Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի եղբայրը Սամվել Բալասանյանից հետ է պահանջում իր «Չայկան» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2013 17:52

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել`ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտում կատարած աշխատանքները: Ասուլիսը տևեց ուղիղ երկու ժամ, քաղաքապետը բավականին երկար խոսելուց, ավելի ճիշտ հաշվետվություն ներկայացնելուց հետո, պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Aravot.am-ը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց` մի՞թե իր բողոքով են քրեական գործ հարուցել Վարդան Ղուկասյանի ընկերոջ` քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի ու այդ նույն բաժնի մյուս նախկին աշխատակիցների նկատմամբ, որոնց մեղադրում են «Գյումրեցի ընկերներ» ասֆալտապատող ընկերության միջոցով 85 միլիոն դրամ յուրացնելու, սակայն քաղաքի ասֆալտապատումը չիրականացնելու համար:

Հիշեցնենք` լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գյումրեցի ընկերներ»-ը պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին:

Մենք նաև հարցրեցինք, թե ի՞նչ ընթացքի մեջ է Գյումրու քաղաքապետարանին դատի տված «Գյումրեցի ընկերներ» -ի հայցը:

«Դուք տեսաք, որ ասենք 424 միլիոնի հետ կապված Ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը եկավ ու մեզ ասաց, որ էս գումարը դուք չպետք է վճարեք «Գյումրեցի ընկերներ»-ին, որովհետև ինչ-որ չարաշահումներ տեսան, և պարզվեց նրանք այս ամեն ինչը պետք է հանձնեին իրավապահ մարմիններին: Իրենք հանձնեցին, բայց փաստորեն «Գյումրեցի ընկերներ»-ը մեզ դատի տվեցին, իրենց մեղքը… որևէ բան մենք չենք արել, որովհետև ինձ չի հետաքրքրում դատ-դատաստան: Ինձ մի բան է հետաքրքրում, որպեսզի ես էդ գումարը չվճարեմ, որովհետև ես էդ գումարը չունեմ վճարելու, որովհետև էդ գործը (խոսքը ասֆալտապատման մասին է) կատարված չէ` ըստ իս: Հիմա ում մեղքը կառնեն, չեն առնի, իրականությունն այն է , որ կա Ֆինանսների նախարարության ակտը համապատասխան, կա դրանից հետո նաև «Գյումրեցի ընկերներ»-ի դատարան ներկայացրած հայցը մեր դեմ, որը հիմա կանգեցվել է: Մենք դիմում գրեցինք , որ գտնվում է քրեական վարույթի մեջ և դադարեցվել է: Հիմա թե քրեական գործ են հարուցել, ինչ են անում, ինչ չեն անում, Աստված իրենց հետ, որովհետև նորից են մեզ դատի տվել`«Չայկի» համար»,- ասաց Գյումրու քաղաքապետը:

Իսկ թե ինչո՞ւ են «Չայկա» մեքենայի համար դատի տվել Գյումրու քաղաքապետարանին, ի՞նչ են պահանջում, այս մասին խոսեց փոխքաղաքապետ Գուգեն Մալխասյանը. «Պահանջում են վերադարձնել իրենց «Չայկան», քանի որ անցկացվել է աճուրդ և աճուրդում հաղթող է ճանաչվել: Չնայած օրենքի խիստ խախտում կա. «Հրապարակային սակագնությունների» մասին օրենքով աճուրդի կազմակերպիչի` տվյալ դեպքում քաղաքապետի մերձավոր-հարազատները էր իրավունքը չունեին մասնակցել աճուրդին, բոլոր դեպքերում նման հայց է ներկայացվել: Նաև ոչ իրատեսական ծախս է ներկայացվել, որ այդ 100 հազար դրամ գնված մեքենայի վրա աստղաբաշխական ինչ-որ թվեր են ծախսվել, որը իրատեսական չէ, մոտ 3 միլիոնի կարգի»:

Նշենք, որ խոսքը այն հանրահայտ «Չայկայի» մասին է, որը մոտ մեկ տարի առաջ անհետացել էր քաղաքապետարանի հաշվեկշռից , և մինչև Սամվել Բալասանյանը փնտրում էր մեքենան՝ պարզվեց այն տարել է տերը` Վարդան Ղուկասյանի ավագ եղբայրը` Գևորգ Ղուկասյանը:

Այդ մեքենան քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին շաբաթներին, ավագանու որոշմամբ, աճուրդ-վաճառքով 100.000 դրամով օտարվել էր Գևորգ Ղուկասյանին: Իհարկե, ոստիկանությունը Գևորգ Ղուկասյանի ձեռքից հետ վերցրեց, այսպես ասած, թռցրած «Չայկան», իսկ հիմա վերջինս, դիմելով դատարան, սեփականատիրոջ իրավունքով այն հետ է պահանջում Սամվել Բալասանյանից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031