Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն այս ամիս միլիոններ է ծախսել կոնյակների, ավիատոմսերի ու տրանսպորտային ծառայությունների համար

Նոյեմբեր 25,2013 21:51

Կառավարության անդամները առիթը բաց չեն թողնում հպարտանալու համար, որ գոնե պետական գնումների առումով թափանցիկ են գործում, քանի որ մեկ անձից կատարվող գնումները հրապարակային են եւ դրանց կարելի է ծանոթանալ կառավարության կայքէջում: Այլ հարց է, թե  հարկատուների գումարներն արդյո՞ք տեղին են ծախսվում:

Օրինակ` կառավարության կայքէջի  մեկ անձից կատարվող գնումներ բաժինը ուսումնասիրելուց պարզվում է, որ արտաքին գործերի նախարարությունը կարելի է ասել` բավականին թանկարժեք գնումներն է կատարում: Թե որքանով է հաջողված ԱԳՆ-ի քաղաքականությունը միջազգային ասպարեզում, թերեւս փորձագետները կարող են գնահատական տալ, բայց որ միլիոններ են ծախսվում կոնյակների, ավիատոմսերի ձեռք բերման եւ պատվիրակություններ ընդունելու եւ  հյուրասիրությունների վրա, փաստում է համապատասխան կայքէջը:

Ըստ մեկ անձից կատարվող գնումների, ԱԳՆ-ն միայն 2 միլիոն 563 հազար դրամի կոնյակներ ձեռք բերելու համար նոյեմբերի 7-ին պայմանագիր է կնքել «Արտէքսիմ» ընկերության հետ: Բացի միլիոնանոց կոնյակների, այս ամիս ԱԳՆ-ն եւս կոնյակներ ձեռք բերելու համար մի անգամ մեկ անձից գնում է կատարել 288 հազար դրամի, մեկ անգամ էլ`24 հազար դրամի: Իսկ ավիատոմսեր ձեռք բերելու համար արտաքին գործերի նախարարությունը մոտ 5 միլիոն դրամի ծախս է կատարել: Այս նախարարությունը միջազգային պատվիրակություններ ընդունելու համար էլ քիչ ծախսեր չի կատարում, ինչը վկայում է այն մասին, որ մեր հյուրերին պատշաճ ընդունելություն եւ բարձրակարգ հյուրանոցներ ենք տրամադրում: Օրինակ` այս ամիս ԱԳՆ-ն հյուրանոցային ծառայությունների մատուցման համար մի անգամ 1 միլիոն 372 հազար դրամ է ծախսել, մի անգամ էլ` 638 հազար դրամ եւ կրկին այս ամիս մեկ անգամ էլ 807 հազար դրամ է ծախսել  հյուրանոցում օտարերկրյա հյուրերին «տեղավորելու»: Այս ամիս ԱԳՆ-ի տրանսպորտային ծառայություններն էլ 1 միլիոն դրամը գերազանցել են:

Իսկ պաշտոնական ճաշերի համար ԱԳՆ-ի ծախսերը չեն գերազանցել 1 միլիոն դրամը:

Այս ամիս մի դեպքում այս գերատեսչությունը ծախսել է ընդամենը մոտ 24 հազար դրամ, մեկ այլ դեպքում 143 հազար դրամ, ապա` մոտ 67 հազար դրամ, մեկ այլ անգամ` 355 հազար դրամ, նույն ամսում մի անգամ էլ` 221 հազար դրամի ծախսեր է կատարել:

Արտաքին գործերի նախարարությունն այս ամիս մեկ անձից կատարվող գնումների միջոցով 1 ծաղկեպսակի եւ 16 հատ մեխակի համար վճարել է մոտ 85 հազար դրամ:  Արտգործնախարարությունը նոյեմբերին մոտ 989 հազար դրամ էլ ծախսել է գրասենյակային մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների համար: Այս նախարարության այս ամսվա ամենաէժան ծախսը 9,500 դրամի գնումն է, որը վճարել է «Զվարթնոց» օդանավակայանին պաշտոնական պատվիրակության սրահում 3 հյուրի ընդունելու ու ճանապարհելու համար: Այս նույն սրահում ԱԳՆ-ն մեկ այլ պատվիրակություն դիմավորելու եւ ճանապարհելու համար ծախսել է 25,500 դրամ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930