«Ինտեգրացիան այս կամ այն ոլորտում համագործակցությունը չէ, առեւտուրը չէ, որպես կուսակցություն ` մեր ծրագրում ամրագրված դրույթներից է չմիացման սկզբունքը: Եվ մենք դեմ ենք որեւէ դաշինքի , որը մեկ այլ դաշինքի դեմ են կամ մրցակից, անդամակցությանը՝ նույնպես: Այսօր հանդես ենք գալիս եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիաների զույգ վեկտորներին դեմ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը` շեշտելով, որ դեմ են ցանկացած ինտեգրացիայի, քանի որ իրենց համոզմամբ՝ ինտեգրացիան սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Կուսակցության մամուլի խոսնակ Արմեն Հովհաննիսյանն էլ շարունակեց. «Մեր նպատակն ինքնիշխան Հայաստանն է, եւ այդ նպատակին հասնելու միջոցը`ազգային հեղափոխությամբ կտրուկ փոփոխություններ անելը, որը հնարավորություն կտա ներքին ախտերից ազատվել եւ արտաքին ճակատներում դիմադրել»:
Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, Եվրոպական միության եւ Եվրասիական միության ինտեգրման գործընթացը չունի քաղաքակրթական տարբերություններ. «Միեւնույն գաղափարների տարբեր ներկայացումներն են, կա ընդամենը շահերի բախում: Որեւէ քաղաքակրթական տարաձայնություն չկա, չկա այլընտրանք, պարզապես իմ կարծիքով, Ռուսաստանը շատ վատ Արեւմուտք է, այսինքն՝ նույն ինստիտուցիոնալ լուծումները ասիական , անչափահաս, անփութությամբ իրականացված»:
Կուսակցության մամուլի խոսնակը նաեւ ասաց, թե ինչ է առաջարկում իրենց կուսակցությունը. «Մեզ համար առաջնային է, որ հայ ազգը իր տարածքում ստեղծի ինքնիշխան պետություն , եւ ցանկացած ինստիտուցիոնալ որոշում, մոդել, որը բխում է այդ շահերից, մեզ համար ընդունելի է: Շատ բարձր բառեր են եվրոպական արժեք, քաղաքակրթություն, բայց եթե բերում են Հայաստանի բնակչության թվի նվազմանը, բերում են Արցախի հարցով դիվանագիտական պարտության՝ մեզ համար անընդունելի են: Հավատում ենք, որ հայ ազգը իրավունք ունի եւ ի վիճակի է իր տարածքում ստեղծել գործունյա պետականություն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































