Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկան փոքր ու մեծ դերեր, կան լավ եւ վատ դերասաններ»

Նոյեմբեր 30,2013 14:20

Դեկտեմբերի 4-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը, մեծանուն երգիչ, ով արժանապատիվ տեղ ունի հայ օպերային արվեստի պատմության մեջ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ստեղծագործել են երաժշտական արվեստի երախտավորներ` երգիչ-երգչուհիներ Հայկանուշ Դանիելյանը, Շարա Տալյանը, Պավել Լիսիցյանը, Միհրան Երկաթը, Գոհար Գասպարյանը, Տաթեւիկ Սազանդարյանը եւ ուրիշներ, ովքեր համընդհանուրի ճանաչման են հասցրել հայ երաժշտական արվեստը:

Այս անվանի արվեստագետներից անբաժան է Նար Հովհաննիսյանի անունը: Դերասանական անսպառ տաղանդը, զուսպ, առնական խաղը եւ հարուստ երանգներով ձայնը հնարավորություն են տվել նրան կերտել երաժշտական-բեմական տպավորիչ կերպարներ` Դավիթ- Բեկ (Ա.Տիգրանյան «Դավիթ-Բեկ»), Նադիր շահ (Ալ. Սպենդիարյան «Ալմաստ»), Ներսես, Հոր-հոր աղա (Տ.Չուղաջյան «Արշակ Երկրորդ», «Լեբլեբիջի»), Կոչուբեյ (Պ. Չայկովսկի «Մազեպա»), Կոնչակ (Բորոդին «Իշխան Իգոր»), Ջրաղացպան (Դարգոմիժսկի «Ջրահարս»), Դոն Բազիլիո (Ռոսսինի «Սեւիլյան սափրիչ»), Ռամֆիս (Վերդի «Աիդա»), Մեֆիստոֆել (Գունո «Ֆաուստ»), Օրովեզ (Բելլինի «Նորմա»), Ցանգալա (Փալիաշվիլի «Դաիսի»), Գրեմին (Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), Ֆիլիպ Երկրորդ (Վերդի «Դոն Կարլոս») եւ շատ ուրիշ դերերգեր, որոնք ջերմ ընդունելության են արժանացել երաժշտասերների կողմից: Ճանաչված արտիստի դերերգերը եւ համերգային ելույթներն ամենուր արժանացել են մամուլի, երաժշտասերների եւ մասնագետների ուշադրությանը: Ներկայացնում ենք անվանի արվեստագետի հետ հարցազրույցը, որը 1986 թ. տպագրվել է «Թատերական Երեւանի» 16-րդ համարում:
– Ձեր հայրը` անվանի արձակագիր Նար-Դոսը սիրո՞ւմ էր երաժշտություն: Գուցե ձեր հայրն է եղել ձեր առաջին ուսուցիչը եւ խորհրդատուն:

– Հայրս շատ լավ երգում էր (փափուկ բարիտոն), հիմնականում, հայկական ժողովրդական երգեր: Նա լսել էր իտալական հայտնի երգիչների, որոնք գալիս էին Թբիլիսի` հյուրախաղերի: Նա ուրախանում էր, որ ես երգում էի: Հայրս եղել է իմ առաջին խորհրդատուն ու ոգեւորողը:

– Հայտնի է, որ ձեր բեմական գործունեությունը սկսել եք Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Թբիլիսիի հայկական մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո դասավանդել եմ Բոգդանովկայի շրջանում: Հիվանդության պատճառով մեկ տարի հետո թողեցի դպրոցը: Հենց այդ ժամանակ էլ թերթում կարդացի, որ Ջ. Փալիաշվիլու անվան օպերային թատրոնը հայտարարում է երգիչների ընդունելություն: Մրցույթը մեծ էր: Ութսուն հոգուց ընդունեցին երկու երգչի, որից մեկը ես էի: Այդ ժամանակվանից սկսվեց իմ ստեղծագործական գործունեությունը: Ընդմիշտ կապվեցի օպերային արվեստի հետ: Ինձ համար մեծ պատիվ էր բեմ դուրս գալ հանրաճանաչ երգիչ Լեւոն Իսեցկու հետ: Սրախոս, կատակասեր մարդ էր, բարի ու երիտասարդների նկատմամբ ուշադիր:

Թատրոնի դիրիժոր Ե. Միկելաձեն, թեեւ հանձնարարում էր երկրորդական դերեր, բայց շատ էր հավանում ինձ: Նրա խորհրդով էլ ընդունվեցի Թբիլիսիի Կոնստանտին Սարաջեւի անվան կոնսերվատորիան (Ե.Վրոնսկու երգեցողության դասարանը):

