Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԽ-ն որքան զուգարանի թուղթ, «պոլի փայտ», լվացքի փոշի կօգտագործի

Մարտ 03,2014 18:26

Գերատեսչությունների պետական գնումների անհասկանալի ճոխությունները չեն դադարում զարմացնել: Այս տարվա համար նախատեսված զավեշտալի գնումներից՝ նախագահականի 511 հատ խոհանոցային դանակների գնումից պակաս զավեշտալի չեն  ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համար նախատեսված գնումները:

2014 թվականին ԱԱԽ-ի գնումների ցուցակում ներառված ապրանքների ոչ այնքան գինն է զարմացնում, որքան դրանց ծավալը:

Օրինակ, ԱԱԽ-ն նախատեսել է 2014 թվականին օգտագործել 150 կիլոգրամ էմուլսիա սոսինձ, որի համար պետական բյուջեից 60 հազար դրամ է վճարվելու. 1 կիլոգրամ էմուլսիան, ինչպես նշված է ԱԱԽ-ի գնումների փաստաթղթում, արժե 400 դրամ: 400 հատ էլ, ընդհանուր 120 հազար դրամ արժողության` թղթի, ստվարաթղթի եւ տեքստիլի համար նախատեսված սոսինձ է ձեռք բերվելու:

ԱԱԽ-ին այս տարվա ընթացքում հատակը մաքրելու համար 40 հատ, ժողովրդի լեզվով ասած` պոլի փայտ է հարկավոր. համենայնդեպս գնումների համար ներկայացված իրենց ապրանքների ցանկում նշված է`հատակ մաքրելու ձող, հատը` 750 դրամ, 30 հազար դրամ կհատկացվի 40 հատի համար:

Այդ նույն ցանկում գրված է` ռուլոնով զուգարանի թուղթ, հատը 70 դրամ: ԱԱԽ-ն հաշվարկել է, որ ամբողջ տարվա համար աշխատակազմին անհրաժեշտ կլինի 1500 հատ զուգարանի թուղթ, իսկ ընդհանուր ամբողջ տարվա զուգարանի թղթի համար, պետբյուջեից կվճարվի 105 հազար դրամ:

Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակները մաքրելու համար 2014-ի ընթացքում նախատեսված է ձեռք բերել 50 հատ ավել` 700 դրամանոց, 30 հատ գոգաթիակ` 1100 դրամանոց, այս երկու ապրանքների համար էլ կվճարվի 68 հազար դրամ: 40 կիլոգրամ էլ լվացքի փոշի է ձեռք բերվելու այս գերատեսչության համար: Ընդ որում, գրված ` լվացքի փոշի ձեռքով լվանալու համար, կիլոգրամը`650 դրամ:

144 հազար դրամ էլ, իհարկե պետբյուջեից, կտրամադրվի ԱԱԽ-ի աշխատակազմին ապահովելու օրացույցերի համար նախատեսված 90 հատ պլաստմասե տակդիրներին, 90 հատ էլ սեղանի օրացույց` 67 հազար 500 դրամ արժողության: Նշենք, որ ԱԱԽ-ն ունի 90 աշխատակից. այս մասին Aravot.am-ին փոխանցեցին խորհրդից:

ԱԱԽ-ն, ի տարբերություն Պետեկամուտների կոմիտեի, էժան գրիչներ է ցանկանում ունենալ, սակայն 3 տեսակի 4200 հատ գրիչների համար, որոնցից ամենաթանկը 550 դրամանոցն է, վճարվելու է 380 հազար դրամ: 350 հազար դրամ էլ 1000 հատ գրաֆիտե միջուկով մատիտ է գնվելու ԱԱԽ-ի համար:

Այս տարվա համար նախատեսված ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համար կատարվելիք ծախսերի ցանկից այնպիսի տպավորություն է, կարծես այս գերատեսչությունը հենց նոր է բացվել ու զրոյից սկսում են «շենացնել օջախը»: Ասենք` 60 հատ պլաստմասե դույլ են նախատեսել գնել, ընդհանուր 27 հազար դրամով, 200 հատ աղբամանի համար էլ 150 հազար դրամ կվճարվի, 850 հատ ցերեկային լամպի համար էլ 255 հազար դրամ, կահույքի փայլեցման միջոց` 100 հատ, 65 հազար դրամով, 30 հատ դռան փականներ, 40 հատ էլ սողնակներ, փականների մասեր եւ բանալիներ. այս ամենի համար էլ 147 հազար դրամ կվճարվի:

Ամենաթանկարժեք ծախսերն այս գերատեսչության համար բենզինն է, թուղթն ու անվադողերը:

ԱԱԽ-ին անհրաժեշտ է այս տարի 25 հատ անվադողեր, որոնց համար կվճարվի 1 միլիոն 900 հազար դրամ, գրեթե նույնքան գումար էլ կվճարվի A4 ֆորմատի 1000 տուփ թղթի համար: ԱԱԽ-ի ավտոմեքենաները «պրեմիում» դասի բենզինով լիցքավորելու համար այս տարի անհրաժեշտ կլինի մոտ 20 հազար 900 լիտր բենզին, որի համար պետբյուջեից կվճարվի 9 միլիոն 600 հազար դրամ:

Պետբյուջեից այս գերատեսչության համար մոտ 9 միլիոն դրամ էլ բջջային կապի համար կվճարվի, հանրային հեռախոսային ծառայությունների համար` 6 միլիոն դրամ, 3 միլիոն 657 հազար դրամ` գազի համար, մոտ 15 միլիոն էլ` էլեկտրաէներգիայի վարձը կկազմի:

ԱԱԽ-ն մտածել է նաեւ մակաբույծներից ազատվելու մասին. ընդամենը 51 հազար 300 դրամ կվճարվի ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման ծառայությունների համար:

ԱԱԽ-ի պետգնումներին կարող եք ծանոթանալ այստեղ`

azgayin-anvtxorhurd-1

 

azgayin-anvtxorhurd-2

azgayin-anvtxorhurd-3

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31