Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարակամ ուժերը» և կառավարության հրաժարականի հարցում ոչ իշխանական ուժերի կոնսենսուսային որոշման բացակայությունը

Փետրվար 21,2014 16:37

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը փակ նիստերի միջոցով քննարկում էին կառավարությանը` մասնավորապես Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու նախագիծը: Այս ուժերի ներկայացուցիչների հայտարարությունից պարզ էր դառնում, որ կոնսենսուսային որոշումը գրեթե կայացված է:Սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը շրջանառության մեջ դնելու նախաձեռնությունից հետո, երբ, ըստ էության, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հետին պլան մղվեց: Սակայն նշենք, որ ԱԺ կանոնակարգը թույլատրում է նույն քառօրյայում քննարկել երկու օրինագծերն էլ:

Ի՞նչ փոխվեց ԱԺ ոչ իշխանական ուժերի մարտավարության մեջ, որ նրանք այդպես էլ մինչև այս պահը չեն կարողանում միասնական որոշման հանգել: Օրինակ, մեկ օր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս առիթով հայտարարել էր,  թե «կառավարությանն անվստահություն հայտնելու պահը «դեռ չի հասունացել»:

Մամուլում լուրեր տարածվեցին նաեւ այն մասին, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցում տարաձայնություններ կան նաեւ ՀԱԿ-ում, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւս դեմ է վարչապետի հրաժարականը պահանջելուն։ Ինչպես նաև կարծիքներ կան, թե կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի հետաձգման գլխավոր մեղավորը «ԲՀԿ-ն է, որտեղ գիտակցում են, որ իշխանությունների հետ սերտաճած ԲՀԿ-ականներին չեն կարող նույնիսկ ծեծելով ստիպել ստորագրել պահանջվող ձեւաթղթի տակ»:

Levon-Zurabyan-1

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`իրո՞ք ՀԱԿ-ում նման տարաձայնություններ կան և ի՞նչն է պատճառը, որ չորս ոչ իշխանական ուժերը չեն կարողանում հանգել կոնսենսուսային որոշման: Նա պատասխանեց. «Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Իրականում բանակցությունները շարունակվում են, և ամեն ինչ նորմալ է»:

Արմեն Ռուստամյանի հայտարարությանը պարոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Ես նման հայտարարության ծանոթ չեմ: Եթե ինքը նման բան է ասել, կարող եք նրան էլ այդ հարցն ուղղել: Ես բանակցությունների ընթացքից նման հետևության չեմ եկել: Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացված է, բանակցությունները գնում են, մնացել է միայն համաձայնության գալ վերջնական տեքստի շուրջ և այն պահի շուրջ, երբ մենք այդ հարցը կբարձրացնենք»:

Urixanyan

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեր հարցին`ինչո՞ւ այդպես էլ չկա ոչ իշխանական ուժերի կոնսենսուսային որոշում կառավարության հրաժարականի շուրջ, այսպես պատասխանեց. «Հարցը քառյակի օրակարգում է, ռազմավարությունը բոլորի մոտ նույնն է, մարտավարական հարցերի շուրջ տեղի են ունենում քննարկումներ, և ըստ համապատասխան որոշումների և քառյակի կողմից որոշվող, այլ ոչ թե քառյակին հրամցվող ժամանակացույցի`կիրականացվեն համապատասխան գործողություններ: Կրկնում եմ` քառյակը ինքն է որոշելու` երբ, ինչ նպատակահարմարության շրջանակներում, ինչ մարտավարությամբ ինչ գործողություններ իրականացնել»:

Մեր հարցին` ինչո՞ւ ժամանակին ԲՀԿ-ն չմիացավ ՀՅԴ-ի` կառավարության հրաժարականի պահանջին, պարոն Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Փաստն այն է, որ հիմա մենք և մնացած ոչ իշխանական ուժերը միասնական այդ դիրքորոշմամբ հանդես ենք եկել»:

«Իշխանությանը սերտաճած ԲՀԿ-ականների» մասին հարցը պարոն Ուրիխանյանը «ոչ կոռեկտ» համարեց ու չմեկնաբանեց:

Իսկ այն ճշտող հարցին, թե ինչո՞ւ էին կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ քննարկումները գաղտնի ընթանում, Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Որ չարակամ և հակառակորդ ուժերը խանգարող գործողություններ չիրականացնեին»: Պարոն Ուրիխանյանը չցանկացավ փակագծեր բացել ու նշել, թե որոնք են այդ «չարակամ ուժերը»` պատճառաբանելով, թե հատուկ դա թողնում է առանց մեկնաբանության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728