Կոնսերվատորիան ավարտելուց հետո հայտնի դիրիժոր Ա. Պագովսկին ինձ հրավիրեց Լենինգրադի Կիրովի անվան օպերայում երգելու եւ ինձ ուղարկեց Բորիս Գոդունովի դերերգի տեքստը: Հրավերը սիրով ընդունեցի, բայց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Շատերի նման իմ ցանկությունն էլ կիսատ մնաց, մեկնեցի ռազմաճակատ: Սկզբում սակրավոր էի, հետո դարձա հյուսիսային Կովկասի բանակի անսամբլի մեներգիչ: Եղել եմ տարբեր զորամասերում, մասնակցել Կերչի եւ Սեւաստոպոլի ազատագրմանը: Պարգեւատրվել եմ Հայրենական պատերազմի Երկրորդ աստիճանի եւ բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով:

– Ծանոթանալով Ձեր անցած ստեղծագործական ուղուն, Դուք հիմնական դերերը մարմնավորել եք Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում, ուր ավելի քան 35 տարի ստեղծագործում եք: Կերտել եք երաժշտական-բեմական տասնյակ տպավորիչ կերպարներ (թե գլխավոր, թե էպիզոդիկ): Ո՞րն եք համարում այդ տարիների` Ձեր խաղացած լավագույն դերը:

– Մելիք Փաշաեւը ինձ հրավիրել էր Մոսկվայի Մեծ թատրոն: Հենց նույն օրերին հրավեր էի ստացել նաեւ Երեւանից: Ես գերադասեցի Հայաստանը եւ 1951-ից իմ սիրելի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Լենինի շքանշանակիր օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում եմ: Չեմ սխալվել, որ եկել եմ Երեւան: Թեեւ Մեծ թատրոնում Հայաստանի համար ավելի շատ գործ կկատարեի, բայց, այնուամենայնիվ, եկա Երեւան եւ ուրախ եմ, որ ծառայել եմ իմ ժողովրդին:

Իսկ ինչ վերաբերվում է իմ խաղացած դերերին, չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկը, բոլորն էլ հարազատ են: Տարիների ընթացքում հիմնականում խաղացել եմ գլխավոր դերեր, չեմ խուսափել նաեւ էպիզոդիկ դերերից: Իսկական դերասանը երկրորդական դերերը նույնպես պետք է լուրջ խաղա, կարեւորի այն, գտնի դերի բնորոշ հատկանիշները: Բեմին նվիրված դերասանը պետք է կարողանա էպիզոդիկ դերը այնպես կատարել, որ դասվի գլխավորների շարքը: Կերպարը լիովին բացահայտելու համար որոնել ու փնտրել է պետք` ստեղծելով կենսականորեն հավաստի կերպար: Բեմարվեստում հայտնի ճշմարտություն է, չկան փոքր ու մեծ դերեր, կան լավ եւ վատ դերասաններ:

– Ձեր սիրած կոմպոզիտորները եւ գրողները:

– Իմ համակրելի կոմպոզիտորները շատ են. Ռախմանինով, Չայկովսկի, Մուսորգսկի, Վերդի, Մոցարտ, Բախ, Սպենդիարյան, Չուխաջյան, Տիգրանյան, Բաբաեւ, Խաչատրյան, Բաբաջանյան եւ ուրիշներ: Ինձ, ընդհանրապես, դուր է գալիս մեղեդայնությունը, երգի մեջ` բելկանտո, այսինքն` հաճելի, շարունակելի մեղեդայնությունը: Գրողներից սիրում եմ` Եսենին, Պուշկին, Լերմոնտով, Դոստոեւսկի, Բալզակ: Չեմ ուզում հայ գրողներին թվարկել, բոլորին էլ կարդացել եմ ու այժմ էլ կարդում եմ առանց հագենալու, սկսած Մովսես Խորենացուց եւ Մեծն Նարեկացուց մինչեւ մեր այսօրվա երիտասարդ գրողներին: Սիրում եմ քնարերգությունը, հաճախ ձեռքս եմ վերցնում Դուրյանի, Մեծարենցի, Տերյանի, Շիրազի ու Սեւակի գրքերը, նորից ու նորից կարդում: Հանճարները ժամանակ չեն ճանաչում: Թբիլիսիի հայտնի «Վերնատունը» այսօրվա պես հիշում եմ: Մեր տան ցանկալի հյուրերն էին Թումանյանը, Աղայանը, Ծատուրյանը, Մանանդյանը, Տերյանը, Իսահակյանը, Շանթը, Դեմիրճյանը, Պռոշյանը, Շիրվանզադեն, Բաշինջաղյանը, Գալֆայանը եւ ուրիշներ: Հավաքվում էին մշակույթի գործիչները եւ քննարկում բազմապիսի հարցեր: Զրուցում էին հայ եւ համաշխարհային գրականությունից, որն անցնում էր տաք բանավեճով, անկեղծ ու ջերմ բարեկամական մթնոլորտում:

Զրուցեց ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930