«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ «Արձակ. լավագույն պատմվածք» մրցույթի մասին
Հրապարակվել են հունիսին մեկնարկած «Գրանիշ» ակումբի եւ «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից երրորդ անգամ անցկացվող «Արձակ. լավագույն պատմվածք» մրցույթի եզրափակիչ փուլ անցած գործերը: Մասնակից 96 գրողի ստեղծագործություններից ժյուրին ընտրել է 21-ը: Այս առիթով մեծ աղմուկ է բարձրացել սոցիալական ցանցերում:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Անցած տարի նույն պատկերն էր, նույն աղմուկը: Ի դեպ, արդարության գործակիցն առավելագույնս բարձրացնելու նկատառումներով՝ այս մրցույթի ժյուրիի անդամները չգիտեին ներկայացված ստեղծագործությունների հեղինակների անունները, այդ մասին գիտեինք միայն երկուսս՝ ես եւ «Գրանիշ» ակումբի նախագահ, բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Մենք էլ շահագրգիռ էինք, որ մրցույթն անցնի օբյեկտիվ, քանի որ փնտրում ենք լավագույն հեղինակներին, որպեսզի նրանց հետ ճանապարհ անցնենք: Ավելին, լավագույններին նպատակ ունենք դուրս բերել միջազգային շուկա: Այս նպատակով էլ մշակույթի նախարարության աջակցությամբ եզրափակիչ փուլում հայտնված գրողների ստեղծագործությունները թարգմանվում են անգլերեն»:
Պարոն Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, չբացառեց, որ ժյուրիի որեւէ անդամ կարող էր ստեղծագործության ոճից կռահել հեղինակին, միեւնույն ժամանակ էլ «արդարացավ», թե հանձնախմբի կազմում իրենք հրավիրել են պրոֆեսիոնալների: Այդ թվում էին գրականագետներ Նարինե Վարդանյանը, Նունե Թորոսյանը, Դավիթ Գյուրջինյանը, Հայկ Համբարձումյանը:
Անդրադառնալով բարձրացված աղմուկին ու նշելով, թե դա սովորական երեւույթ է ցանկացած մրցույթից հետո, Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ դժգոհում է հիմնականում եզրափակիչ չանցած մասնակիցների մեծ մասը. «Մեզ ասում են, որ ժյուրիի անդամներն իրենց ընկերներին են առաջ մղում: Սա այն դեպքում, երբ հանձնախմբի կազմն ամեն տարի փոխվում է, եզրափակիչ փուլ անցած գրողների մեծ մասն էլ երկրորդ կամ երրորդ անգամ է մասնակցում այս մրցույթին: Հավելեմ, որ այս տարի մրցույթով հետաքրքրվող եւ ժյուրիի օբյեկտիվությանը հետեւող ու հաստատող ընթերցողների մեծ բանակ ունենք»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցին փոխանցեցինք այն հեղինակների անունները, որոնց շուրջ հիմնականում պտտվում են խոսակցությունները: Դրանք են՝ Հովիկ Ալեքսանյանը, Նարինե Կրոյանը, ամուսիններ Համբարձում Համբարձումյանն ու Արփի Ոսկանյանը: Այս կապակցությամբ «Անտարեսի» նախագահի խոսքը հակիրճ էր. «Նրանք մեկ տարբերակ ունեն փարատելու իրենց կասկածները. ստեղծագործությունները դրված են «Անտարեսի» կայքում, թող նեղություն կրեն ուշադիր կարդալ, թեկուզ երկրորդ կամ երրորդ անգամ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































Դավիթ Գյուրջինյանը գրականագետ չէ, լեզվաբան է, այն էլ՝ շատ սուբյեկտիվ, չարակամ, ուրիշների մրցանմակներին ու մեդալներին նախանձող…
Իրերը կոչեք իրենց անուններով: Nարինե Վարդանյանը գրականագետ չէ, լեզվաբան է: Դրանք իրենից տարբեր հասկացություններ են:
Եվ հետո. շատ հեղինակների պատմվածքների մեկնաբանությունններում լավ էլ հնչվում են հեղինակների անունները: