Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի օրինակը «սեւ սրտի մխիթարանք» չէ

Նոյեմբեր 16,2013 14:45

Մենք կարող ենք այնպիսի լուրջ խնդիրների առջեւ կանգնել, ինչը չի սպառնում Ուկրաինային

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումից հետո ինտենսիվացան խոսակցություններն այն մասին, թե Ուկրաինան կարող է հրաժարվել ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։

Նոյեմբերի 18-ին ԵՄ-ն որոշում է կայացնելու Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի է ունենալու ԵՄ-ի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ նախատեսված է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ համաձայնագրի ստորագրումը:

Սակայն օրեր առաջ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հրապարակեց Ուկրաինայի մի քանի ազդեցիկ գործարարների նամակը Վիկտոր Յանուկովիչին, որտեղ նրանք խնդրում են մեկ տարով հետաձգել ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Նամակում նշվել էր, թե արդյունաբերողները մեծ խնդիրներ կունենան ՌԴ-ի հետ, ուր նրանք իրացնում են իրենց արտադրանքի կեսից ավելին, արտահանումը կկանգնի լուրջ սահմանափակումների առաջ:

Ուշագրավ տեղեկություն տարածվեց այն մասին, թե ձերբակալվել է նաեւ նախկին վարչապետ, ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն, եւ այժմ պարզ չէ, թե արդյոք Տիմոշենկոյին կուղարկե՞ն Գերմանիա՝ բուժման, մինչդեռ սա ԵՄ-ի պայմանն էր Ուկրաինայի իշխանության առաջ: Տիմոշենկոն օրերս հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար, եւ որ պետք չէ թույլ տալ, որ Յանուկովիչի անձնական ֆոբիաները դառնան այդ գործընթացի խոչընդոտը: Փորձագետների համոզմամբ՝ Յանուկովիչը նահանջում է՝ պարզապես դեմքը փրկելու համար, այդ նահանջը մատուցվում է գործարարների խնդրանքով: ZN.UA-ի փոխանցմամբ՝ Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը շարունակում է մնալ չլուծված՝ կապված ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ: Այս մասին «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ ԱՄՆ սենատում անցկացված լսումներում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը: Վերջինիս խոսքերով՝ Ուկրաինան Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացում ընդունել է 18 օրինագիծ, որոնք երկիրը մոտեցնում են Եվրոպային, սակայն՝ «Ուկրաինան դեռ պետք է կատարի երեք կարեւոր բարեփոխիչ քայլ՝ իրավապահ օրենսդրության բարեփոխումը, ընտրական օրենսդրության բարեփոխումը եւ բուժում ստանալու նպատակով բանտից Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելը»:

Ուկրաինայից, մինչդեռ, սկսել են հուսահատ տոնայնությամբ հայտարարություններ հնչել: Ինչպես հաղորդեց REGNUM-ը՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը նոյեմբերի 13-ին նշել է, թե Ուկրաինան չի կարող հրաժարվել ՌԴ-ի հետ համագործակցությունից. «Ցանկանում եմ, որպեսզի բոլորն Ուկրաինայում գիտակցեն՝ մեզ ոչ ոք չի առաջարկել ու չի առաջարկի այդ շուկայի կորստի դիմաց փոխհատուցում: Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալու, որպեսզի փակվեն ձեռնարկություններ, որպեսզի մեր մարդիկ մնան առանց աշխատավարձի եւ թոշակի»: Ազարովը նշել էր, որ Կիեւի համար ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը մնում է թիվ մեկ խնդիրը: «Իշխանությունները կիսում են ձեռնարկատերերի եւ արհմիությունների խորը անհանգստությունը հնարավոր աշխատատեղերի կորստի մասին: Սա մեր իշխանությունների ուղղակի պատասխանատվությունն է եւ Ուկրաինայի տնտեսությանը ուժեղ հարված է… Սրան ավելացրեք նաեւ գազի եւ նավթի չափազանց բարձր գները»,- հավելել է նա: Վարչապետի խոսքով՝ Յանուկովիչը հրամայել է կառավարությանը արագացնել ՄՄ-ի հետ մաքսային եւ տեխնիկական խնդիրները, եւ որ Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիան եւ եվրոպացի պաշտոնյաները արդեն դիտարկում են Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետաձգումը 2014թ. կամ նույնիսկ ավելի ուշ: «Վերջին շրջանում զգալիորեն նվազել է ուկրաինական ապրանքների պահանջարկը, ինչն առաջին հերթին վերաբերում է ռուսական շուկային: Անկումը զգալի է՝ մեկ քառորդի չափով: Մեզ ոչ ոք չի փոխհատուցի ռուսական շուկայում կրած կորուստները: ՌԴ-ն հրաժարվում է ուկրաինական ապրանքներից»,- ասել էր Ազարովը:

Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կվասնեւսկին էլ երկու օր առաջ կանխատեսեց, որ եթե Վիլնյուսում չստորագրվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագիրը, ապա այդ հարցը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով: Նա ընդգծել է, որ հետաձգման դեպքում առաջիկա 2 տարվա ընթացքում հաստատապես ոչ ոք չի զբաղվի տվյալ հարցով՝ հավելելով, որ 2014-ին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի ընտրությունները, ապա՝ նոր Եվրահանձնաժողովի ընտրությունները, իսկ 2015-ին Ուկրաինայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Կվասնեւսկու կարծիքով՝ ՌԴ-ն մեծ սխալ է գործում՝ Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին տնտեսական ճնշումներ գործադրելով Ուկրաինայի նկատմամբ. «Այն շրջափակումը, որը նա իրականացնում է ուկրաինական արտահանման դեմ, իր բացասական հետեւանքներն է թողնում ուկրաինացիների կարծիքի վրա, անգամ նրանց մոտ, ովքեր լավ են տրամադրված ՌԴ-ի հանդեպ»:

Մինչ Եվրախորհրդարանի դիտորդների մի մասը դեռ հույս ունի, թե Ուկրաինան, այնուամենայնիվ, կարող է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, եվրոպական բանկերը լքում են ուկրաինական շուկան: Ինչպես տեղեկացնում էր MIGnews-ը, այս մասին հայտարարել է «Ուկրաինա. ներդրումային կապիտալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գոնտարեւը Ադամ Սմիթի անվան ինստիտուտի ամենամյա համաժողովում: Եվրոպական բանկերի հեռացումը, թերեւս, նշանակում է, որ այս երկրի եվրաինտեգրման հետ կապված հույսերը չեն արդարանում:

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին անդրադառնալով Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրման խնդրին՝ նկատել է, որ ներկայումս շատ ավելի քիչ մասն է լավատեսորեն տրամադրված տվյալ հարցի նկատմամբ, քան սրանից շաբաթներ առաջ: Միաժամանակ նա նշել է, որ չի կորցնում հույսը՝ գտնելով, որ ԵՄ-ն պետք է Ուկրաինային դրդի կատարել Ասոցացման համաձայնագրի բոլոր պայմանները.

Սեպտեմբերի 3-ից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը գնում է Եվրասիական ինտեգրման ճանապարհով, իսկ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հօդս է ցնդում, այժմ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին Հայաստանում առավել մեծ ուշադրությամբ են հետեւում: Մարդկանց մի խումբ, կարծես, մխիթարվում է, թե՝ եթե Ուկրաինայի մասշտաբի պետության հետ ՌԴ-ն այսպես է վարվում, փոքրիկ Հայաստանը կարո՞ղ էր հակազդել կամ դիմադրել ռուսական ճնշումներին… Մյուս մասն էլ վստահ է, որ միեւնույն է՝ ռուսական կոշտ քաղաքականությունը, տնտեսական տեռորը չի կարող երկար շարունակվել 21-րդ դարում, քանի որ հենց ՌԴ-ն լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, եւ որ նախկին խորհրդային հանրապետությունները միեւնույն է՝ յուրաքանչյուրն իր ճանապարհն է անցնելու:

Ուկրաինայի օրինակով մխիթարվել չարժե, որովհետեւ լինելով փոքր երկիր ու ունենալով այսօր արտագաղթի հսկայական չափեր՝ մենք ապագայում կարող ենք այնպիսի լուրջ խնդիրների առջեւ կանգնել, ինչը չի սպառնում Ուկրաինային: Երկիրը դարձնելով ընդամենը ռուսական հետաքրքրությունների տարածք՝ արդեն ի՞նչ տարբերություն, թե Ռուսաստանն այլ երկրների հետ ինչ լեզվով է խոսում…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930