Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքար-2 է ստացվում». Կարո Եղնուկյան

Փետրվար 10,2014 20:22

Այսօր՝ փետրվարի 10-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ դատավարություն, որի ընթացքում «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը բողոքարկեց իր քրեական գործի կարճման որոշումը:

Դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ արդար անաչառ դատավարության իրավունքը խախտված է, քանի որ դատավորն արգելել էր տեսանկարահանել դատական նիստը.

«Այս գործը սկսվել է եւ փաստերը կատարվել են հենց հանրային հնչեղություն ունեցող իրադարձության արդյունքում, այսինքն՝ ցույցեր, հանրահավաքներ, երթեր անցկացնելու ժամանակ, եւ այս գործի հրապարակային քննությունը ավելի քան ողջամիտ է եւ բխում է հենց գործի հրապարակային քննության շահերից»:

Տիգրան Հայրապետյանը, ներկայացնելով կատարվածը, երբ հոկտեմբերի 15-ին ՝ հանրահավաքի ընթացքում, վնասել են երկու հանրահավաք անցկացնողների մեքենաների անվադողները, որոնցից մեկը պատկանում է Կարո Եղնուկյանին, եւ կտրել են բարձրախոսի լարը.

«Շատ արագ՝ հենց հաղորդումը իրականացվել է, գործի նյութերում պարզ չէ, թե ինչպես, մեզ համար էլ պարզ չէ, թե ինչպես, բայց ինչ-որ առեղծվածային եղանակով շատ արագ հանցագործություն կատարողները միանգամից ներկայացել են վարույթ իրականացնող հետաքննիչի մոտ եւ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ՝ անհասկանալի է, թե ինչպես»:

Փաստաբանը հայտարարեց, որ գործը թերի է քննված կամ ուղղակի նախաքննության պատրանք է ստեղծվել, իսկ իրականում քննություն ընդհանրապես չի իրականացել, քանի որ «փորձագետի եզրակացությունը փորձագետի եզրակացություն չէ, որոշումների հետ  չեն ծանոթացրել, տուժողին չեն ծանոթացրել, անձինք  չեն հարցաքննվել, իսկ հայտնաբերված հանցագործները ո՛չ դրդապատճառ ունեն, ո՛չ շարժառիթ ունեն»: Նա պահանջեց գործը հետ ուղարկել բազմակողմանի օբյեկտիվ քննության:

Փորձագետները գնահատել են անվադողների ընդհանուր արժեքը 100.000 դրամ եւ հայտարարել են, որ հնարավոր չէ նրանց այնպես վերանորոգել, որ նախկին տեսքը ստանան, իսկ, այնուամենայնիվ, վերանորոգելու դեպքում դրանք կարժենան 20.000 դրամ: Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ չի հասկանում, թե այդ փորձագետը ինչի՞ հիման վրա է որոշել, որ անվադողերը արժեն հենց 100.000 դրամ.

«Ի գիտություն ձեզ՝ ամեն անվադողը արժե 250 դոլար՝ 100.000 դրամ մոտավորապես, եւ ես դա կարող եմ ապացուցել, որովհետեւ, փա՜ռք աստծո, այսօր ինտերնետ կա, եւ հենց այդ մոդելը Հայաստանում գոյություն չունի: Փորձագետը պարտավոր էր նշել, թե այդ գինը որտեղի՞ց է ստացել»:

Դատախազ Կարեն Բարսեղյան հայտարարեց, որ բողոքը անհիմն է եւ ենթակա է մերժման, քանի որ կատարվել է բազմակողմանի օբյեկտիվ քննություն: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին:

Կարո Եղնուկյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ միեւնույն ձեւով ուզում են կոծկել հարցը՝ շատ լավ հասկանալով, թե դա ուր է գնում.

«Սա գնում է դեպի Սամվել Ալեքսանյան, որը որոշ մարդկանց հրահանգել է կատարել որոշ արարքներ: Հիմա իրենք ուզում են այդ արարքները խուլիգանական ներկայացնել, նույնիսկ այս դեպքում խուլիգանական էլ չեն ուզում ներկայացնել, որովհետեւ եթե խուլիգանական ներկայացնեն պետք է գոնե 6 ամսով պատժեին, ինչպես որ այն դեզերը վառող երիտասարդներին»:

Նա կարծում է՝ այս գործը արձանագրելով գրանցվում է նաեւ Հայաստանի Հանրապետության դատախազության խայտառակ վիճակը.

«Տեսախցիկի նկարածը, որ ինձ անձամբ ասում է քննիչը, որ տեսել են, թե ով է, հիմա դա դատարան չեն ներկայացնում: Ի՞նչ է եղել՝ չես իմանում, Հարսնաքար-2 է ստացվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728