Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչը պետք է երեխայի հոգում լույս թողնի».Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 05,2013 16:18

Ուսուցչի նվազագույն աշխատավարձը 50 հազար ապահովելու համար կառավարությունը բոլոր մարզերի և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչություններ է հրավիրում դպրոցների տնօրեններին և այնտեղ «թեթև ձեռքով» ուղղումներ է մտցնում դպրոցի հաստիքացուցակներում:

«Չկա մի փաստաթուղթ, որ բոլոր կետերը ներառված լինեն: Կա միայն մեկը, որը ստորագրել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որի վերնագիրն է՝ «Ուսումնական հաստատություններում վարչական աշխատողների և ուսումնա-օժանդակ անձնակազմի նոր հաստիքացուցակ, որը ընդամենը ըստ իրենց՝ օգնություն է, մեթոդական ցուցում, ուզո՞ւմ եք՝ սրանով առաջնորդվեք, բայց իրականում ի՞նչ է լինում, որովհետև էս քողի տակ միջամտում են բոլոր ներքին ֆինանսական գործերին»,- այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում` ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ, հայտարարեց մանկավարժ, Կրթության նախարարության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Հայաստանում հանրակրթական դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով, և որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինքը օրենքով իր ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունք ունի: Այսինքն՝ դե յուրե պետությունը ֆինանսական հարցերում միջամտելու իրավունք չունի, և ըստ նրա՝ այդ պատճառով էլ հորինվել է մեթոդական խորհրդի ձևը:

Տիկին Բախշյանը վերհիշելով իր դպրոցական տարիները ասաց, որ 1959-1965թթ., երբ ամեն բան թելադրվում էր, այդ տարիներին եւս կային ուսուցիչներ, ովքեր առաջնային գերապատվությունը տալիս էին աշակերտի սեփական դատողություններին.« Իմ ուսուցիչն ինձ ասում էր դասագիրք չտեսնեմ, դրեք մի կողմ եւ արեք ձեր սեփական դատողությունները: Շնորհակալ եմ ֆիզիկայի ուսուցչիս, ում անչափ չէի սիրում եւ դա փոխադարձ էր: Միշտ ասում էր, որ հինգ եմ նշանակում, բայց հինգի բան չես: Ես իրեն հակառակվելով գնացի ֆիզիկայի ֆակուլտետ եւ մեկ հինգով որպես մեդալակիր ընդունվեցի: Սա էլ իմ չսիրած ուսուցչի շնորհիվ»,-անկեղծացավ Բախշյանը:

Վերջինս տարիներ անց դպրոց մտել է ամուսնու՝ ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի և սկեսրոջ համառ պնդումների և իր դիմադրության արդյունքում:
Նա բավականին անկեղծանալով ասաց, որ երբ 1972թ. որպես ֆիզիկայի ուսուցչուհի մտել է դպրոց եւ լինելով ներքուստ ժողովրդավար մարդ, սկզբում աշակերտներին առաջարկել է ազատ լինել, ընթացս հասկացել է, որ աշակերտները «նստում են իր գլխին», և ահա, հաջորդ սեպտեմբերի 1-ին արդեն դպրոց է մտել «փայտը ձեռքին»:

«Ես հասկացա, որ ժողովրդավարություն նշանակում է որոշակի խաղի կանոններ եւ այդ կանոններին առաջինը դու պետք է տիրապետես»,-ընդգծեց նա` հավելելով, որ եթե ուսուցիչը աշակերտի ընկերը չի, նա ոչ մի հաջողության հասնել չի կարող անգամ իր առարկայի դասավանդման հարցում: «Ուսուցիչը պետք է երեխայի հոգում լույս թողնի»:
Իր մանկավարժական գործունեության ընթացքում Անահիտ Բախշյանն իրականցրել է չորս ծրագիր, որոնք այսօր դարձել են հանրակրթական պետական ծրագրեր: Այն է՝ քաղաքացիական կրթություն, քրիստոնեական կրթություն, ներառական կրթություն և մասնագիտական կողմնորոշում, որն ըստ բանախոսի` միմյանցից անջատ լինել չեն կարող. «Այդ չորս ծրագրերը զուգահեռ պետք է գնան: Ամեն ինչ կիսատ–պռատ ենք արել, քաղաքացիական կրթությունը սկսեց շատ լավ հետո ձևափոխվեց դարձավ «Հասարակագիտություն», ինչի մեջ մտան բազմաթիվ բաղադրիչներ հոգեբանություն, արվեստ, ամեն ինչ և մի ուսուցիչ ունենք: Ասում ենք՝ «դու մտի՛ր, այսօր խոսիր իրավունքից, վաղը՝ արվեստից, չորրորդ օրը՝ հոգեբանությունից։ Պահանջում ենք ունիվերսալ ուսուցիչներ, բայց չենք պատրաստում նման ուսուցիչների»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031