Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը հաջողված է իր գործում, երբ հաջողված է անձնական կյանքում». Պարզաբանում է հոգեբանը

Օգոստոս 23,2013 17:29

Զուգընկերոջ ընտրության հարցում մեծ դեր են խաղում մի շարք հանգամանքներ: Տարածված կարծիք կա, որ մասնագիտությունը կարող է խանգարել անձնական կյանքը դասավորելու հարցում: Սիրո, նրա վրա ազդող գործոնների՝ մասնավորապես  մասնագիտության թեմայով խոսել ենք Հոգեբանական գիտությունների թեկնածու,  բժշկական հոգեբան Քրիստինե Գալստյանի հետ:

 

Զույգի ընտրության հարցում ո՞ր մեխանիզմները կամ հատկանիշները կարող են գրավիչ լինել և որո՞նք վանող:

Դա խորքային գործընթաց է, որտեղ դերակատրություն ունեն  անձի հոգե-մարմնական պահանջներն ու ցանկությունները, աշխարհայացքային և սոցիալական դիրքորոշումները: Մեզ գրավում են ինչպես մեր կողմից հստակ գիտակցված  տվյալներն ու չափանիշները, այնպես էլ  չգիտակցված մղումները: Գիտակցված ընտրությունը շեշտադրում է առավել արտաքին չափանիշներ` տարիք, մարմնակազմություն, սոցիալական կարգավիճակ, կապեր, հարաբերություններ, ապրուստ… այս դեպքում  իրականում մենք ընտրում ենք մեր նյութական   «ԵՍ»-ը , թեպետ մեր կողքին հայտնվում է ինչ- որ մեկը: Չգիտակցվածի դեպքում ընտրությունը կարող է արմատավորվել դրական իմաստով և զույգը կարող է զարգացնել իր հարաբերությունները ՝ միմյանց ներաշխարհի առանձնահատուկ կողմերը համատեղ անցնելու և ապրելու միջոցով:

 

Տարածված  կարծիք կա, որ մասնագիտությունը կարող է ազդել անձնական կյանքը դասավորելու հարցում, օրինակ՝ դիահերձող կինը չի ամուսնանում, որովհետև  ապագա ամուսինը չի ցանկանում, որ իր կողակիցը գործ ունենա դիակների հետ, իսկ կինը ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել իր մասնագիտությունից: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է մասնագիտությունը դեր խաղում սիրային հարաբերությունների ոլորտում:

Ինչ խոսք,  մարդու մասնագիտությունն   անձի էության մասնակի մեկնաբանությունն է: Սակայն մասնագիտությունը որքան էլ կարևոր է, մարդու   անձնական կյանքը՝  անկախ սեռից   և սոցիալական  ու հասարակական դիրքից, մնում է առաջնային դերում: Շատ բան կախված է  մասնագիտության վերաբերյալ մեկնաբանություններից: Մեր ունեցած վիճակագրական  տվյալներով՝  տղամարդիկ առավել հակված են մերժել  կամ չընդունել կնոջ մասնագիտությունը, քանի որ չեն հասկանում դրա բնույթը կամ հասկանում են իրենց չափանիշներով:  Այս կերպ, ըստ իրենց տրամաբանության,  նրանք պաշտպանում են կնոջը հավելյալ փորձություններից:  Սակայն այն զույգը, որն իր անձնական հարաբերություններն առավել արժևորում և բարձր է գնահատում,  հակված է նաև հասկանալ և ընդունել կողակցի մասնագիտությանը:

 Ասում են՝ մեր նախընտրած մասնագիտությունը խոսում է մեր բնավորության մասին: Ըստ այդմ՝ հնարավո՞ր են առանձին մասնագիտությունների տեր մարդկանցից համապատասխան զույգեր կազմել:

Հետաքրքիր մեկնաբանություն էր: Սակայն իրողությունը մի փոքր այլ է. ժամանակի ընթացքում մասնագիտական  որոշ առանձնահատկություններ  կարող են  դառնալ բնավորության գծեր, քանի որ մեր բնավորությունը  ենթակա է որակական փոփոխման:

