Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հույս ունեն, որ 85 տարեկան չեն դառնա

Փետրվար 06,2014 14:30

Փոխհատուցում. ո՞ւմ, ե՞րբ

Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում է կատարվում մեր բնակչությանը նախկին խնայողությունների՝ խորհրդային խնայբանկերում մնացած գումարների (ռուբլիների) դիմաց։ Սկզբնական շրջանում այդ փոխհատուցումը տրվում էր սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին, հետո որոշում կայացվեց ընդարձակել փոխհատուցում ստացողների ցանկը՝ ներգրավելով Հայրենական մեծ պատերազմի եւ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին ու էլի մի քանի կատեգորիայի մարդկանց, այդ թվում՝ մինչեւ 1929թ. ծնված մարդկանց:

Ես աննշան անգամ առարկություն չունեմ նշված կատեգորիայի մարդկանց փոխհատուցումը առաջնահերթ վճարելու առնչությամբ, քանի որ մեր կառավարությունն այնքան հարուստ չէ, որպեսզի կարողանա ե՛ւ ՀՀ կառավարության աշխատողների, ե՛ւ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձերը բարձրացնել եւ, միեւնույն ժամանակ, փոխհատուցում կատարել ՀՀ բնակչության բոլոր կատեգորիաներին նույն տարում։ Դրա հետ կապված ինձ անհանգստացնում է մի, ըստ իս, շատ կարեւոր հարց. ՀՀ կառավարությունը ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ընտրել փոխհատուցման համար 85 տարին բոլորած մարդկանց՝ այն պարագայում, երբ այդ նույն կառավարության կողմից մեր բնակչության կյանքի միջին տեւողությունը 78 տարի է։ 78 տարուց ավելի կարող են ապրել հատուկենտ մարդիկ։ Դե, եթե 78 տարուց ավելի ապրողները բացառություններ են, էլ ինչո՞ւ են ընտրվել 85 եւ ավելի տարեցները, որոնց թիվը մի քանի հազարը չի գերազանցի։
Տարօրինակ է նաեւ, որ խնայբանկի ավանդները տիրոջ մահվանից հետո չեն տրվելու նրա սերունդներին։ Մարդիկ, որոնք ԽՍՀՄ տարիներին խնայողություններ էին անում ու գումարներ էին կուտակում, չէին մտածում միայն իրենց անձի մասին, ավելի շատ մտածում էին իրենց սերունդների մասին, նրանց ապագայի, կրթության, քիչ, թե շատ ապահով կյանքի մասին։ Հետեւապես այդ խնայողությունները շատ ավելի պատկանում են մեր սերունդներին, քան մեզ:

Մեկ դիտարկում եւս. կառավարության պատասխանատուները հայտարարում են, որ խնայբանկում խորհրդային ռուբլով ներդրված դրամական ավանդները չեն վերադարձվում, այլ տրամադրվում է ներդրված ավանդների դիմաց դրամական փոխհատուցում, ինչն իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով ավանդատուներին։ Այն, ինչ տրվում է մարդուն իր ներդրած ավանդի դիմաց, ոչ մի դեպքում դրամական օգնություն չի կարող համարվել, չէ՞ որ շատ ավանդ ունեցողները շատ փոխհատուցում են ստանում, իսկ քիչ ավանդ ունեցողները՝ քիչ։ Դա ի՞նչ դրամական օգնություն է։ Օգնություն կարող է համարվել այն, ինչը տրվում է մարդուն, ընտանիքին՝ առանց որեւէ բանի դիմաց, առավել եւս՝ առանց ներդրված ավանդի դիմաց։ Եթե որեւէ մեկը ինձ դրամ է տալիս իմ գույքի կամ այլ դրամի դիմաց, դա ոչ թե օգնություն է, այլ փոխհատուցում։

Հիմա՝ ՀՀ հարգելի կառավարություն եւ Ազգային ժողովի հարգելի մեծամասնություն, դուք այժմ, միգուցե եւ էլի մի քանի տարի, փոխհատուցում եք տալու 85 տարին բոլորած այդ հատուկենտ մարդկանց այն նպատակով, որ 78 տարին բոլորածներից շատ քչերը կհասնեն 85-ի, եւ դրանց խնայողությունները կմնան բանկերում։ Համոզված եմ, որ դուք, եթե անգամ մեծ գումարներ ունեք ԽՍՀՄ-ի ժամանակներից կուտակած, դրա փոխհատուցման կարիքը չունեք։ Բայց գիտե՞ք արդյոք, թե որքան շատ մարդիկ ունեն դրա կարիքը, հատկապես այն մարդիկ, ում տարիքը ձեր որոշած սահմանային տարիքից անց է, որոնք չեն կարողանում կողմնորոշվել, թե ո՞րն է լավը՝ սառչել ցրտի՞ց, թե՞ մեռնել քաղցից: Գազն ու էլեկտրաէներգիան եւ դրանց հետ էլ շատ ու շատ սննդամթերքներ այնքան են թանկացել, որ կարող է կատարվել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։

ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆ
երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728