Լրահոս
Օրվա լրահոսը

Երգահան Հասմիկ Մանասերյանը եւ «Առավոտ» օրաթերթը երկրորդ ատյանում էլ հաղթեցին

Նոյեմբեր 21,2013 16:45

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահող դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ, քննելով Սեդրակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, այն բավարարեց մասնակի: Սեդրակ Հովհաննիսյանից հօգուտ պետբյուջեի 30.000 դրամը բռնագանձելու մասով դատարանը բեկանեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2013թ. վճիռը:

Ի դեպ, Սեդրակ Հովհաննիսյանը ընդդեմ երգահան Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ վիճարկում էր օրաթերթի առաջին էջում իր վերաբերյալ հրապարակվածը՝ «վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները» եւ պահանջում էր պարտավորեցնել հերքել, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը հատուցել:

Վիրավորանքի համար Սեդրակ Հովհաննիսյանը պահանջում էր փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1 մլն դրամ, իսկ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով՝ կես մլն դրամ, նա պահանջում էր որպես զրպարտանքի համար գումար: Ի դեպ, փաստաբանի վարձատրության գումարը նա գնահատել էր 120.000 դրամ:

Այս տարվա փետրվարի 14-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր «Հայցվորի փաստաբանը Հ. Մանասերյանին գրագող անվանեց, իսկ Հ. Մանասերյանը հայցվորին՝ «խելքը գցած» հոդվածը:

Ըստ կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանի, վիրավորական են եղել հետեւյալ արտահայտությունները. «նա դատը չի շահել, շահելու դատ չի ընդհանրապես, ամոթ է, որ ինքն այդպիսի բան է անում: Ինձ թվում է՝ մեծ մարդ է, խելքը գցել է, չարժե նրա խելքին ընկնել»:

Ի դեպ, նույն հրապարակման մեջ երգահանի որդին՝ Աշոտ Հովնանյանը, որը նույնպես այսօր գտնվում էր դատարանում, ըստ հայցվորի՝ զրպարտել էր իրեն, ասելով՝ «էդ խնդիրն ինքն է բարձրացրել, մի 6 ամիս առաջ եկավ մեր տուն, ասաց, որ Հասմիկ Մանասերյանի երգերը շատ է սիրում, հետո տեսավ մայրը համեստ կին է, մտածեց՝ արի երգերը ձեռքից գողանամ»:

Հասմիկ Մանասերյանի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը իր բողոքում նշել էր, որ Մանասերյանի եւ նրա որդու կողմից կատարված արտահայտությունները պետք է դիտարկել տպագրված նյութի ամբողջական համատեքստում, հաշվի առնելով Մանասերյանի նկատմամբ Սեդրակ Հովհաննիսյանի վարքագիծը, նրա վերաբերյալ կատարված գործողությունները եւ արտահայտությունները:

Սեդրակ Հովհաննիսյանը հանդես է գալիս հայտարարություններով, թե ինքն է «Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ, սիրելիս, պետք չէ», «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս»… ստեղծագործությունների մեղեդիների հեղինակը եւ դրանց հեղինակային իրավունքը ճանաչելու պահանջով դիմել է անգամ դատարան: Սեդրակ Հովհաննիսյանը անվանում է Հասմիկ Մանասերյանին գրագող:

Այսօր Սեդրակ Հովհաննիսյանն էլ էր մասնակցում վճռի հրապարակմանը: Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարելով Սեդրակ Հովհաննիսյանի բողոքը՝ պետտուրքից ազատելով, հաշվի առավ այն, որ Ս. Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, հայտնելով, որ չի աշխատում, կենսաթոշակառու է եւ խնդրել էր ազատել պետտուրքի վճարումից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հետաքրքիր է:Իսկ ինձ թվում էր,թե դատն ավարտվել է….Բավականին ժամանակ առաջ ինձ դիմել էր տ.Հասմիկի որդին(էլ.փոստով),որ ես նամակով հաստատեմ վերոհիշյալ անվանված երգերի հեղինակության,Հասմիկ Մանասերյանին պատկանելը:Բանը դրանումն էր,որ դեռ 1964թվին Հանքավանի «Արաքս»ճամբարում, ուր աշխատում էի որպես ակկորդեոնահար, աշխատում էր նաեւ Հասմիկը:Նոտաներ չգիտեր,բայց ստեղծագործում էր:Ես մեկ առ մեկ գրի առա նրա երգերը: Հետո,ճամբարային շրջանը ավարտվելուց ետ,երբ վերադարձանք Երեւան , գործիքավորեցի դրանք կինո-թատրոն«Հայրենիք»ում աշխատող երաժշտական համույթի համար(այն ժամանակներում ֆիլմերի ցուցադրումից 20 րոպե առաջ երաժիշտները ելույթ էին ունենում հանդիսատեսների համար):Հասմիկի երգերը շատ հանրամատչելի էին,երգում էին ամենուր…:Նամակ հաստատագիրը ուղարկեցի Երեւան,Հասմիկի որդուն:Որոշ ժամանակ անց իմացա,որ դատը շահել են,որի համար եւ շնորհավորեցի նրանց:Դատից հետո, մի անգամ լսեցի հաղորդում Հասմիկի մասին«Երգ երգոց»հեռուստածրագրով,իր իսկ ներկայությամբ:Անկեղծ ասած,կարծում էի,որ իր հուշերի մեջ Հասմիկը ինձ էլ կհիշեր…Ցանկանում եմ նրան հաջողություն:Իսկ երգերը իրոք իրենն են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930