Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւանն» առաջարկում է հրավիրել հանրային լսումներ

Նոյեմբեր 08,2013 16:35

8 նոյեմբերի 2013, Երևան: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում ասվում է, որ վերջին տարիներին Երեւան քաղաքում հասարակական ընդվզումներով ու ոստիկանական ուժերի ներգրավմամբ ուղեկցվող կառուցապատումները խրոնիկական բնույթ են ստացել ու դարձել սովորական երեւույթ: Գրեթե առանց բացառության, դիտարկված բոլոր դեպքերում (Կոմիտաս 5, Սայաթ Նովա 12, Ամիրյան 18-25, Փակ Շուկա եւ այլն) հանրությունը դեմ է արտահայտվում կառուցապատման նախագծերին ու կասկածի տակ դնում կառուցապատողների կողմից Երեւանի քաղաքապետարանից տարածքների ու շինթույլտվությունների ձեռքբերման օրինականությունը: Ստեղծված իրավիճակը Երեւանի ավագանուն՝ իբրեւ Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին («Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 1-ին մաս), հարկադրում է լրջագույնս վերանայել ու լրամշակել այս ոլորտում առկա պրակտիկան եւ ընթացակարգերը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (Ավագանու լիազորությունները) 13-րդ կետով Երեւանի ավագանուն է վերապահվում «ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` Երեւանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ սահմանելու» լիազորություն: Նույն օրենքի 39-րդ հոդվածի (Հանրաքվե նշանակելը, լսումներ անցկացնելը) 2-րդ մասի համաձայն՝ «Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչեւ հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ»:

Բնակիչներ-կառուցապատող առճակատումները բացառելու, կառուցապատման ընթացակարգերը հստակեցնելու հրամայականը եւ ավագանու սույն լիազորության իրականացումը ցանկալի է, որպեսզի հենվի հանրային բաց քննարկումների, պրակտիկայի համակողմանի վերլուծության, շահագրգիռ անձանցից ու կազմակերպություններից ստացված առաջարկությունների վրա:

Մյուս կողմից, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33.1. հոդվածը (Համայնքի ղեկավարի գործունեությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում) տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում համայնքի ղեկավարի համար ամրագրում է հետեւյալ պարտադիր լիազորությունը. «Կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական եւ ենթաօրենսդրական կարեւորագույն նախաձեռնությունների եւ նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի եւ տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու եւ ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը եւ ներկայացումը նախաձեռնությունների եւ նախագծերի հեղինակներին» (3-րդ կետ):

«Քաղաքաշինության բնագավառում ստեղծված իրավիճակը քննարկելու, լուծումներ փնտրելու եւ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերը լրացուցիչ պայմաններով համալրելու հրամայականը պահանջում են Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ջանքերի մեկտեղում եւ լիազորությունների համատեղ իրականացում:

Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի (Հանրաքվե նշանակելը, լսումներ անցկացնելը) 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33.1. հոդվածի 3-րդ կետով, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դիմում է Ձեզ՝ Երեւանի ավագանու N45-Ն որոշմամբ սահմանված կարգով հրավիրել հանրային լսումներ՝ ապահովելով դրանց վիճահարույց հասցեների բողոքող քաղաքացիական խմբերի, կառուցապատողների ներկայացուցիչների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, պատկան կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը»,-ասված է նամակում:

 Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930