Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի դասը. «Չի կարելի, հանրությունը ձեզ է լսում» (Տեսանյութ)

Փետրվար 05,2014 18:14

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վկայակոչելով պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ օրենքի դրույթները, նկատեց, որ պետական գույքը, բացառությամբ շարժական գույքի, ենթակա է մասնավորեցման, օտարման, միայն ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո:

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների մասնավորեցման օրենքով «Որոտան ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ն հանվել է մասնավորեցման ծրագրից, իսկ հետո մասնավորեցման ծրագրում չի ընդգրկվել: 2014 թվականի հունվարի 29-ին կառավարությունը կնքեց «Որոտանի» ՀԷԿ-երի համալիրի գույքի առք ու վաճառքի պայմանագիր: Ի՞նչ իրավունքով կառավարությունը օտարել է պետական գույքը»,- հարցրեց պատգամավորը:

Նկատենք, որ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ գնորդը գնել է գույքը 180 միլիոն դոլարով:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հետաքրքրվեց` այդ գումարը մուտք գործելո՞ւ է պետական բյուջե. եթե այո, ապա ինչո՞ւ բյուջեի եկամուտների և ենթադրելի է հնարավոր ծախսերի փոփոխությունը չի ներկայացվում ԱԺ-ի հավանությանը: Եթե այդ գումարը ամբողջությամբ կամ մասնակիորեն չի մուտքագրվելու բյուջե, ապա պատգամավորը հետաքրքրվեց` ո՞ր պետական մարմինների, կամ կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների հաշվին կփոխանցվի այդ գումարը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսպես պատասխանեց. «Կառավարությունն արդյոք, վաճառել է Որոտանի ՓԲԸ –ի բաժնետոմսերը, թե ոչ: Ոչ կառավարությունը ոչինչ չի վաճառել: Կառավարությունը կարող է ունենալ սեփականություն կամ բաժնետոմսերի ձևով, կամ գույքի ձևով: Կառավարությունը չի կարող պետությունը, միաժամանակ նույն գույքի հետ կապված ունենալ և’ բաժնետոմս և ունենա գույք: Գույքը վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն: Այն վաճառել է ոչ թե ողջ գույքը, այլ գույքի մի մասը: Դրա իրավունքը ուներ, որովհետև հստակ սահմանված է, թե ինչը պետք է բերվի և ինչը հաստատվի և այս պարագայում որևէ բաժնետոմս չի վաճառվել: Բաժնետոմսերը ամբողջությամբ մնացել են, բայց ՀէԿ-ի տնօրինումը դեռևս կան մի շարք գույքեր և ինքը շարունակելու է: Եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ «Որոտան» ՓԲԸ-ն դեռևս իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված չի և այդ արժեթղթերը գրանցված են պետության անունով, կարող եք այդ ամբողջը, ըստ էության ներկայացնել: Կառավարությունը չի մասնավորեցվել այս ամբողջը: Կառավարությունն է տնօրինում, տիրապետում պետական սեփականությունը»:

Լեւոն Զուրաբյանը ստիպված էր կրկնել մինչ այդ իր գործընկերների ռեակցիան. «Այն ինչ-որ դուք արեցիք, ուղղակի լիակատար դեմագոգիա է: Որովհետև առաջինը` օրենքում գրված չի՝ արդյոք խոսքը գնում է գույքի մասին, որ տնօրինում է կառավարությունը, թե պետական ձեռնարկությունը: Օրենքում գրված է հստակ մեկ բան, պետական գույքը չի կարող մասնավորեցվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգն է: Անգամ դուք որպես իրավաբան այդ տեքստը չեք ընկալում, ուրեմն գոնե զուտ բովանդակային առումով հասկացեք, որ եթե հնարավոր է օրենքի ձեր ասած մեկնաբանությունը, դա կնշանակեր մի բան, որ փաստորեն ով ինչ ուզեր կաներ: Ցանկացած սեփականություն հնարավոր կլիներ առանց օրենքների, պահպանման, առանց ԱԺ-ի հավանության վաճառել: Դա իսկապես այն է, ինչ անում եք , բայց դա հանցագործություն է, որի համար երբևէ պատասխանատվություն կրելու եք»:

Նախարարը հակադարձեց. «Անհեթեթություն ասել այստեղ , այս բարձր ամբիոնից, որևէ մեկին պատիվ չի բերում: Եվ տարրական իրավաբանական գիտելիքների պակասը որևէ պատգամավորի պատիվ չի բերում: Կարդալը հասկանալն է, եթե դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ տրամաբանություն չկա: Եթե դուք այդ տրամաբանությունը չունեք այդ ամբողջը հասկանալու և ընկալելու համար, եթե դուք այդքան լսելու ունակություն չունեք` ձեր տված հարցի պատասխանը լսելու, ապա, ձեզ ասում եմ` դուք կընկնեք շատ անհեթեթ վիճակում, երբ որ հակառակը կլինի, երբ որ պետությունը ստիպված կլինի մեկ շկաֆ վաճառելու և հանկարծ ձեր թույլտվությունը ստանալ… Եթե ձեր համար կորպորատիվ իրավունքի տարրական, էլեմենտար գիտելիքները ընկալելի չեն… Ի՞նչ է նշանակում ինչ է բաժնետոմս, ի՞նչ է նշանակում բաժնետոմսով ապահովված ապրանք: Եվ մեր երկրի դժբախտությունն է, որ դուք այս ամբիոնից կարող եք նման հարցեր բարձրացնել»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անգամ չդիմացավ այս լեզվակռվին եւ միջամտեց. «Կոչ եմ անում պատգամավորներին և կառավարության անդամներին լինել կոռեկտ, չի կարելի, հանրությունը ձեզ է լսում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728