Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակացարանի սեփականատերը միգրացիոն ծառայությունը չէր

Սեպտեմբեր 07,2013 13:14

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուրադ Մեժլումյանի հայցը՝ ընդդեմ Մոլդովական փողոցի  70/1 հասցեում գտնվող  հանրակացարանի 627 եւ 628 սենյակների բնակիչ Ամալյա Գալուստյանի: Մուրադ Մեժլումյանը հայց է ներկայացրել դատարան, որպեսզի ետ վերադարձնի հանրակացարանի 627 սենյակը: Դատաքննության սկզբում նիստը նախագահող դատավոր Էդուարդ Ամալյանն անդրադարձավ այն գրությունների պատասխանին, որոնք ուղղվել էին համապատասխան մարմիններին՝ դատարանի կողմից՝ հարցումներ կատարելու համար: Հարցումների պատասխանները եկել էին ՀՀ ԿԱ  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից: Այդ գրությամբ դատարանին տեղեկացվում էր, որ Մոլդովական փողոցի 70/1 հասցեում գտնվող հանրակացարանը  2013 թվականի սեփականության իրավունքով գրանցվել է Հայաստանի Հանրապետության անվամբ: Պատասխան գրություն էր ստացվել քաղաքաշինության նախարարության կողմից: Այդտեղից պատասխան գրությամբ տեղեկացնում էին, որ բարձրացված հարցը քաղաքաշինության նախարարության իրավասությունից դուրս է, եւ այն վերահասցեագրվել  է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն: Ստացվել էր նաեւ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի գրությունը: Այդտեղից ուղարկված գրությամբ դատարանին տեղեկացնում էին, որ Մոլդովական փողոցի 70/1 հանրակացարանը պատկանում  է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը եւ նույնիսկ՝ սեփականության իրավունքով: Ստացվել էր եւս մեկ պատասխան-գրություն Երեւանի քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետարանից ստացված գրությամբ տեղեկացվում էր նույնպես, որ հանրակացարանը գտնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության իրավասության ներքո: Նշենք, որ մինչ այս եղած դատական նիստերին Մուրադ Մեժլումյանը ներկա չի եղել, սակայն այդ մասին պատշաճ տեղեկացրել է դատարանին: Կայացած դատական նիստը կրկին անգամ հետաձգվել է, քանի որ դատավորը եկել է այն եզրահանգման, որ Մուրադ Մեժլումյանը չի կարող դրսեւորվել որպես պատշաճ հայցվոր: Դա պայմանավորված է ոչ թե Մուրադի անձնային հարցով, այլ նրանով, որ հանրակացարանը գտնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում, ուստի իրենք էլ համարվում են հանրակացարանի սեփականատերը: Պատշաճ հայցվոր պահանջելու համար դատարանը հետաձգեց Մուրադ Մեժլումյանի հայցով դատական նիստը: Նիստին ներկա էր պատասխանող կողմ Ամալյա Գալուստյանի՝ դատարանում որպես ներկայացուցիչ Աշխեն Եսայանը: Ներկայացուցիչը պատշաճ հայցվոր պահանջելու հետեւանքով դատական նիստը հետաձգել ցանկացող դատավոր Էդուարդ Ամալյանին ասաց. «Մուրադ Մեժլումյանն իր լիազորագրով հանդես գալ չի կարող: Դուք հրապարակեցիք մի փաստաթուղթ, որը լիազորագիրն էր, որտեղ նշված է, որ հայցվորի ներկայացուցիչը լինելու է Մեժլումյանը: Դրա հակառակ կողմում նշված է՝ տեղեկանալով դատարանում գտնվող գործի մասին՝ ներկայացնում ենք հայցադիմումը: Պարզ է, որ նրանք արդեն իսկ տեղեկացված էին գործի մասին, ուստի պետք է շահագրգիռ լինեին՝ պաշտպանեին իրենց իրավունքը: Հետեւաբար, չեմ կարծում, թե պետք է եւս մեկ հնարավորություն տալ, որպեսզի իրենք իրավունքի իրացում անեն: Անիմաստ է, քանի որ ձգձգվում է դատական նիստը»: Դատավոր Ամալյանը տեղեկացրեց, որ գրությունն ուղղվել էր ոչ թե դատարանին, այլ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մեժլումյանին: Այսինքն՝ Մեժլումյանն ինքն է գրությունով դիմել, որպեսզի իրեն լիազորեն, սակայն դատարանը պատշաճ հայցվոր չի ճանաչել: Դատարանն ուսումնասիրելով կողմերի փաստերը՝ եկել է այն եզրակացության, որ հանրակացարանը պատկանում է ոչ թե  տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինությանը, այլ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվել էր:  Դատավոր Էդուարդ Ամալյանն ասաց. «Որպեսզի չխախտենք պատշաճ հայցվորի իրավունքները, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվում է՝ տեղեկացնելու համար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, որ ապահովեն պատշաճ հայցվորով»:

Մինչ դատական նիստի հետաձգելը՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը հարց ուղղեց հայցվոր կողմին՝ Մուրադ Մեժլումյանին. «Դուք դիմե՞լ եք դատարան, որպեսզի վերականգնեք Ձեր իրավունքը: Ձեր ո՞ր իրավունքն է խախտվել»: Մուրադ Մեժլումյանը պատասխանեց. «Սենյակի վերադարձման իրավունքը»:

Ուշագրավ է, որ դատարանը «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենին համարել է ոչ պատշաճ հայցվոր եւ չնայած դրան, նա դեռ շարունակում է պնդել, որ խախտվել է իր իրավունքը, նույնիսկ այն պարագայում, երբ ապացուցվել է, որ  հանրակացարանը գտնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում եւ դա իրենց սեփականությունն է:

Հիշեցնենք, որ Ամալյա Գալուստյանի զբաղեցրած Մոլդովական փողոցի 70/1 հանրակացարանի 627, 628 սենյակներից մեկը՝ միայն համար 627-ը, «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենն ուզում է ետ վերադարձնել այն պատճառով, որ Ամալյայի 4 երեխաները 2008 թվականից գտնվում են անհայտների ցուցակում, եւ նա այդ երկու սենյակում բնակվում է միայնակ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30