Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիներին չեն ապահովագրում (Տեսանյութ)

Հունվար 16,2014 15:15

Ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում անհատ տաքսի մեքենաները: Այսօր այս մասին «Անալիտիկ» ակումբում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանը:

Նրա վստահեցմամբ`եթե նախկինում ապահովագրական ընկերությունները տաքսի մեքենաները բարձր գներով էին ապահովագրում, ապա վերջին 2 շաբաթում հրաժարվում են ընդհանրապես ապահովագրել, ըստ որում, այս ընկերությունները ոչ թե բացահայտ մերժում են, այլ տարբեր անհիմն պատճառաբանություններ են ներկայացնում. «Մեկ ասում են՝ համակարգիչը չի աշխատում, մեկ ասում են` ծրագրային խնդիր կա, ու արդեն 2 շաբաթ է՝ չեն ապահովագրում»:

«Աքիլես» հ/կ-ի  իրավաբանի ներկայացմամբ` մի շարք պատճառներ կան, որ ընկերությունները հրաժարվում են ապահովագրել. «Նախ մեքենաների տեխնիկական զննությունը կրում է ձեւական բնույթ, այսինքն` նախկինում, եթե պատասխանատվության էին ենթարկվում բոլոր այն վարորդները, ովքեր  տեխնիկական զննություն չէին անցնում, եւ կտրոնի վրա չկար կնիք, այժմ այդ հոդվածը հանվեց եւ ձեւական բնույթ է կրում. անգամ 30 տարեկան մեքենան է շահագործվում: Վարորդների հոգեկան եւ առողջական վիճակը`նրանք  ընդհանրապես բժշկական զննություն չեն անցնում` 8 ժամվա փոխարեն, 18 ժամ են աշխատում, տարիքը հաշվի չեն առնում, վերահսկողություն չկա: Եվ այս ամենից ելնելով  էլ ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում մեքենաները»:

Արմինե Մկրտչյանի ներկայացմամբ` երբ ԱՊՊԱ համակարգը ներդրվեց ու բոլոր մեքենաները պետք է ԱՊՊԱ-ով լինեն, ապա ինչու չկա մի վերահսկող մարմին կամ կառավարության որոշում, որը կստիպի ապահովագրական ընկերություններին գոնե որոշակի քանակությամբ տաքսի մեքենաներ ապահովագրել:

Բացի այս, ԱՊՊԱ-ն նաեւ նախատեսում է մեքենաների եւ վարորդների ռիսկերի գնահատում, «բոնուս-մալուս» համակարգ, որով ըստ մեքենաների տարիքի, տեխնիկական վիճակի, ձիաուժի եւ վարորդական պատմությունից ելնելով էլ ապահովագրության գին է սահմանվում, եւ ինչպես Արմինե Մկրտչյանն ասաց` եթե կա այս համակարգը եւ որքան էլ տաքսիները ռիսկային են, ապա ելնելով նշված գործոններից թող գին սահմանեն, բայց գոնե ապահովագրեն:

Իրավաբանի ներկայացմամբ` առանց ԱՊՊԱ կտրոնի վարորդներն  իրավունք ունեն 10 օր մեքենան վարեն, այսինք՝ եթե այս ընթացքում ոլորտի պատասխանատուները որեւէ քայլ չձեռնարկեն, ապա բազմաթիվ տաքսու վարորդներ ուղղակի անգործ կմնան, կամ եթե առանց ԱՊՊԱ-ի աշխատեն, ապա կտուգանվեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031