեկուզ մինչեւ պետական մակարդակը, հասարակական կազմակերպությունների մակարդակով… Նոր դրանից հետո պիտի նստենք հաշտության սեղանի շուրջ: Առանց այդ ամենի, որքան էլ Սերժ Սարգսյանը, Ալիեւը նստեն՝ ոչ մի հարց չի լուծվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930