Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական տրիոն չկա, ոչ պետականն էլ գերակտիվ է

Հունվար 16,2014 13:30

Հայաստանյան երաժշտական իրականության մեջ գործող երկու դաշնամուրային տրիոներից պետական կարգավիճակ ունեցող «Շելլ»-ը 17 տարեկան է, իսկ Արամ Խաչատրյանի անունը կրող ոչ պետական անսամբլը (լուսանկարում)՝ 15:
«Շելլ» պետական տրիոն վերջին անգամ Երեւանում ելույթ է ունեցել 2012թ. ամռանը, իսկ նույն տարում՝ սեպտեմբերին համերգային շրջագայության մեկնել Կանադա՝ հետեւյալ կազմով. Շուշան Հակոբյան (դաշնամուր), Լիլիթ Զաքարյան (ջութակ): Քանի որ այդ տրիոյում հաճախ փոխվում էին թավջութակահարները, անսամբլը Կանադա մեկնելու նպատակով հրավիրել էր Խաչատրյանի անվան տրիոյի թավջութակահար Կարեն Քոչարյանին: Ներկայումս «Շելլի» Շուշան Հակոբյանը ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում, իսկ Լիլիթ Զաքարյանը՝ Կանադայում: Փաստորեն, այսօր ունենք գործող մեկ՝ Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիո:

Մեծանուն կոմպոզիտորի անունը կրող տրիոն (դաշնակահար՝ Արմինե Գրիգորյան, ջութակահար՝ Կարեն Շահգալդյան, թավջութակահար՝ Կարեն Քոչարյան) անցած Խաչատրյանական տարում «Առավոտի» ոչ ճշգրտված հաշվարկով Հայաստանում եւ արտերկրում թվով ավելի շատ համերգների մասնակցեց, քան պետական որեւէ կամերային կոլեկտիվ: 2013թ. ընթացքում նրանք ՌԴ 30 քաղաքներում ունեցան մենահամերգներ, հանդես եկան Չինաստանում, Չեխիայում, Լիտվայում, կատարեցին անցյալ տարեսկզբին մեզ տված հարցազրույցում իրենց խոսքերով՝ գործունեության տեսադաշտում պահել նաեւ մարզերը: Տրիոն ելույթներ ունեցավ Կապանում, Չարենցավանում, Էջմիածնում, Արցախում: Ավելին, այս կոլեկտիվի ստեղծած «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ երիտասարդ որոշ երաժիշտ կատարողներ արտերկրում մասնակցեցին տարբեր փառատոների, վարպետության դասընթացների, իսկ երեքը մեկնեցին Եվրոպա՝ ուսումը շարունակելու: Անցյալ տարեվերջին Երեւանում կայացած Խաչատրյանական տրիոյի հաշվետու համերգը պատիվ ունեցան բացելու տաղանդավոր պատանիներ Չարենցավանից եւ Վանաձորից:

Խաչատրյանական տրիոյի դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի ջանքերով էլ Երեւանում կազմակերպվեցին միջազգային գիտաժողովներ՝ «Խաչատրյանը եւ արդի աշխարհը» խորագրով, թանգարանի հարուստ արխիվի շնորհիվ հրատարակվեց կոմպոզիտորի «մասնակցությամբ» լուսանկարչական ալբոմ, թանգարանը մասնակցություն ունեցավ նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին՝ ներկայացնելով 20 ֆիլմերից 3-ը, որոնց երաժշտության հեղինակը Խաչատրյանն է, այդ թվում՝ առաջին հայկական հնչյունային «Պեպո» կինոնկարը: Ընդ որում, տուն-թանգարանի տրամադրած նյութերով արտերկրյա ԶԼՄ-ներում, այդ թվում՝ Ճապոնիայի, լույս տեսան մի շարք հոդվածներ, ցուցադրվեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի մասին պատմող տեսանյութեր:

«Առավոտի» հետ զրույցում Արմինե Գրիգորյանը ժպտալով հայտնեց, թե տրիոյի հիմնադրման օրվանից իրենց համար մշտապես Խաչատրյանական տարի է եւ բացառություն չէ 2014-ը: «Ընթացիկ տարվա մեծ շրջագայությունը կսկսվի գարնանը, Գերմանիայի եւ Ռուսաստանի քաղաքներով: Առաջին հերթին կհնչեցնենք կոմպոզիտորի դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի կոնցերտները: Նիժնի Նովգորոդում տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կհնչի Խաչատրյանի «Կոնցերտ-ռապսոդիան», որը գրված է 1964թ., պրեմիերան էլ կայացել է հենց այդ քաղաքում (նախկին Գորկի): Փաստորեն, այս ստեղծագործության կեսդարյա հոբելյանն է, ինչն, անկեղծ ասած, պլանավորված չէր, պարզապես զուգադիպեց»,- ասաց դաշնակահարուհին: Նա հավելեց, որ համագործակցում են գերմանական երկու համերգային կազմակերպությունների հետ. «Ապրիլի 6-ին, օրինակ, տրիոյի մենահամերգը կհեռարձակվի գերմանական ռադիոյով: Գերմանացիների ցանկությամբ տրիոյի ծրագրում պետք է անպայման ընդգրկված լինեն Բաբաջանյանն ու Խաչատրյանը: Բնականաբար կշարունակենք համերգային երթը Հայաստանում, ընդլայնելով մարզային աշխարհագրությունը»: Մեր զրուցակիցը ժպիտով նշեց, որ գերմանական կազմակերպություններից մեկի տնօրեն Քրիստոֆ Բյոնկեի բջջային հեռախոսում տեղ են գտել իրենց մեկնաբանմամբ Բաբաջանյանի տրիոն: Արմինե Գրիգորյանը հայտնեց, որ բանակցություններ են ընթանում բրիտանական մի կազմակերպության հետ՝ Լոնդոնում մինչեւ հունիսի 6-ը՝ Խաչատրյանի ծննդյան օրը, տրիոյի մենահամերգը իրականացնելու համար, որը նվիրված կլինի Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031