Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի չեմպիոն կապանցի մարզիկին այսօր Կապանում դիմավորեցին մեծ շուքով․ (Ֆոտոշարք)

Հուլիս 25,2013 21:37

Այսօր կապանցի թեթեւատլետ, Իտալիայի Ռիետե քաղաքում անցկացված աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում ոսկե մեդալ նվաճած Լեւոն Աղասյանին Կապանում դիմավորել են մեծ հանդիսությմաբ:

Լեւոնին դիմավորելու էին եկել նաեւ նրա հարազատները, ընկերները, հարեւանները, ովքեր մյուս համաքաղաքացիների պես հպարտությամբ ու անհամբերությամբ էին սպասում Լեւոնի այցին: Լեւոնի հայրը՝ Կարեն Աղասյանը, նշեց, որ Լեւոնը մանկուց նպատակասլաց է եղել եւ այդ նպատակասլացության շնորհիվ է, որ այսօր հասել է նման հաջողության:

Կապանցիները Եվրոպայի չեմպիոնին ու մարզիչ Արսեն Պետրոսյանին դիմավորեցին քաղաքի մուտքի մոտ, ուղեկցեցին դեպի Կապանի քաղաքապետարան, որի հրապարկում կապանցիների մեծ բազմություն հավաքվել եւ սպասում էր ոսկե մեդալակիր մարզիկի գալստյանը: Կապանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Լեւոն Աղասյանին եւ մարզիչ Արսեն Պետրոսյանին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, հաջողություններ մաղթեց՝ հետագայում նոր նվաճումների հասնելու համար եւ դրամական պարգեւի արժանացրեց:

«Մեր այս ձեռքբերումը առավել, քան կարեւոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր նորանկախ պետության պատմության ընթացքում Եվրոպայի մակարդակով անցկացվող առաջնություններին նման հաջողություն արձանագրվում է առաջին անգամ, դա շատ կարեւոր հանգամանք է: Ես համոզված եմ, որ Լեւոնը այս հաջողությամբ ու ձեռքբերումներով կունենա իր գործը շարունակողներ՝ հանձինս մարզիչ Արսեն Պետրոսյանի եւ նրա սաների, որովհետեւ այս ամենը պատահականություն չէր, սա լուրջ ավանդույթ դարձած տքնաջան աշխատանքի արդյունք է, որը տարիներ շարունակ կատարվում է մեր մազիկների կողմից», – ասաց քաղաքապետը:

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը նույնպես շնորհավորեց նրանց եւ փոխանցեց տվյալ պահին Կապանից բացակայող Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի բարեմաղթանքներն ու դրամական պարգեւը, իսկ Լեւոնի հաղթանակը համարեց բոլորի նվաճումը եւ մաղթեց հետագա հաջողությունների շարունակականության ապահովում: Հանդիպմանը ներկա էր գտնվում նաեւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով նույնպես դրամական պարգեւներ հանձնեց մարզիկին ու նրա մարզչին` ընդգծելով, որ վերջինիս հաղթանակը համայն հայության հաղթանակն է:

Լեւոն Աղասյանը տպավորված էր կապանցիների ընդունելությամբ, անկեղծացավ, որ այդ ընդունելությունը ոչ միայն երջանկացնում է, այլեւ ավելի է պարտավորեցնում, որպեսզի նոր հաջողություններ արձանագրի: «Ես ինձ երջանիկ եմ զգում, շատ ուրախ եմ, որ Եվրոպայի չեմպիոն եմ: Ինչ վերաբերում է մրցումներին, դժվարություններ կային, բայց պայմաններն արտակարգ էին, բնականաբար Կապանից գնալով այնտեղ լավ արդյունք պետք է ցուցաբերեի: Եթե երազանքը կամ ինչ-որ մի բանին հասնելու ցանկությունը բավականին մեծ է, փաստերն ընդհանրապես խոչընդոտ չեն: Ավելի բարձր նվաճումներ կան, որ ես դեռ պետք է հասնեմ», -անկեղծացավ եռացատկ մարզաձեւում լավագույն 16.1 մ արդյունքը գրանցած Լեւոնը Աղասյանը:

Մարզիչ Արսեն Պետրոսյանը նույնպես հաստատեց, որ Լեւոնն այսօր հաջողության հասել է մեծ ցանկության շնորհիվ: «Ինձ թվում է ավելի լավ հաջողություններ կունենանք հետագայում: Միաժամանակ սպասում ենք, որ սա առիթ կհանդիսանա, որ Կապանում գոնե նվազագույն պայմաններն ապահովվեն, որպեսզի կարողանանք նոր հաջողություններ գրանցենք, առավելեւս, երբ մենք Կապանում ունենք բավականին շնորհալի պատանիներ», – ասաց Արսեն Պետրոսյանը: Նշենք, որ Կապանի միակ մարզադաշտը սեփականաշնորհված է եւ կապանցի մարզիկներն այնտեղ մարզվում են սահմանափակ ժամագրաֆիկում, ինչպես նաեւ զրկված լինելով նորմալ պայմաններում պարապմունքներ անցկացնելու հնարավորությունից: Այս խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն այն դեռ մնում է չլուծված, այնինչ կապանցի աթլետները տարբեր մրցաշարերից մշտապես վերադառնում են մեծ հաղթանակներով:

Իսկ Լեւոն Աղասյանը վաղը մեկնում է հայոց ազգային բանակ ծառայության, սակայն գնալուց առաջ խոստացավ, որ ծառայության տարիներին շարունակելու է նոր հաջողություններ գրանցել:

PrevPhoto
NextPhoto

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տանելու են ԼՂ-Ի եղնիկներում փորձնքի բերեն,՝ անասունները: Մի՞ թե՛ մի հաստավզի լակոտ չկա, որ
    տանեն, թե չէ պետք է, այդ տաղանդավոր պատանուն տանեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031