Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«500 դանակով նախագահականը պատերազմի է, երեւի, պատրաստվում»

Փետրվար 20,2014 19:02

Այս տարվա համար նախագահականը պատրաստվում է 511 հատ խոհանոցային դանակ գնել` հատը 2000 դրամով, ընդհանուր՝ 1 մլն 22 հազար  դրամի, եւ եւս 10 հատ խոհանոցային դանակ, հատը՝ 2300 դրամով՝ ընդհանուր 23 հազար դրամ արժողությամբ:

Թե նախագահի խոհարարները 521 դանակն ի՞նչ են անելու, Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ամենաճանաչված խոհարարներն էլ զարմանք արտահայտեցին: Նրանց դիտարկմամբ` եթե նախագահականը նույնիսկ 1000-ից ավելի հյուր ունենա, ամենակոպիտ հաշվարկներով 200 դանակն էլ շատ կլինի. սա այն դեպքում, եթե նախագահականի շեֆ-խոհարարը ձեռքի տակ մի  20 օգնական խոհարար էլ ունենա, որոնցից յուրաքանչյուրն աշխատի 10 դանակով:

Ինչպես մեզ հետ զրույցում բացատրեցին խոհարարները, հասարակական սննդի  դեռ խորհրդային նորմատիվներով, ամեն «պոզիցիայի» յուրաքանչյուր խոհարար 3-4 դանակ պետք է օգտագործի. «Ասենք`մսի հետ աշխատողի դանակներն առանձին են, աղցաններինն` առանձին, հացին ու այլ մթերքներին` առանձին: Բայց եթե անգամ տարանջատում ենք մթերքները, 500 հատ դանակը չափազանց շատ է: Ի՞նչ է, շաբաթը մե՞կ են դանակ փոխելու: Կարելի է ենթադրել, որ ասենք կանաչիներից համեմն ուրիշ դանակով են կտրատելու, մաղադանոսն` այլ դանակով: Բայց նույնիսկ աշխարհի ամենաբարձրակարգ ռեստորաններում էդպես չի արվում: Բայց եթե անգամ մեծաքանակ մարդկանց սպասարկման համար է նախատեսված այդ 500 դանակը, միեւնույն է, շատ է»:

Դանակների գինն էլ զարմացրեց խոհարարներին, եթե այլ դեպքերում պետական գնումներում բարձր գներն են զարմացնում, այս դեպքում ցածր գինն է զարմացնում, չնայած, որ, ընդհանուր առմամբ 1 միլիոնից ավելի գումար է տրամադրվելու դրանց համար: «Կան պրոֆեսիոնալ դանակներ, որոնց արժեքը 25-30 հազար դրամից է սկսում: Այսինքն` յուրաքանչյուր իրեն հարգող պրոֆեսիոնալ խոհարար, անպայման իր ձեռքի տակ 30 հազար դրամից էլ թանկ դանակ է ունենում: Այդ 2000 դրամանոց դանակները լուրջ խոհանոցների համար ուղղակի խաղալիք են»:

Մեկ այլ ուշագրավ գնումների է պատրաստվում Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ը նախատեսել է 2014թ. ընթացքում գնել 29 000 դրամ արժողությամբ 12 հատ գելային գրիչ, 1100 դրամանոց՝ 80 հատ եւ 375 դրամանոց՝ 400 հատ գրիչ: 29 000 դրամանոց գրիչները նախատեսված են արարողակարգային միջոցառումների ընթացքում բարձրաստիճան արտասահմանյան հյուրերին, պաշտոնական պատվիրակությունների անդամներին այլ հուշանվերների եւ տպագիր նյութերի հետ միասին նվիրելու նպատակով, իսկ 1100 դրամ արժողությամբ գրիչները կոմիտեի ներքին օգտագործման համար են:

Aravot.am-ի հարցմանը, թե 29 000 հազար դրամանոց գրիչներն ի՞նչ ֆիրմայի են, պատասխանել են, որ հայտնի կլինի գնումների ընթացքում: Մայրաքաղաքի մի շարք խանութներում մեր հարցումներից պարզեցինք, որ բրենդային գրիչները սկսում են 20 հազար դրամից եւ հասնում մինչեւ անգամ մոտ 200 հազար դրամի:

Ինչ վերաբերում է ներքին օգտագործման 1 100 դրամանոց գրիչներին, ապա մեր այն հարցմանը, թե արդյո՞ք դրանք բարձրաստիճան պաշտոնյանների համար են նախատեսված, ՊԵԿ-ից վստահեցրին`«Հասցեականություն ապահովելու համար այդ գրիչները նախատեսվում է պատվիրել հատուկ մակնշումով (ՀՀ ԿԱ ՊԵԿ) եւ դրանք օգտագործվելու են համաժողովների, աշխատաժողովների, խորհրդաժողովների, սեմինարների ժամանակ»:

«Երեւի նախագահականը պատերազմի է պատրաստվում եւ որոշել է զինվել դանակներով, ինչ-որ ճակատամարտ է, ինչ է, կարգին լուրջ թիվ է, 3-4 գումարտակ զինելու համար: Կամ ռեստորան են բացելու նախագահականի տակ, այնտեղ ոսկու հանք էլ կա, մենք էդպես գիտենք, ով գնում է այնտեղ աշխատելու, միլիարդատեր է դառնում»,-Aravot.am-ի հետ զրույցում նախագահականի 500-ից ավելի դանակ գնելու մասին ասաց իրավապաշտպան, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Իսկ ՊԵԿ-ի գնումների մասին, պարոն Բարսեղյանը նկատեց` լուրջ առաջընթաց կա. «ՊԵԿ-ը 2009 թվականին 21 միլիոն դրամ է ծախսել` 20 հատ ժամացույցի համար, որ իր աշխատակիցներին պարգեւատրի:  2,5 տարի շարունակ չէինք կարողանում դատարաններում տեղեկություններ ստանալ, թե ովքեր են այդ բարեխիղճ, փայլուն աշխատողները, որոնց 1 միլիոն դրամանոց ժամացույց են նվիրում: Դատարանը որոշեց, որ ՊԵԿ-ը պիտի  այդ տեղեկությունները տրամադրի, հետո ԴԱՀԿ-ն պիտի պարտադրեր, որ այդ տեղեկությունները տան: Հիմա համեմատում եմ ժամացույցներն ու գրիչները,  ՊԵԿ-ում առաջընթաց կա»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728