Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտցի» արտահայտությունը յուրօրինակ բրենդ է դարձել». Շնորհավոր ծնունդդ, «Առավոտ»

Օգոստոս 01,2013 18:23

1994 թ.-ի հենց այս օրը՝ օգոստոսի 1-ին, լույս տեսավ «Առավոտ» օրաթերթի առաջին համարը: Այսօր թերթն արդեն 19 տարեկան է, և մարդկանց մտերիմ ընկերը դարձած շարունակում է անաչառ տեղեկատվություն հաղորդել ու իրազեկել հասարակությանը ամենատարբեր նորությունների մասին:

Սկզբում թերթը պատրաստում էին մի քանի հոգի, իսկ հիմա առավոտցիների թիվն օրեցօր ավելանում է: Աշխատակիցներն օրվա մեծ մասն անցկացնում են խմբագրությունում. «Առավոտ»-ը դարձել է նրանց տունը, տունն էլ լցվել է առավոտի լույսով ու թարմությամբ:

«Ես Առավոտ եկա 94 թվականի դեկտեմբերի 6-ին, թերթի խմբագիր լինելու ոչ մի փորձ չունեի, չգիտեի, որ կարող եմ այդ գործն անել, – այսպես սկսեց պատմել իր և «Առավոտ»-ի հանդիպման մասին թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, – սկզբում թերթը լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ, հետո՝ շաբաթը երեք անգամ, իսկ 95-ի մայիսից՝ ինչպես հիմա՝ շաբաթը հինգ ագամ»: Թերթն ունի իր սկզբունքները, որոնք շարադրված են «Առավոտ»-ի էթիկայի կանոնագրում, թեև ինչպես նշեց գլխավոր խմբագիրը՝ այն վերանայվելու է համացանցի և մասնավորապես ֆեյսբուքի զարգացմանը համահունչ: Կանոնագրի բոլոր սկզբունքներն իհարկե կարևոր են յուրաքանչյուր լրագրողի համար, սակայն այս կանոնագրից  զատ, Արամ Աբրահամյանն ունի իր սկզբունքը՝  թե’ կյանքում, և թե գործում, որը սահմանեց հետևյալ կերպ. «Հարգանքի են արժանի բոլոր մարդիկ, որոնք ունեն սեփական կարծիքը և խոսում են անձամբ իրենց, ոչ թե իրենց խմբի անունից: Կարեւոր չէ` այդ կարծիքը քեզ դուր է գալիս, թե՝ ոչ»: Փոփոխություններ լրատվամիջոցն իհարկե ունեցել է. «Կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան 97-ի ամռանը, երբ թերթը վերազինվեց և համալրվեց նոր լրագրողներով, և 2011-ի աշնանը, երբ մենք մտանք օն-լայն լրատվամիջոցեների դաշտ, – նշեց պարոն Աբրահամյանն ու հավելեց, – անփոփոխ մնացին այն մարդիկ, ովքեր «Առավոտ»-ում աշխատում են ուղիղ 19 տարի, փառք ու պատիվ նրանց»:

Շուրջ 19 տարի «Առավոտ»-ի հետ ու «Առավոտ»-ի կողքին անցկացրած մարդկանցից մեկը Աշոտ Հակոբյանն է՝ օրաթերթի մարզական լրագրողը: «Երբ տեղեկացա, որ «Առավոտ» անունով թերթ է հիմնադրվում, հանդիպեցի առաջին գլխավոր խմբագրին` Իգնատ Մամյանին: Զրուցեցինք: Նա համաձայնեց, որ թերթին մարզական բաժին է հարկավոր լինելու, եւ ես ընդունվեցի աշխատանքի, – պատմում է պարոն Հակոբյանը, – օրաթերթը շատ բան տվեց ինձ: Ավելի խորացրեց այն ամենը, ինչ սովորել էի մարզական ճանաչված լրագրող հորիցս` պատասխանատվության ավելի մեծ զգացում ինչպես սեփական ստորագրության, այնպես էլ` թերթի անվան ու հեղինակության հանդեպ, ավելի շատ ինքնավստահություն»: «Առավոտ»-ի հետ պարոն Հակոբյանն ի սկզբանե շատ նպատակներ է կապել. «Սկզբնական նպատակներից էր, որ թերթը կայանա: Փառք Աստծո` ոչ միայն կայացավ, այլեւ դարձավ ամենասիրվածներից ու պահանջվածներից մեկը Հայաստանում: Իսկ հիմա` նաեւ Հայաստանի սահմաններից այն կողմ, – ասում է նա, – «Առավոտը» դարձավ մեր ընտանիքը, մեծ ընտանիքը` իր ավանդույթներով: Օրվա մեծ մասն այստեղ ենք, բոլորս միասին: Ու դա շնորհիվ Արամ Աբրահամյանի: Ովքեր գնացել են «Առավոտից», միեւնույն է, էլի «Առավոտի» հետ են, իրենց համարում են առավոտցիներ: «Առավոտցի» արտահայտությունը յուրօրինակ բրենդ է դարձել: Ուզում ու հավատում եմ, որ «Առավոտը» դեռ շատ երկար է ապրելու ու բոլորս միասին` հին ու նորով, դեռ նշելու ենք 50, 100 ամյակները»:

