Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին համակարգիչը ԽՍՀՄ-ում ստեղծել են հայերը

Փետրվար 14,2014 16:10

Փետրվարի 14-ը համարվում է համակարգչային մասնագետի համաշխարհային օրը: Այդ առիթով այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնի հյուրն էր ՀՀ  ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը, որը եղել է Հայաստանում առաջին համակարգիչների ստեղծողներից:

«Այսօր մեր մասնագիտական օրն է, և այդ օրվա կապակցությամբ միշտ վերհիշում ենք այն, ինչ տեղի է ունեցել, ինչպիսի ճանապարհ է անցել Հայաստանում համակարգիչների ստեղծման, շահագործման և տարածման պատմությունը: Այն փորձը, որը Միացյալ Նահանգներում հայտարարվեց և առավելությունները, որ բերում էր համակարգիչը հանրության շրջանում, ստիպեցին, որ ամբողջ Խորհրդային միությունում տարբեր հիմնարկներ, ձեռնարկություններ և Հայաստանում էլ մեր ինստիտուտը ձեռնամուխ լինեն նման աշխատանքների կատարմանը`հետ չմնալու համար ընդհանուր գործընթացից: Կառավարության որոշումով ակադեմիկոս Մերգելյանի նախաձեռնությամբ և օժանդակությամբ ստեղծվեց մեր ինստիտուտը: Նա, լինելով փայլուն մաթեմատիկոս, պատկերացնում էր դա, և կարողացավ համոզել պատկան մարմիններին, որ Հայաստանում նման ասպարեզի բացակայությունը կարող է մեզ առաջընթացից հետ մղել: 1956 թվականին մեր առաջին տնօրենը դարձավ Մերգելյանը, այդ ինստիտուտը հիմնվեց`ունենալով իր առջև մի շարք նպատակներ»,- հիշում է ակադեմիկոսը:

Պրն Քուչուկյանը նշում է, որ սկզբնական շրջանում նախագծի վրա աշխատող անձնակազմը գործնականում չուներ հաշվողական տեխնիկայի նվազագույն փորձ: Սակայն, ինչպես ակադեմիկոսն է ասում, բոլորը եռանդով լցված փորձում էին իրագործել այդ նախագիծը:

«Առաջին համակարգիչը` Արագածը (մենք որոշեցինք, որ պետք է ունենա հայկական անուն), պատրաստվեց 3 տարվա ընթացքում: Բոլորս հպարտ էինք, որ այդպիսի համակարգիչ Հայաստանը կարողացավ պատրաստել: Երիտասարդների վրա պետք է շեշտադրում դնել, եթե նպատակը հստակ է դրվում, և պատվաբեր նպատակ է, ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ աշխատանքը ստացվի: Քանի որ կար որոշակի մրցակցություն, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը, մեզ համար պատվի հարց էր լինել առաջինը: Դրա համար արվեց ամեն ինչ, որպեսզի այդ համակարգիչը լինի առաջատար:» Նա պատմում է, որ նպատակն իրագործելու և առաջինը լինելու համար իրենց անձնակազմն  այդ տարիներին անգամ ինստիտուտում էր գիշերում:

Մերգելյանի անվան ինստիտուտը ստեղծել է նաև մի համակարգ («Արեւ» համակարգչային ծրագիրը), որը նախատեսված է կույր մարդկանց համար: Նման ծրագիր ունի նաև ԱՄՆ-ն:

 Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728