Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ցուցմունքի, անձնագրայինի պետը 10 օր պահվել է 6-րդ վարչությունում

Նոյեմբեր 06,2013 16:39

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննված Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ 20.02.2012թ. Սյունիքի դատախազի տեղակալի կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 41109410 քրեական գործով, նոր ի հայտ եկած հանգամանքներով, հարուցվել է նոր քրեական գործ:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն ասում է, որ Հակոբ Թոսունյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրօրի 340 հոդ. 2-րդ մասով և 38-349 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա Նոնա Սպարտակի Հարությունյանի և նրա որդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով հարկադրել է Ն.Հարությունյանին տալ սուտ ցուցմունք և օժանդակել էր առանձին պաշտոնատար անձանց առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով կեղծ ապացույց ստեղծելուն:

Նշյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբ Թոսունյանի որդիներ Գևորգին, Կարապետին, Ջորջին: Թոսունյանների  և գործով մյուս մեղադրյալ Վիլեն Գրիգորյանի, ինչպես նաև Հ. Թոսունյանի վերաբերյալ անջատված մասերով  քրեական գործերը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի վարույթ:

Իսկ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Ինչպես մենք տեղեկացրել էին, Սյունիքի մարզի դատարանում փաստաբան Վահագն Մանուկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ հայտնելով, որ Հակոբ, Գևորգ, Կարապետ և Ջորջ Թոսունյաններին առաջադրված մեղադրանքի և դրանից  կալանավորման, դրա ժամկետը երկարացնելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու հիմքերը եղել են լիովին անհիմն ու շինծու, եւ միջնորդեց գրավ կիրառել:

Ըստ Վ.Մանուկյանի, թե մինչդատական վարույթ իրականացնող մարմինը և թե դատարանը մերժեց այն, արժանահավատ համարելով Նոնա Հարությունյանի հակասական փաստարկները, անտեսելով Ջ., Գ., Հ., Կ. Թոսունյանների ցուցմունքները:

Ի դեպ, նշենք, որ դատարանն իր որոշումներով նաև հաստատված է համարել, որ Հակոբ Թոսունյանը մինչդատական վարույթում կամ գործի քննության ժամանակ կարող է թաքցնել գործի համար նշանակություն ունեցող նյութեր կամ կեղծել դրանք: «Այս դեպքում նույնպես լիովին անհասկանալի է, թե ինչ նյութերի թաքցման կամ կեղծման ճանապարհի մասին կարող է խոսք գնալ, եթե վկայակոչված փաստարկները իրավական հարթության մեջ ոչ մի պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում Հակոբ Թոսունյանին առաջադրված մեղադրանքի հետ»,- հարցնում է Վ.Մանուկյանը:

Ըստ վերջինի էլ, Հ. Թոսունյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, նախկինում տարել է ինֆարկտ, ներկայումս ունի արյան բարձր ճնշում՝ սրտի սնուցման խանգարումով, ինչպես նաև աղեստամոքսի տրակտի, լյարդի, լեղապարկի հիվանդություններ, որոնց համար ներկայումս գտնվում է դիսպանսեր հսկողության տակ, ընդունում է  դեղորայքային տարբեր բուժումներ, ինչը հաստատվել է ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերի միջոցով, որոնք կցված են քրեական գործի նյութերին:

Ջորջ Թոսունյանն էլ մինչև ձերբակալվելը շուրջ 1.6 տարի ՀՀ ՊՆ թիվ N զորամասում գտնվել է ժամկետային զինծառայության մեջ: «Ըստ նախաքննական մարմնի և դատարանի, իմ պաշտպանյալը ինչպես կարող էր թաքնվել քննությունից կամ խոչընդոտել վարույթ իրականացնող մարմնի աշխատանքներին, անօրինական ազդեցություն գործադրել դատավարությանը մասնակցող անձանց վրա: Ջ.Թոսունյանը գտնվելով ժամկետային զինծառայության մեջ՝ կարո՞ղ է կատարել հակաօրինական  որևէ գործողություն` այն էլ հրամանատարության հսկողության տակ»,-ասում է Վ.Մանուկյանը:

Նշենք, որ այս քրեական գործի շրջանակներում նաև կալանավորվել են Սյունիքի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Գագիկ Դանիելյանը, Սյունիքի մարզի նախկին դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը և դատաբժիշկ- փորձագետ Գագիկ Բաբայանը:

Պաշտպան Մանուկյանի տեղեկության համաձայն, Թոսունյանների ողջ ընտանիքը ապօրինի կարգով ամիսներ շարունակ գտնվում է կալանքի և քրեական հետապնդման տակ՝ լոկ ինչ-որ 100.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու հարցերի հետ կապված, որի վերաբերյալ գործի քննությամբ առ այսօր ոչ մի ապացույց ձեռք չի բերել, որևէ մեկը հայտարարություն կամ ցուցմունքներ չի տվել, դրա համար չկա որևէ մեկը որպես մեղադրյալ ներգրավված և ընդամենը թռուցիկ որպես օպերատիվ տվյալ ակնարկվել է միայն Հակոբ Թոսունյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մեջ:

Բացի այդ, ըստ փաստաբանի, վկա՝ Կապանի ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի պետ Արշամ  Աթանյանը դատարանում ցուցմունք և հայտարարություն է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել 6-րդ վարչություն, որտեղ, իրեն զրկելով ազատ տեղաշարժվելու իր իրավունքից, ապօրինի կարգով շուրջ 10 օր պահել են այդտեղ, որի ընթացքում  ոստիկանության որոշ պաշտոնատար անձինք իրեն պարտադրել են Թոսունյանների դեմ տալ ցուցմունքներ, հակառակ դեպքում ինքը կամ կկալանավորվի, կամ կհեռացվի ոստիկանության համակարգից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930