Յուրաքանչյուր մասնագիտություն առաջին հերթին ինֆորմացիա է, ճանաչողություն, որն ուղղված է որոշակի դաշտում որոշակի արժեքների ստեղծմանը: Սակայն այսօր չենք կարող առանձնացնել որևէ մասնագիտություն  կամ մասնագետի,  որը գործադրելի  է կամ գործում է միայն  աշխատանքային միջավայրում: Նույն ծրագրավորողի, լրագրողի, բժշկի, շինարարի, մանկավարժի, հաշվապահի, դերձակի գիտելիքների և հմտությունների ամբողջությունը անհրաժեշ և կարևոր են ընտանիքում: Հետևաբար, ամուսնության պարագայում  ներդաշնակ կարող ենք համարել այն զույգի մասնագիտական համատեղությունը, ով պակաս կարևոր չի համարում ընտրյալի մասնագիտությունը, այլ արժևորելով նրա ընտրությունը՝ օժանդակում է մասնագիտական աճին ու զարգացմանը:

Մի հերոս ունենք, ով մասնագիտությամբ հոգեբան է, սակային մի քանի տարի է, ինչ չի աշխատում որպես հոգեբան: Այժմ նա ավտոմեխանիկ է, 29տարեկան էամուսնացած չէ: Ասում է ՝ չի կարողանում շփվել աղջիկների հետ, որովհետև նրանց նայում է որպես հաճախորդների ոչ թե հարսնացուներիԿցանկանայի Ձեր մեկնաբանությունը լսել այս ամենի վերաբերյալ:

 

Այստեղ պարզ է այն հանգամանքը, որ մեր հերոսը նորոգել է սիրում, քանի որ հոգեբանի մասնագիտությունն էլ լայն  իմաստով նորոգող է: Սակայն մեր հերոսի բավականին խոսուն տարիքը հաշվի առնելով՝ նշենք, որ  ինքն իր ներքին հոգեկան աշխարհում որոշակի կողմեր վերանայելու անհրաժեշտություն ունի:  Այն հանգամանքը, որ չի հաղորդակցվում, չի շփվում հակառակ սեռի հետ, այլ  նրանց ընդունում է  զուտ որպես  հաճախորդների, խոսում է այն մասին, որ  հերոսը պաշտպանվում է արտաքին աշխարհից: Նա փախչում է  սեփական ներքին պահանջներից ու ցանկություններից: Սա հետևանք է բավականին լուրջ գործոնի կամ գործոնների՝ ամենատարբեր կենցաղային խնդիրներից ու ճգնաժամերից սկսած մինչև հոգեկան ուժեղ ցնցումներն ու ապրումները, օրինակ՝ սիրելիից բաժանվելը, մերժված լինելը, հարազատի կորուստը, հասարակության մեջ ոչ հարիր դեր զբաղեցնելը և այլն:

Նա այսօր վաստակում է, գուցե և շատ քիչ, բայց  գումարի շատ կամ քիչ լինելը չէ, որ մտահոգում և ընկճում է նրան: Այլ իրականում մեր հերոսը ինքնարժեքի խնդիր ունի, քանի որ առաջին հերթին մերժված է ինքն իր կողմից: Եվ հակառակ սեռի հետ բոլոր տեսակի կամունիկացիոն խնդիրներն էլ ծագում են հենց այս կետից: Ներքին ազատության ապրումն է, որ ճնշված է մեր հերոսի մոտ, ինչը շտկելի է միայն սեփական անկրկնելիությունը գիտակցելու միջոցով: Կարևոր չէ, թե ինչով ես զբաղվում հիմա, ինչ հագուստ ես կրում, ինչ երթևեկության միջոցն է հասանելի քեզ, կամ թե ինչքան գումար ունես գրպանումդ: Կարևորը վստահությունն է` սեփական անձիդ, ներքին կարողություններիդ  և ձգտմանդ նկատմամաբ: Այստեղ կարևորը ինքնավստահության նվաճումն է :

 Իսկ անձամբ  Ձեր անձնական կյանքի հարցում  Ձեր մասնագիտությունը  ազդու՞մ կամ խանգարու՞մ է :

Ես շատ եմ  սիրում իմ մասնագիտությունը և առ այսօր այն առավել օգնել է ինձ` հարաբերությունների կառուցման,զարգացման և որ ամենակարևորն է` ինքնաճանաչման հարցում: Բացի այդ՝  ես օգնում եմ մարդկանց  հաղթահարել հոգեկանը վնասող ամենատարբեր խնդիրները, ձեռք բերել ներքին ազատություն, որն առավել աբողջացնում և ընդգծում է մասնագիտությանս  կարևորությունը:

