Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում

Մարտ 03,2014 16:58

Մարտի 3-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց հանրապետությունում համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության մոտեցումները:

Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն ընտրել է համայնքների խոշորացման վերաբերյալ մոդելները: Մշակվում է հայեցակարգ, որը առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Ստեփան Մարգարյանի տեղեկություններով, համայնքների խոշորացման վերաբերյալ հարցին համայնքապետերի, ինչպես նաեւ տեղական բնակչության կարծիքները միանշանակ չեն. մասնավորապես համայնքապետերը դժգոհություններ ունեն: Իսկ թե ինչ են մտածում այս առնչությամբ համայնքների բնակիչները, ինչ մտահոգություններ ու առաջարկներ ունեն, հանձնաժողովը կփորձի պարզել առաջիկա ամիսներին նախատեսված արտագնա այցերի ընթացքում:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի» փորձագետ Վահան Մովսիսյանը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ կառավարությունում քննարկվող՝ «Փնջային» եւ «Շրջանային» անվանումներն ստացած մոդելները, դրանց առանձնահատկություններն ու միջազգային փորձը, ներդրման արդյունքում սպասվելիք արդյունքները: «Փնջային» մոդելը մատուցվող ծառայությունների քանակի եւ աշխարհագրության ընդլայնումն է, ներկա պահին օրենքով ամրագրված պարտադիր լիազորությունների ամբողջ (հիմնական) ծավալի իրականացումը: «Շրջանային» մոդելը ընդգրկում է «փնջային» խոշորացումն ամբողջությամբ եւ ներառում է մեկ կամ մի քանի փնջեր `հնարավորություն տալով համայնքներին փոխանցելու նոր լիազորություններ: Մոդելների ընտրության ժամանակ հաշվի են առել աշխարհագրական եւ ռելիեֆային յուրահատկությունները: Կառավարությունը այժմ մշակում է փնջային խոշորացման հայեցակարգը, իսկ շրջանային խոշորացումը, ըստ կառավարության, դեռ վաղ է :
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ այս, ինչպես նաեւ այլ հարցերի կապակցությամբ գարնանային նստաշրջանի ընթացքում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ եւ քննարկումներ:

Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի աշխատանքին վերաբերող այլ հարցեր:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31