Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայաստանցի վարորդը կալանավորվել է

Հուլիս 16,2013 10:58

«Ազատություն» ռադիոկայանՄոսկվայի մարզում անցած շաբաթ օրը տեղի ունեցած դաժան ողբերգության արդյունքում կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։

Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ հուլիսի 13-ին տեղի է ունեցել սարսափելի վթար` խիճով լցված հսկայական բեռնատար «Կամազը» չի արգելակել եւ բախվել է «Լիազ» մակնիշի ուղեւորատար ավտոբուսին։

Հարվածն այնքան հզոր էր, որ ավտոբուսը տառացիորեն երկու մասի է կիսվել։ Տեղում զոհվել է 14 ուղեւոր, ավելի ուշ եւս մեկը մահացել է Մոսկվայի եւ երեքը` Պոդոլսկի հիվանդանոցներում։ Ընդհանուր հաշվով հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 40 ուղեւոր։

Ոստիկանների փոխանցմամբ՝ երկրորդական ճանապարհով երթեւեկող «Կամազը» կորցրել է կառավարելիությունը, սկսել է շրջվել եւ բախվել է ավտոբուսին։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ «Կամազի» վարորդը Հայաստանի քաղաքացի, 46-ամյա Հրաչյա Հարությունյանն է։ Ըստ ոստիկանների՝ մինչ այդ վթարը նա վեց անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթեւեկության կանոնները խախտելու համար։

Հուլիսի 13-ի վթարից հետո իրավապահները քրեական գործ են հարուցել․ հայաստանցին մեղադրվում է «երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան»։

Մոսկվայի Տվերսկի դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Հարությունյանի փաստաբան Էրիկ Չաբանովը խնդրել է այլ միջոց ընտրել, քանի որ Երեւանում պաշտպանյալի խնամքի տակ են ծեր հայրը, կինը եւ երեխան։

Սակայն դատախազը եւ քննիչը պնդել են, որ Հարությունյանին հարկ է կալանավորել, քանի որ «նա, հանդիսանալով օտար երկրի քաղաքացի, ով Ռուսաստանում չունի մշտական բնակության իրավունք, կարող է փախուստի դիմել»։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հրաչյա Հարությունյանը Մոսկվա է մեկնել «բանակում զոհված որդու գերեզմանի տապանաքարի համար գումար վաստակելու նպատակով»։ Այդ մասին է ասել նաեւ Հրաչյայի եղբայրը` Հարութ Հարությունյանը։ Եղբոր խոսքերով՝ Հրաչյան պատերազմի մասնակից է, կոնտուզի է ստացել, նրա 21 տարեկան որդին բանակում սպանվել է։ Թե ինչ հանգամանքներում, կարգազանց վարորդի եղբայրը չի հայտնել։ Հարութ Հարությունյանը համոզված է, որ «Կամազի» արգելակման համակարգը վթարի պահին խափանվել է։

«Մեր ընտանիքից ոչ ոք չէր ցանկանա այսպիսի վնաս պատճառել։ Ես համոզված եմ, որ եղբայրս արել է ամեն ինչ, որ վթար չլինի, բայց չի ստացվել»,- ասել է Հարութ Հարությթունյանը։

Ծանր վթարի մեջ մեղադրվող հայաստանցին մինչեւ սեպտեմբերի 14-ը կմնա նախնական կալանքի տակ։

Արմեն Քոլոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031