Ես ամուսնացած եմ և երջանիկ եմ իմ անձնական կյանքում: Ինչ վերաբերում է մասնագիտությանս խանգարելուն իմ անձնական կյանքին,ասեմ որ զինված եմ մասնագիտական այնպիսի տեխնիկաներով, որոնք, թույլ չեն տալիս մասնագիտական խնդիրներն ու ապրումները տեղափոխել անձնական տիրույթ: Ավելին, ես հոգեթերապևտ եմ և որպես մշակույթ ինքս եմ ժամանակ առ ժամանակ այցելում իմ սուպերվայզերին ներքին բացասական կուտակումներս մաքրելու նպատակով:

Կարծիք կա, որ սիրող մարդը աչք է փակում ամեն բանի վրա՝ այդ թվում իր սիրելիի մասնագիտության, նույնիսկ պատրաստ է հրաժարվել իր մասնագիտությունից, իր աշխատանքից: Ձեր կարծիքով՝ ամուր սիրո դեպքում պարտադի՞ր է, որ մարդը դիմի «անձնազոհության»:

 

Սերը մարդուն տրված այն բարձրագույն, բարձրարժեք և ամենախորքային ապրումն է, որը  կամ կա, կամ չկա :  Եթե կա` այն հասկացող է, հանդուրժող, ընդունող, ներող…Սիրո պարագայում, անձնազոհության խնդիրն անգամ անիմաստ է դառնում, քանի որ անձդ է, որ սիրվում է ամբողջովին և այն կորցնելով կամ զոհելով՝ սերդ էլ վտանգվում է:

Ասում են՝ սիրահարվում են բոլորը, բայց ոչ բոլորն են սիրում: Ըստ Ձեզ՝ մարդ կարո՞ղ է կառավարել իրեն, ընտրել, թե ում սիրել:

Ինքն իր անձի նկատմամբ կառավարումը արհեստական գործընթաց է, սկզբունքորեն դա կարող ենք անվանել ծրագրավորում, ինչը շատ դեպքերում չի ընդունում մեր հոգեկանը և սա  ավելի անտանելի է դառնում սիրային փոխհարաբերություններում, քանի որ նրանում բացառում ենք հուզազգացմունքային կողմը: Այդպիսի հարաբերությունները  երկար կյանք չունեն,  սիրո մասին էլ այստեղ խոսք լինել չի կարող…

Սիրահարությունը մի խաբկանքային շրջան է, երբ ենթագիտակցորեն ձգտում ես առավել լավ կողմերով հանդես գալ սիրելիիդ առաջ, առավել ազդեցիկ լինել և սա նորմալ է:  Սակայն անցումը դեպի խորքային փոխհարաբերություններ, մի փուլ է (հնարավոր է մի ամբողջ կյանք), որտեղ անձը լիովին թուլանում է, ձգտում է իր կողակցին և հոգով, և մտքով և մարմնով:  Այլևս չի ծածկում իր մարդկային թերություններն ու խնդիրները, քանի որ վստահում է զուգընկերոջը և հավատում համատեղ կյանքին: Նշենք նաև այն փաստը, որ այո, կան մարդկային տեսակներ, որոնք ունակ չեն սիրել և սա բոլորովին էլ չի արժեզրկում նրանց կյանքը, քանի որ նրանք իրականում չեն գիտակցում սիրո արժեքն ու նշանակությունը:

Իսկ առհասարակ ի՞նչ խորհուրդ կտաք միայնակներին, ովքեր չեն կարողանում դասավորել իրենց անձնական կյանքը:

Ամեն օր բազմաթիվ մարդկանց եմ ընդունում ինձ  մոտ, ովքեր դիմում են ամենատարբեր հոգեբանական խնդիրներով: Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ մենակության, չսիրված, չհասկացված կամ մերժված լինելու  ֆենոմենն է շատ թվով մարդկանց մեջ մի նոր հիվանդության սկիզբ  կամ պատճառ դարձել…  Անձնական կյանք ունելու համար, առաջին հերթին կարևոր է առաջնային և երկրորդային հարթությունների՝պահանջների, ցանկությունների, ձգտումների հստակ գիտակցումն ու ընդունումը: Այս ընթացքում կարևոր է չբացառել մասնագիտական օգնության անհրաժեշտությունը: Պետք է ներաշխարհում գտնել կարևորը և կառուցվել դրա հիմքով: Մարդը հաջողված է  իր գործում, շրջապատում, մարդկային ամենատարբեր փոխհարաբերություններում, երբ հաջողված է անձնական կյանքում: Հետևաբար արժե սկսել հենց այստեղից…

Զրուցեց՝ Նազենի Բաղդասարյանը

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031