Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբեր 07,2013 16:43
mayr ator

Այսօր` հոկտեմբերի 7-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս` «Ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն էին Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը և Համաշխարհային համահայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանը:

Գևորգ Մկրտչյանը, փորձելով հնարավորինս մանրամասն ներկայացնել ուխտերթի անցկացման բնույթը՝ ասաց. «Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոն համարվող Սուրբ  Թարգմանչաց տոնը հավուր-պատշաճի տոնելու համար հոկտեմբերի 19-ին` ժամը 11-ին, Երևանից, մասնավորապես` Ազատության հրապարակից, քայլերթով կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից արդեն ավտոբուսներով կմեկնարկի ուխտերթը դեպի Էջմիածին, մասնավորապես, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքից ուխտավորները կքայլեն դեպի Մայր տաճար, որտեղ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին վեհափառի կողմից հանդիսավորությամբ տեղի կունենա օրհնության կարգ և հայրապետական պատգամ: Ուխտերթն ունենալու է սիրո, հավատի ու հավատարմության խորհուրդ, և ուղղված է Հայ առաքելական սուրբ եկեղեցու միասնության, հոգևոր, ազգային, ավանդական, ընտանեկան արժեքների պաշտպանությանը»:

Գաղափարի և նախաձեռնության մասին խոսեց Մարիամ Մարտիրոսյանը: Նա մասնավորապես ասաց, թե ինչու է Համաշխարհային համահայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան դիմել Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի օգնությանը. «Բանն այն է,-ասաց Մ. Մարտիրոսյանը,- որ մենք` երիտասարդական կառույցների ներկայացուցիչներս, պարբերաբար ենք ուխտագնացություններ կազմակերպում, բայց, ցավոք, դրանց հիմնականում մասնակցում են մեր անդամ երիտասարդները: Մինչդեռ, շատ մեծ թվով երիտասարդներ, որոնք ընդգրկված չեն երիտասարդական հասարակական կառույցներում, միշտ չէ, որ տեղյակ են լինում ուխտագնացություններից, ուստի` որոշեցինք հոկտեմբերի 19-ին, Թարգմանչաց տոնի կապակցությամբ, մեր հերթական ուխտագնացությունը, որն ամեն տարի կազմակերպում ենք, ավելի մասսայական դարձնել, հնարավորություն տալ ավելի մեծ թվով երիտասարդների մասնակցելու այդ ուխտագնացությանը: Դրա համար դիմեցինք Հայ եկեղեցու երիտասարդական միությանը: Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները նույնպես արձագանքեցին: Մենք հիմա մի շարք երիտասարդական կազմակերպությունների հետ միասին կազմակերպում ենք վերոնշյալ ուխտագնացությունը, որը ենթադրում է մեծ թվով երիտասարդների մասնակցություն»:

Գ. Մկրտչյանը հայտնեց, որ ուխտագնացությանը միանալու են Հայաստանի բոլոր թեմերից, եկեղեցական, հասարակական կառույցներից, միավորումներից և այլն: Ուխտագնացությանը կարող են միանալ բոլորը` անկախ սեռից, տարիքից: Նա նաև հավելեց, որ ասուլիսի բուն նպատակը տեղեկատվության տարածումն է, որ հնարավորինս շատ մարդիկ տեղյակ լինեն և ցանկության դեպքում միանան: Բոլոր մասնակիցները կապահովվեն ավտոբուսներով:

Գևորգ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Թարգմանչաց տոնին լինում են ամենամյա ուխտագնացություններ, բայց այսպիսի մեծ մասշտաբով երթ առաջին անգամ է լինում:

Խոսելով ուխտագնացության նպատակի մասին` նա ասաց. «Ուխտագնացության հիմքում միասնականության գաղափարն է, հավաքական, միասնական մեկ նպատակի համար ուխտ անելը: Մեր կարգախոսում` «Սեր, հավատ, հավատարմություն», մեր հասարակությանը պակասող կարևոր արժեքներն ենք ընտրել, որոնք մեր կյանքում կարևոր նշանակություն պիտի ունենան: Նպատակը համախմբվելն է հանուն այդ արժեքների»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031