Իրավական բաժնի լրագրող Ռուզան Մինասյանն «Առավոտ»-ում է 98 թվականից. «Առաջին նյութս «Առավոտ»-ում հարցազրույց էր՝ ժամանցային էջի համար», – հիշում է նա: Հետո սկսել է գրել իրավական թեմաներով: «Ես սիրով եմ աշխատում մի վայրում, որտեղ բարիդրացիական հարաբերություններ են, եթե այդպես չլիներ  դա կարող էր ազդել նաև հեղինակային նյութերի վրա, – նշում է լրագրողը, – «Առավոտ»-ում մեծ դեր ունի նաև ազատությունը, լրագրողն ազատ է ստեղծագործական առումով, ինքն է որոշում՝ ի՞նչ գրել և ինչպե՞ս մատուցել: Այդ առավելությունը ես ոչնչի հետ չեմ փոխի»:

2000 թ.-ից Գոհար Հակոբյանը մեծ ոգևորությամբ սկսել է «Առավոտ»-ի համար գրել կրթական ու մշակութային նյութեր, բայց դեռ չգիտեր, որ ամենամեծ ուրախությունն առջևում է. «Մի օր աղջիկներից մեկն ասաց, որ խմբագիրն ինձ կանչում է: Մտա խմբագրի աշխատասենյակ, դա 2000 թվականի ապրիլի վերջն էր, եւ պարոն Աբրահամյանն ասաց, որ մայիսի մեկից ես հաստիքով «Առավոտի» մշակութային բաժնի պատասխանատուն եմ, – պատմում է նա, – այդ օրն իմ ամենաուրախ օրերից մեկն էր»: Գոհար Հակոբյանը մինչ օրս էլ «Առավոտում» է, չէ՞ որ ինչպես ինքն է նշում՝ այն իրեն տվել է ջերմություն, հավատարմություն, հոգատարություն, թիմային աշխատանքի մշակույթ, պրոֆեսիոնալիզմ, հանդուրժողականություն, սովորեցրել ապրել, մտածել ու գրել առանց կարծրատիպերի եւ հորինված թաբուների: Կարծում է՝ «Առավոտն» էլ իրենից է ջերմություն ստացել. «Առավոտը» իմ ընտանիքին է, և սա ճռճռան ձեւակերպում չէ: «Առավոտում» բոլորս սիրում ենք իրար, հարաբերությունները մի տեսակ ավելին են, քան աշխատանքայինը՝  հարազատական են», – ասում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Հ.Գ. Ինչպես նշել էր Արամ Աբրահամյանը, «Առավոտ»-ի փոփոխություններից մեկն էլ այն էր, որ 2011 թ.-ին այն դարձավ նաև էլեկտրոնային լրատվամիջոց, և հենց այդ ժամանակ էլ պրն. Աբրահամյանի շնորհիվ համախմբվեցինք մենք՝ երիտասարդներս, և ստեղծվեց նաև «Առավոտ երիտասարդականը»: Մեզ համար մեծ պատիվ և ուրախություն է, երբ տարիներ շարունակ «Առավոտում» անցկացրած աշխատակիցների հետ միասին, մեզ՝ երիտասարդ լրագրողներիս էլ են կոչում առավոտցի:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի «Առավոտ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031