«Ուրբաթ» մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսում բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչները եւ խաղացողներից Զարեհ Զարգարյանն ու Մայք Դանիելյանը հավաստիացրին, որ իրենց` բոլորի, համար պատիվ է ներկայացնել Հայաստանը: «Մենք հավաքականի թեկնածուներով արդեն երկու ամիս շփվում ենք միմյանց հետ եւ մեզ համար կարեւոր չէ, թե ով որտեղից է` Հայաստանից, Ամերիկայից, Կանադայից, Իրանից, Գերմանիայից, թե Ռուսաստանից: Մեզ համար երկու կարեւոր բան կա. ամբողջ սրտով ու հոգով խաղալ եւ պատվով ներկայացնել եռագույն մարզազգեստը, որի վրա գրված է Հայաստան»:
Տղաներ կան, որ արդեն մի քանի անգամ եղել են Հայրենիքում, կան նաեւ այնպիսիք, որ միակողմանի հայ են, ծնվել են այնպիսի քաղաքներում, որ Հայաստան գալու հնարավորություն չեն ունեցել, անգամ հայերեն չգիտեն: Բայց նրանք իրենց հայ են զգում ու հպարտ են: Եվ երբ հավաքվում են քով-քովի, բոլորս էլ միասնական ենք ու հայ ենք», – ասացին նրանք:
Իսկ մարզիչ Զորիկ Իսաջանին ավելացրեց, որ Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը մասնակցելն ինքնանպատակ չէ: «Մենք խաղալու ենք հաղթելու համար, այլապես, այս ամենն իմաստ չունի: Ինտերնետով հետեւում ենք մեր ապագա հավանական մրցակիցների խաղերին, ուսումնասիրում նրանց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































