Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ. Հեռուստախաղը ռուսերեն հեռարձակելն ամենեւին օրենքի խախտում չի համարվում. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 12,2013 13:17

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ տեղեկացմամբ, յուրաքանչյուր հեռուստատեսությամբ հեռարձակվող հայրենական արտադրության հաղորդումների 55 տոկոսը պարտադիր պետք է հայերենով լինի, մնացած հաղորդումները կարող են այլալեզու լինել, եթե դրանք հեռարձակվում են ազգային փոքրամասնությունների համար:
Հայաստանում ռուսերենը համարվում է ազգային փոքրամասնությունների լեզու: Ուստի հեռուստախաղը ռուսերեն հեռարձակելն ամենեւին օրենքի խախտում չի համարվում, քանի որ հայրենական արտադրության հայալեզու հաղորդումների ծավալը տոկոսային հարաբերությամբ չի խախտվել:
Ավելին` «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայալեզու հայրենական հաղորդումների թիվը, որոնց մեջ, ի դեպ, կանոնադրությամբ մտնում են նաեւ հայերեն թարգմանված ոչ հայրենական արտադրության հաղորդումները, գերազանցում է 90 տոկոսը, այնպես որ միայն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդաշարը չնչին տոկոս է այդ հաղորդումների շարքում:
Հեռուստառադիոհաղորդումների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է, եւ օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական ու մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսազգային եղանակով, բացառությամբ արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների:
Դ.Մարգարյանը անգամ հիշեցրեց, որ օրենքով հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված եւ նրանց լեզվով հաղորդումներ հեռարձակել: Այդ նկատառումով օտարալեզու հաղորդումների առկայությունը մեր հեռուստաալիքներով ինչ-որ տեղ նաեւ անհրաժեշտություն է:
Տվյալ դեպքում, ըստ Կարեն Քոչարյանի, հեռուստակայանինը նախատեսված է հենց Հայաստանում բնակվող օտարալեզու հեռուստադիտողների` ռուսների, հրեաների, ուկրաինացիների, բելառուսների համար` չնայած «Ժառանգություն» խմբակցության անդամների այն պնդմանը, թե հաղորդումն ամենեւին էլ օտար լսարանի համար չէ:
Ի դեպ, Կարեն Քոչարյանը համոզված է, որ հաղորդման դեմ սկսված արշավը քաղաքական միտում ունի, իսկ լեզուն ընդամենը պատրվակ է, քանի որ, եթե իսկապես լեզվի մասին են մտածում` հայկական հեռուստաալիքներով տարիներ շարունակ ժամերով ռուսալեզու ֆիլմեր են ցուցադրվում` առանց թարգմանության ու յուպիտերի:

… Այդուհանդերձ ինչո՞ւ հնարավոր չէ հեռուստախաղը հայերենով հեռարձակել, ո՞րն է խոչընդոտը: Պարզվում է, որեւէ խոչընդոտ չկա եւ շատ վաղուցվանից հնարավոր էր դրա հայերեն հեռարձակումը, եթե չլիներ մի հանգամանք, որն էլ լուսաբանեց «P-art» ընկերության տնօրենը.
«Ադրբեջանցիները միլիարդներ են ծախսում, որպեսզի իրենց ծաղիկ վաճառողի «իմիջը» ինտելեկտուալ դարձնեն: Նրանք ռուսական էլիտար ակումբում 5-6 գիտակ ունեն, իսկ այդ հաղորդումը մոտ 300-400 մլն լսարան ունի: Դա նշանակում է, որ այդքան մարդու աչքին ադրբեջանցիներն ինտելեկտուալ ազգ են ներկայանում: Իսկ Հայաստանը դեռեւս որեւէ ներկայացուցիչ չունի այդ ակումբում:
Եթե Հայաստանից 2-3 գիտակ ընդգրկվի այնտեղ` դա մեր ինտելեկտուալ հաղթանակը կլինի: Իսկ դրա համար պետք է, որպեսզի մեր մասնակիցներն այդ խաղին ռուսերենով մասնակցեն, քանի որ ռուսաստանյան ակումբից պարբերաբար խմբագիրներ են այցելում Հայաստան` անդամներ ընտրելու համար: Եվ երբ Մոսկվայում կունենանք գոնե 2-3 գիտակ` հաղորդումը հայերեն կհեռարձակվի: Ես դա վաղուց եմ հայտարարել: Իսկ այսօր չգիտես ինչու մեզ քննադատում են»:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031